«Ավելի լավ է չիմանամ՝ տունս ինչ վիճակում է»․ արցախցիները Բաքվից փոխհատուցում են պահանջում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
13.08.2026 | 21:1568-ամյա Էլմիրա Հայրապետյանը, հուզմունքը մի կերպ զսպելով, ցույց է տալիս իր տան՝ ադրբեջանցու կողմից նկարահանված կադրերը․ այս պահին քանդված, թալանված և տակնուվրա է արված այն տունը, որն իր ընտանիքի ուժերով է կառուցել։
«Թողել ենք մենք կոնկրետ երեք տուն՝ լրիվ կապիտալ վերանորոգված, կահավորված, որ պիտի տղաներս ամուսնանային, ապրեին իրենց տներում: Թուրքը մտած՝ ցույց է տալիս, ինքը նկարում է ու հայելու մեջ երևում է իր պատկերը, թե ինչպես է ավերել այդ նոր վերանորոգված տունը»,- պատմում է արցախցի կինը։
Տիկին Էլմիրան ծնվել է Ստեփանակերտում, այնտեղ ապրել մինչև 2023 թվականի սեպտեմբերի 28-ը։ 44-օրյա պատերազմի ժամանակ 5 օրով հարկադրված է եղել լքել հայրենի քաղաքը, հետո վերադարձել է, սակայն 3 տարի անց արդեն ընտանիքով հարկադրված հեռացել են Արցախից։
Չորս անշարժ գույք, վարելահողեր և այգիներ է թողել Արցախում արվեստագետ Արծվիկ Լալայանը։ Հայրական տունը կառուցվել էր դեռևս 1909 թվականին։ Լալայանը ծնվել և մինչև 2020 թվականի հոկտեմբերն ապրել է Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում, հետո տեղափոխվել Ստեփանակերտ և հաստատվել այնտեղ։ Սակայն 2023-ին կրկին մնացել է ձեռնունայն։ Թե ինչքան գույքային վնաս է կրել, Արծվիկը դժվարությամբ է հաշվում։
«Եթե թվերով հաշվենք, ես հիմա կոնկրետ հեկտարներով հողը չգիտեմ, բայց տները, եթե հաշվենք, մի կես միլիոն դոլարի չափ կլինի․ մի երեք տուն, բոլորն էլ իրենց այգիներով, այսինքն՝ տնամերձ հողամասերով։ Ու երեք տուն, եթե էդ գումարայինով մոտավորապես հաշվենք, կլինի մի կես միլիոն դոլարի չափ»,- պատմում է Լալայանը։
Ծնունդով Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղից է քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը։ Նրա ընտանիքին պատկանող առանձնատունը՝ հողամասերով, մնացել է ադրբեջանցիներին․ «Ես կարողացել եմ Google Maps-ով ստուգել, նայել և տեսել, որ մեր տունը, իմ տունը դեռևս կանգուն է։ Բայց, իհարկե, բակը և այլն, և այլն՝ ավերված, քանդված, ձևափոխված վիճակում են»։
Էլմիրա Հայրապետյանի, Արծվիկ Լալայանի և Ստեփան Հասան-Ջալալյանի պատմություններն ընդամենը մի քանի օրինակ են․ նման պատմություններ կարելի է գտնել տասնյակ հազարներով։ Բռնի տեղահանման հետևանքով բազմաթիվ արցախցիներ ոչ միայն հայրենի հողն են կորցրել, այլև այնտեղ տարիներով ստեղծած գույքն ու կապիտալը։ Այսօր նրանցից ոմանց պայքարը տեղափոխվել է միջազգային ատյան․ Ադրբեջանից փոխհատուցման պահանջով դիմել են ՄԻԵԴ։
«Եթե Հայաստանում չեն ուզում, որ այդ հարցն օրակարգում լինի, լուծվի, գուցե միջազգային դատարանում ինչ-որ որոշում կայացվի, չնայած միջազգային դատարանի՝ նույնիսկ Հաագայի դատարանի որոշումներն Ադրբեջանի համար առ ոչինչ են»,- նշում է Հայրապետյանը:
Արցախցի քաղաքագետ Հասան-Ջալալյանը, սակայն, այնքան էլ մեծ հույս չունի, որ Ադրբեջանը մի օր իրենց փոխհատուցում կտրամադրի՝ շեշտելով, որ պետք է ճնշում գործադրել արդյունքի հասնելու համար։
«Սանկցիաներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ։ Օրինակ՝ պատժամիջոցներ կիրառել, տնտեսական պատժամիջոցներ, մասնավորապես։ Օրինակ՝ էմբարգո սահմանել Ադրբեջանից ներմուծվող գազի, նավթի և ընդհանրապես նավթամթերքի առնչությամբ»,- ասում է նա։
