ԵՄ-ն 2 մլն եվրոյով կաջակցի Հայաստանում օդի որակի վերահսկման համակարգի բարելավմանը
Քաղաքականություն
19.08.2026 | 17:57
Հայաստանում մեկնարկել է «Մաքուր օդ՝ հանուն առողջության և կանաչ աճի Հայաստանում» եռամյա ծրագիրը, որը ԵՄ-ն ֆինանսավորում է 2 մլն եվրոյով։ Նախաձեռնությամբ նախատեսվում է արդիականացնել և ընդլայնել օդի որակի մշտադիտարկման ազգային ցանցը, կատարելագործել օրենսդրական դաշտը և ստեղծել օդի որակի պորտալ ու բջջային հավելված։

«Եվրոպական միությունը (ԵՄ) և Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գործընկերները՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության հետ գործընկերությամբ, այսօր պաշտոնապես մեկնարկեցին «Մաքուր օդ՝ հանուն առողջության և կանաչ աճի Հայաստանում» համատեղ ծրագիրը (EU4Clean Air in Armenia)՝ նոր նախաձեռնություն, որի նպատակն է ամրապնդել Հայաստանի կարողություններն օդի որակի մշտադիտարկման, վերլուծության և կարգավորման ուղղությամբ՝ ի վերջո նպաստելով ավելի առողջ համայնքների և կայուն կանաչ աճի ապահովմանը։
ԵՄ-ի կողմից 2 միլիոն եվրո բյուջեով ֆինանսավորվող ծրագիրը, որին լրացուցիչ ֆինանսական ներդրում են կատարում ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ), ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովը (ՄԱԿ ԵՏՀ) և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), նախատեսված է երեք տարվա համար և համատեղ կիրականացվի ՄԱԶԾ-ի, ՄԱԿ ԵՏՀ-ի, ԱՀԿ-ի և Ավստրիայի շրջակա միջավայրի գործակալության (ԱՇՄԳ) կողմից։
Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Կոնստանտին Սոկուլսկին իր բացման խոսքում նշեց, որ ծրագիրը կարևոր հնարավորություն է ընձեռում ամրապնդելու օդի որակի պահպանության ոլորտում Հայաստանի արձանագրած առաջընթացը՝ օրենսդրական և ինստիտուցիոնալ շրջանակների կատարելագործման ուղղությամբ, միաժամանակ անդրադառնալով դեռևս առկա բացերին։ Նա ընդգծեց, որ ազգային ամուր սեփականության և ՄԱԿ-ի գործընկերների համատեղ փորձագիտական ներուժի շնորհիվ ծրագիրը կնպաստի օդի որակի կառավարման համակարգի ամրապնդմանը, մշտադիտարկման համակարգերի արդիականացմանը, օդի որակի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման և հանրության համար հասանելիության բարելավմանը, ինչպես նաև Հայաստանի կողմից ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (ՀԸԳՀ) ստանձնած պարտավորությունների կատարմանը։
Առաջիկա երեք տարիների ընթացքում ծրագիրը կաջակցի Հայաստանի օդի որակի մշտադիտարկման ազգային ցանցի արդիականացմանն ու ընդլայնմանը, եվրոպական չափանիշներին համապատասխան երկրի օրենսդրական և կարգավորող շրջանակի ամրապնդմանը, ինչպես նաև օդի որակի կառավարման համար պատասխանատու հաստատությունների տեխնիկական կարողությունների զարգացմանը։ Նախաձեռնությունը կնպաստի նաև օդի որակի վերաբերյալ հավաստի տեղեկատվության հանրային հասանելիության բարելավմանը՝ նոր թվային գործիքների, այդ թվում՝ օդի որակի պորտալի և բջջային հավելվածի միջոցով՝ օգնելով քաղաքացիներին կայացնել տեղեկացված որոշումներ և խթանելով ապացույցների վրա հիմնված քաղաքականության մշակումը»,- ասված է UNDP-ի հայաստանյան գրասենյակի տարածած հաղորդագրությունում։

