Ռուսաստանի երկու խոշորագույն հացահատիկային տերմինալները դադարեցրել են գործունեությունը
Քաղաքականություն
12.08.2026 | 15:33
Ռուսաստանի երկու խոշորագույն հացահատիկային տերմինալները դադարեցրել են գործունեությունն օգոստոսի լույս 12-ի գիշերը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո։ Այս մասին հայտնել են Reuters-ի աղբյուրները:
Նովոռոսիյսկի հացահատիկային տերմինալի սեփականատեր «Դեմետրա Հոլդինգ»-ի ներկայացուցիչը հաստատել է, որ օբյեկտը վնասվել է, սակայն հրաժարվել է լրացուցիչ մեկնաբանություններից։ Նովոռոսիյսկի հացահատիկի վերամշակման գործարանի գլխավոր սեփականատեր «Միացյալ հացահատիկային ընկերություն»-ն «Ինտերֆաքս»-ին հաստատել է, որ գիշերային հարձակման հետևանքով վնասվել է գործարանի ենթակառուցվածքը, սակայն աշխատակիցների շրջանում տուժածներ չկան։
Նշվում է, որ երկու վնասված տերմինալների արտահանման ընդհանուր հզորությունը տարեկան կազմում է 15,6 միլիոն տոննա հացահատիկ։ Այս տերմինալները Ռուսաստանում խոշորագույններից են։
Ռուսաստանն աշխարհում ցորենի առաջատար արտահանողն է։ Ըստ 2025-2026 թվականների գնահատականների՝ ռուսական արտահանումը կազմել է համաշխարհային ցուցանիշի 21%-ը: Ռուսական հացահատիկի մեծ մասն արտահանվում է Սև ծովի նավահանգիստներով, այդ թվում՝ Նովոռոսիյսկով։
Հուլիսին Bloomberg-ը գրել էր, որ Ռուսաստանի իշխանություններն առաջարկել են սուբսիդավորել հացահատիկի երկաթուղային փոխադրումները դեպի Սև ու Բալթիկ ծովերի նավահանգիստներ, քանի որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումները դադարեցրել էին Ազովի ծովի նավահանգիստներից առաքումները: Նույն ամսվա վերջին Reuters-ը հաղորդել էր, որ Սև ծովի երեք ռուսական տերմինալներ, երկուսը՝ Նովոռոսիյսկում, մեկը՝ Թամանում, սահմանափակել են հացահատիկային բեռնատարների ընդունումը՝ նավերի վրա հարձակումների ռիսկի պատճառով։

