Սահմանապահ զորքերում ամփոփվել են 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
Քաղաքականություն
21.08.2026 | 14:03
Օգոստոսի 18-ին ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Դավիթ Սանամյանի և սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Գարիկ Մուրադյանի մասնակցությամբ ամփոփվել են 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Ազգային անվտանգության ծառայությունը։
Նշվում է, որ զեկույցներով հանդես են եկել Սահմանապահ զորքերի հրամանատարի տեղակալներ՝ գնդապետ Վ.Մինասյանը, գնդապետ Լ.Սադոյանը, գնդապետ Լ.Կնյազյանը և այլ պաշտոնատար անձինք՝ ներկայացնելով կիսամյակի ընթացքում սահմանապահ զորքերի մարտական պատրաստության, պետական սահմանի պահպանության, զորքերի ծառայության կազմակերպման, զինվորական կարգապահության, ինչպես նաև բարոյահոգեբանական ապահովման ուղղություններով իրականացված աշխատանքները։
«ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալի և Սահմանապահ զորքերի հրամանատարի կողմից հատուկ ուշադրություն է դարձվել արձանագրված թերություններին և բացթողումներին, տրվել են համապատասխան ցուցումներ՝ արձանագրված խնդիրների լուծման, ծառայության արդյունավետության բարձրացման և կարգապահության ամրապնդման ուղղությամբ։ Միաժամանակ քննարկվել են անձնակազմի մասնագիտական պատրաստվածության շարունակական զարգացման վերաբերյալ հարցեր»,- գրված է հաղորդագրության մեջ։
Ամփոփման շրջանակում տեղի է ունեցել նաև պարգևատրման արարողություն։
2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով լավագույն ճանաչված Սահմանապահ զորքերի ստորաբաժանումներին հանձնվել են փոխանցիկ դրոշներ և հավաստագրեր, ծառայության ընթացքում ցուցաբերած բարձր արդյունքների և դրական ձեռքբերումների համար մի շարք զինծառայողներ պարգևատրվել են պատվոգրերով։

