Հայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ. կասեցվել է դրանց վաճառքը
Հասարակություն
13.08.2026 | 10:51
ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է իրականացրել «Ժորա Գևորգյան Սամվելի» Ա/Ձ-ին (հասցե՝ ք․ Երևան, Զ․ Քանաքեռցու փ․ 121) և «ԱՄՄ» ՍՊԸ-ին (հասցե՝ ք․ Աբովյան, Պիոներական փ․ 1/30) պատկանող առևտրային տարածքներում։
Իրականացված նմուշառման և լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է , որ տնտեսավարողների կողմից իրացվող՝ նկարում պատկերված երեք պլաստմասե խաղալիքների բաղադրության մեջ առկա են երեխաների առողջության համար վտանգավոր նյութեր։
Տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ՝
🔹 արտադրանքի կամ արտադրանքի խմբաքանակի իրացման կասեցման,
🔹 արտադրանքի հետկանչման,
🔹 և արտադրանքի ոչնչացման վերաբերյալ։
Տեսչական մարմինը հորդորում է բոլոր սպառողներին, ովքեր ձեռք են բերել վերոնշյալ խաղալիքները, կապ հաստատել Տեսչական մարմնի հետ և վերադարձնել դրանք՝ երեխաների առողջության հնարավոր վնաս պատճառելու ռիսկից խուսափելու նպատակով։