44-օրյա պատերազմից և բռնի տեղահանությունից հետո փաստաբան Արա Ղազարյանը, նախ իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի և Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանի կազմակերպությունների հետ միասին, հետո արդեն միայն իր թիմով ավելի քան 800 գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ՝ գույքային իրավունքի, վերադարձի իրավունքի և փոխհատուցման պահանջով։
«Գույքային իրավունքն ամենակարևոր բաղադրիչն է: Դա էլ ունի իր բաղադրիչները. այսինքն՝ եթե հնարավոր չէ վերադառնալ, ապա փոխհատուցում: Դա անհրաժեշտ է՝ Ադրբեջանի պատժելու համար, որ Ադրբեջանը չմտածի, թե հեշտ ու հանգիստ կարողացավ տիրապետել 120 հազար մարդկանց մի քանի տասնյակ հազարի հասնող գույքին: Երրորդ՝ ապագայում, դա կլինի 10, թե 20 տարի հետո, Ադրբեջանին պետք է կանչել իրավական քաղաքական պատասխանատվության»,- նշում է Արա Ղազարյանը:
Այս պահի դրությամբ՝ ևս 900 արցախցի է պատրաստվում գանգատ ներկայացնել ստրասբուրգյան դատարան։ Մինչ այդ, «Google» հարթակի միջոցով փորձում են գտնել իրենց տունը, հասկանալու համար՝ այն դեռ կա՞, թե՞ ոչնչացված է ադրբեջանցիների կողմից։
«Կան մարդիկ, ովքեր դժվարությամբ են գտնում, կան դեպքեր, երբ մարդիկ գտնում են, տեղեկություն չունեն իրենց տան վերաբերյալ, բայց արդեն Google Maps-ի կամ Earth-ի թարմացված տարբերակով տեսնում են հենց այդ պահին, որ իրենց տունը քանդված է, կամ, օրինակ, կան շրջաններ, ինչպես, օրինակ, Շուշին, Ստեփանակերտը, որոշակի շրջաններ՝ Մարտակերտը, Հադրութը, որտեղ տները կամ շենքերը ամբողջությամբ գետնին հավասարեցված են, դրա փոխարեն կառուցել են մզկիթ կամ հիմա այգի է, և շատ դժվար է գտնել այդ վայրը, որտեղ գտնվում էր իրենց գույքը»,- ասում է Արա Ղազարյանի փաստաբանական գրասենյակի փորձագետ Իրինա Ստեփանյանը։
Նրա խոսքով՝ իրենց աշխատանքի ամենածանր հատվածը հենց գույքի որոնումն է, քանի որ շատ դեպքերում մարդիկ իրենց մոտ են տեղեկանում, որ իրենց տունը ոչնչացված է․ «Կան մարդիկ, որոնք անգամ չեն մտնում սոցիալական հարթակներ, չեն փնտրում կոորդինատներ, որպեսզի չտեսնեն՝ տունը քանդվա՞ծ է, թե՞ ոչ։ Իրենց համար ավելի լավ է՝ ընդհանրապես չիմանան, թե ինչ կարգավիճակում է գտնվում տունը, քան մի օր ուղղակի գան և տեսնեն, որ իրենց տունը քանդված է»։
ՄԻԵԴ գանգատում վերադարձի իրավունքից, գույքային և սեփականության իրավունքներից զատ՝ մեկ այլ կարևոր շեշտադրում է կատարվում․ մարդու կապը հայրենիքի հետ։
«Ինչքա՜ն կոմպոնենտներ կա հայրենիքի հետ կապված: Պատմամշակութային այդ կոթողների, այդ արժեքների մատչելիության հարցն է: Դա, իհարկե, նյութական արժեքն է նաև: Ամենակարևորը վերադառնալն է, ընդ որում՝ վերադարձն էլ պետք է լինի անվտանգ, և շարունակաբար պետք է լինի, արժանապատիվ պետք է լինի»,- ասում է Արա Ղազարյանը:
Եվ մինչ անհատ փաստաբաններ և իրավապաշտպաններ փորձում են անհատական գանգատներ ներկայացրել միջազգային ատյաններ՝ ներկայացնելով արցախցիների իրավունքների խախտման դեպքերը, ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրած տարբերակում հստակ առանձնացված է մի կետ, ըստ որի՝ պայմանագրի վերջնական կնքումից հետո կողմերը հրաժարվում են միմյանց դեմ ներկայացված միջազգային հայցերից։
Մանրամասները՝ տեսանյութում։
Ռոզա Վարդանյան

