Թուրքիայի Հաթայ նահանգում հայկական եկեղեցին ավերակների է վերածվել
Քաղաքականություն
24.08.2026 | 15:55
Թուրքիայի Հաթայ նահանգի Դյորթյոլ շրջանը, որը հայտնի է իր բազմամշակութային պատմությամբ և հարուստ հնագիտական անցյալով, Օզերլի թաղամասում թաքցնում է անտեսված պատմական ժառանգություն: Դեղիրմեն փողոցում գտնվող պատմական հայկական եկեղեցու ավերակները, որի սեփականության կարգավիճակը մնում է անորոշ, պայքարում են ժամանակի, բնական պայմանների և մարդածին ավերածությունների կործանարար ազդեցությանը դիմակայելու համար: Այս մասին ասվում է Agos-ի անդրադարձում։
Նշվում է, որ չնայած շենքի պաշտոնական գրանցված անվանումը դեռևս պարզ չէ, պատմական արխիվային փաստաթղթերը բացահայտում են դրա հոյակապ ու հարուստ անցյալը: Չնայած այսօր անունը պաշտոնապես գրանցված չէ, ըստ Պոլսի Հայոց պատրիարքարանի գրառումների՝ ենթադրվում է, որ այն կարող է լինել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որը կառուցվել է 1877 թվականին Օզերլիում։ Ս. Էփրիկյանի «Պատմական տեքստերի» համաձայն՝ Օզերլին այդ ժամանակ 300 տնային տնտեսություններից (250 հայ, 50 մուսուլման) բաղկացած կենսունակ բնակավայր էր։
Պատմական կառույցի և տարածքի ուսումնասիրության արդյունքում ստացված տվյալների համաձայն՝ շենքի առաստաղը նախ փլուզվել է, հետագայում ծածկվել ժամանակավոր փայտե տանիքով և կղմինդրով, իսկ պատուհանները բետոնե սալերով են շարված, գլխավոր մուտքի մոտ գտնվող պատմական արձանագրությունը նույնպես հեռացվել է։ Եկեղեցու ավերակներն անցյալից մինչև մեր օրերն օգտագործվել են որպես գոմ կամ ախոռ։ Տեղի բնակիչների և մոտակայքում ապրողների վկայությունները հստակ ցույց են տալիս, որ շենքը երկար տարիներ օգտագործվել է որպես այծերի ապաստարան, և դրա կառուցվածքն այդ ընթացքում զգալի վնաս է կրել։
Լրատվամիջոցը նշում է, որ կառույցի պաշտպանության համար ամենակարևոր իրավական և բյուրոկրատական խոչընդոտը դրա սեփականության կարգավիճակն է: Այն փաստը, որ գույքը պաշտոնապես գրանցված է հողային գրանցամատյանում և կադաստրային գրառումներում որպես «խարխուլ շենք և հող», այլ ոչ թե որպես կրոնական կենտրոն կամ պատմական հուշարձան, ենթադրում է, որ կառույցը, հավանաբար, մասնավոր սեփականություն է։
Մշակութային ժառանգության պաշտպանության մասին Թուրքիայի օրենսդրության համաձայն՝ մասնավոր սեփականության մեջ գտնվող նման չգրանցված կամ կասեցված գրանցմամբ կառույցները չեն կարող պաշտպանվել պետության կողմից կամ վերականգնվել տեղական ինքնակառավարման մարմինների կողմից։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

