Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարողանալու դառնալ ԵՄ անդամ․ Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
19.08.2026 | 12:34ԱԺ Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահի պաշտոնում թեկնածու առաջադրված
Արեգա Հովսեփյանը ԱԺ-ում ներկայացրեց Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցության և եվրոպական ստանդարտների ներդրման վերաբերյալ «Ուժեղ Հայաստան»-ի մոտեցումները:
Հովսեփյանը, հղում անելով վերլուծական կենտրոնների տվյալներին, հայտարարեց, որ Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին մոտ ապագայի հարց չէ. «Հայաստանը առնվազն մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ Եվրոպական միության անդամ»:
Նա պարզաբանեց, որ «գործընթացը պահանջում է բարդ բանակցություններ 33 տարբեր գլուխների շուրջ և ԵՄ բոլոր անդամ պետությունների միաձայն համաձայնությունը»: Ըստ նրա՝ միայն օրենքներ ընդունելով հնարավոր չէ դառնալ միության անդամ:
Անդրադառնալով ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ 2025 թվականին ընդունված օրենքին՝ Հովսեփյանն այն որակեց թերի և հակասական. «Այն օրենքը… մեկ տողանոց օրենքը բազմաթիվ տարընթերցումների տեղիք է տալիս»:
Նա մատնանշեց, որ եթե գործադիրի ղեկավարն ստիպված է լինում տարբեր աշխարհաքաղաքական կենտրոններում բացատրություններ տալ օրենքի ընդունման կամ չընդունման վերաբերյալ, ապա գործընթացում առկա է խնդիր:
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան

