Քյարքին ՀՀ տարածք չէ, Արծվաշենը ՀՀ տարածք է․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
20.08.2026 | 15:29Կառավարության նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Տիգրանաշենի (Քյարքիի) և այլ տարածքների պատկանելությանը՝ հիշեցրեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը սահմանազատումն իրականացնում են 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, որի ընդունման պահին գոյություն ունեցող քարտեզներով են առաջնորդվում։
«Հիմա այդ քարտեզների վրա Արծվաշենը Հայաստանի տարածք է, Քյարքին Հայաստանի տարածք չէ, Բարխուդարլուն Հայաստանի տարածք չի, Յուխարի Ասկիպարան Հայաստանի տարածք չի. սա փաստ է, որի հետ մենք պետք է առնչվենք»,- ասաց նա։
Փաշինյանը նաև նշեց, որ կան տարածքներ, որոնք քարտեզներում և գետնի վրա փոխադարձաբար այլ կերպ են արտահայտված՝ բերելով Ջերմուկի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի օրինակները։ Փաշինյանը բացառեց հարցի լուծումը ռազմական ճանապարհով՝ այն անվանելով «անցյալ և փակված էջ»։
Վարչապետն ընդգծեց, որ 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրով Հայաստանի տարածքը 29,743 քառակուսի կմ է, որտեղ Արծվաշենը ներառված է որպես էքսկլավ, իսկ Հայաստանի տարածքում գտնվող անկլավները ներառված չեն․ «Ոնց էլ անենք սահմանազատումը, Հայաստանի տարածքը պետք է լինի, լինելու է և է 29,743 քառակուսի կիլոմետր»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան

