Միայն TRIPP-ը բավարար չէ, ՀՀ-ին պետք է նաև ելք Միջերկրական ծով և Պարսից ծոց. փորձագետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
11.08.2026 | 14:52«APRI Armenia» վերլուծական կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ փորձագետ Սերգեյ Մելքոնյանը ներկայացրեց կենտրոնի նոր զեկույցը՝ նվիրված տարածաշրջանային կապակցվածությանը և TRIPP նախագծին։ Ըստ փորձագետի՝ նախագիծն ունի ավելի շատ աշխարհաքաղաքական, քան տնտեսական նշանակություն, ինչը հիմնավորվում է կոնկրետ հաշվարկներով։
«Մենք հաշվեցինք, թե ինչքան գումար կարող է Հայաստանը վաստակել, եթե ընդհանուր ապաշրջափակում տեղի ունենա Հարավային Կովկասում և ինչ կփոխվի ֆինանսական տեսանկյունից, եթե միայն TRIPP-ը տեղի ունենա Հայաստանի համար։ Օրինակ, եթե տեղի ունենա միայն TRIPP-ը, ապա Հայաստանի շահը կլինի մոտավորապես տարեկան 23 միլիոն դոլար, որը մեծ թիվ չէ։ Եթե ընդհանուր ապաշրջափակում տեղի ունենա Հարավային Կովկասում, ապա թիվը կաճի մինչև մոտավորապես 388 միլիոն դոլար տարեկան կտրվածքով։ Այսինքն տարբերությունը մոտավորապես 16 անգամ է։ Բայց եթե մենք համեմատում ենք այլ երկրների հետ տարածաշրջանում, օրինակ Ադրբեջանի, այնտեղ այդպիսի տարբերություն չկա։ Օրինակ, TRIPP-ի դեպքում Ադրբեջանը կստանա տարեկան մոտավորապես 230 միլիոն դոլար տարեկան, իսկ ընդհանուր ապաշրջափակումից՝ 329 միլիոն դոլար, այստեղ տարբերությունը մեծ չէ՝ մոտավորապես 1.4 անգամ է։ Հետևաբար մենք գալիս ենք այն եզրակացության, որ Ադրբեջանի համար ընդհանուր ապաշրջափակումը շատ չի տարբերվում TRIPP-ից, իսկ մեզ համար էականորեն տարբերվում է»,- նշեց Մելքոնյանը։
Փորձագետը շեշտեց, որ Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման համար միայն TRIPP-ը բավարար չէ։ Հայաստանին անհրաժեշտ է երկաթգծային կապ դեպի Միջերկրական ծով և Պարսից ծոց, ինչը ենթադրում է բոլոր հաղորդակցությունների բացում.
«Այդ դեպքում անհրաժեշտ է բացել այն այլ հաղորդակցությունները, մասնավորապես երկաթգծի մասին է խոսքը, որը դեռ այսօր օրակարգում չէ։ Բայց նույնիսկ ըստ Վաշինգտոնյան պայմանավորվածության՝ կա «փոխադարձ առավելությունների» մասին բառակապակցությունը, որը նշանակում է, որ եթե TRIPP-ը տեղի է ունենում, ապա այլ ճանապարհներն էլ պիտի բացվեն։ Բայց այս ուղղությամբ դեռ մենք լուրջ քայլեր կամ քաղաքական որոշումներ չենք տեսնում»։
Սերգեյ Մելքոնյանը նաև մտահոգություն հայտնեց հնարավոր սցենարի վերաբերյալ, որտեղ կիրականացվի միայն TRIPP-ը, իսկ մնացած ճանապարհները կա՛մ կմնան փակ, կա՛մ կբացվեն այնպես, որ Ադրբեջանը կարողանա դրանք ցանկացած պահի միակողմանի փակել։ Փորձագետի խոսքով՝ միայն TRIPP-ի շուրջ կենտրոնացումը կարող է լեգիտիմացնել Հայաստանի շրջափակման նոր ձևաչափը, մինչդեռ տարածաշրջանում կան ենթակառուցվածքներ, որոնք կարելի է օգտագործել հենց հիմա՝ առանց սպասելու նոր նախագծերի ավարտին։
Մանրամասները՝ տեսանյութում։

