Հայաստանը շահագրգռված է Եգիպտոսի հետ հարաբերությունները խորացնելու և զարգացնելու հարցում. ՀՀ նախագահ
Քաղաքականություն
11.08.2026 | 16:06
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Եգիպտոսի ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա կապակցությամբ ընդունել է Հայաստանում Եգիպտոսի արտակարգ և լիազոր դեսպան Ամալ Աֆիֆին։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են քաղաքական, տնտեսական, մշակութային, զբոսաշրջային, կրթական և տեխնոլոգիական ոլորտներում համագործակցությանը, ինչպես նաև հոկտեմբերին Հայաստանում կայանալիք COP17-ին Եգիպտոսի բարձր մակարդակով մասնակցության կարևորությանը։ Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից:
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին և Եգիպտոսի բարեկամ ժողովրդին՝ խնդրելով իր շնորհավորանքները փոխանցել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիին։
«Մեր երկու ժողովուրդների հազարամյա պատմության ընթացքում մենք չենք ունեցել պատմական էջ, որտեղ խնդիրներ են եղել երկու երկրների ժողովուրդների միջև, և սա շատ գնահատելի է։ Գնահատելի է այն առումով, որ մենք անկախությունից հետո լավագույն ավանդույթները շարունակում ենք։ Մեր կառավարությունը, իշխանությունը շահագրգռված է Եգիպտոսի հետ հարաբերությունները խորացնելու, ամրապնդելու և զարգացնելու հարցում»,- մասնավորապես ասել է նախագահը։
Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել նախագահ Խաչատուրյանին ընդունելության և շնորհավորանքի համար։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի և Եգիպտոսի միջև քաղաքական, տնտեսական, մշակութային, զբոսաշրջային և այլ ոլորտներում ձևավորված սերտ համագործակցությանը՝ ընդգծելով դրա հետագա ընդլայնման և նոր ուղղություններով զարգացման կարևորությունը։
Առանձնահատուկ կարևորվել է բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության և կիբերանվտանգության ոլորտներում համագործակցության ներուժը։ Նշվել է, որ այս ուղղություններում փորձի և գիտելիքի փոխանակումը կարող է հիմք դառնալ համատեղ նորարարական ծրագրերի իրականացման և նոր տեխնոլոգիական լուծումների զարգացման համար, նկատի ունենալով նաև այն, որ օրեր առաջ Հայաստանում բացվել է Արհեստական բանականության գործարան։
Կողմերը կարևորել են նաև կրթության և գիտության ոլորտներում համագործակցության խորացումը՝ ընդգծելով գիտակրթական ծրագրերի, ուսանողների, երիտասարդ մասնագետների և գիտնականների փոխանակման ընդլայնման անհրաժեշտությունը։
Բարձր է գնահատվել միջազգային հարթակներում Հայաստանի և Եգիպտոսի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը։ Նշվել է, որ փոխադարձ վստահության վրա հիմնված գործակցությունը կարևոր նշանակություն ունի ինչպես երկու երկրների շահերի առաջմղման, այնպես էլ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար։
Շեշտվել է բարձր մակարդակի փոխայցելությունների կարևորությունը, որոնք լրացուցիչ խթան են հաղորդում քաղաքական երկխոսությանը և նպաստում տնտեսական, գործարար, մշակութային ու զբոսաշրջային կապերի ընդլայնմանը։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև հոկտեմբերին Հայաստանում կայանալիք Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովին՝ COP17-ին։ Նախագահը կարևորել է Եգիպտոսի բարձր մակարդակով մասնակցության ակնկալիքը՝ ընդգծելով, որ համաժողովը կարող է նոր հնարավորություններ ստեղծել նաև Հայաստանի և Եգիպտոսի միջև կլիմայական օրակարգի, կայուն զարգացման, կանաչ տեխնոլոգիաների և նորարարությունների ուղղություններով համագործակցության խորացման համար։

