Արեգնազ Մանուկյանի և դստեր հանդիպման արգելքի մասին տեղեկություն ենք ուզել իրավապահներից. Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
18.08.2026 | 13:50ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է Արեգնազ Մանուկյանի՝ անչափահաս երեխայի հետ տեսակցելու հարցին։ Նա ասել է, որ քրեական գործի մանրամասներին տեղյակ չէ, սակայն պատրաստվում են հարցը ճշտել իրավապահ համակարգից։
«Ես ընդդիմության հետ կապված հատուկ գործելաոճ չունեմ, որ եթե ընդդիմության ներկայացուցիչ է, նրա հարցերը չբարձրացնենք։ Խոսքը ընդհանրապես կանանց իրավունքների մասին է։ Ինչ վերաբերում է Արեգնազ Մանուկյանին, ես քրեական գործի մանրամասներին տեղյակ չեմ, բայց տեսակցությունների արգելքի հետ կապված հարցով մենք կհետաքրքրվենք իրավապահ համակարգից։ Բոլորը հավասար են օրենքի առաջ, բայց երեխայի հետ տեսակցության հարցը մենք կճշտենք»,- նշել է նա։
ԱԺ հանձնաժողովների նախագահների ընտրության վերաբերյալ ՔՊ պատգամավորն ասել է, որ խմբակցությունը լսում է բոլոր թեկնածուներին և ուսումնասիրում նրանց դիրքորոշումները ոլորտային հարցերի վերաբերյալ։ Վերջնական որոշումը, ըստ նրա, կկայացվի խմբակցության նիստում։
ԱԺ-ում քաղաքական մշակույթի և բարեկրթության վերաբերյալ Մինասյանն ընդգծել է, որ իրենց նպատակն է փոխել խորհրդարանում ձևավորված մթնոլորտը։
«Մեր նպատակն այն է, որ ԱԺ-ն չլինի հասարակության մեջ առկա բևեռացման և ատելության խոսքի հայելին։ Մենք ուզում ենք փոխել այդ մթնոլորտը։ Ինչ վերաբերում է Ալեն Սիմոնյանին, նա ներողություն է խնդրել իր արարքի համար։ Ես չեմ տեսել ընդդիմադիր որևէ գործչի, որը ներողություն խնդրի իր վիրավորական խոսքերի համար։ Բարեկրթությունը թուլության նշան չէ»,- ասել է նա։
Մինասյանը նաև անդրադարձել է կառավարության առաջիկա ծրագրին։ Նրա խոսքով՝ այն հիմնված է լինելու ՔՊ-ի նախընտրական խոստումների վրա, որոնք, ըստ պատգամավորի, իրատեսական են և թվայնացված։
Մանրամասները` տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան

