«Զանգեզուրի միջանցքը» բացվելու դեպքում Ստամբուլից հնարավոր կլինի մեքենայով կամ գնացքով հասնել Բաքու․ այնքան էլ հեռավոր հեռանկար չէ․ Հաջիև
Քաղաքականություն
04.08.2026 | 15:53
Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը թուրքական CNN Turk-ի հետ զրույցում հայտարարել է, թե «Զանգեզուրի միջանցքի» բացումը կստեղծի նոր տրանսպորտային հնարավորություններ Թուրքիայի և Ադրբեջանի միջև։ Հաջիևը նշել է, որ «Ադրբեջանը հասել է իր սեփական սահմաններում ենթակառուցվածքային նախագծերի վերջնական փուլին, Բաքվից մինչև Զանգիլան և Հայաստանի սահման ձգվող ճանապարհային ու երկաթուղային գծերը մոտենում են ավարտին, և որ Նախիջևանում երկաթուղային գծերը նույնպես վերականգնվել են»։
Հիշեցնելով, որ Թուրքիան կառուցում է Կարս-Իգդիր նոր երկաթուղային գիծը, նա նշել է, որ տարածաշրջանում ձևավորվելու է նոր տրանսպորտային հանգույց։
«Եթե Զանգեզուրի միջանցքը բացվի, ապա Ստամբուլից հնարավոր կլինի ավտոմեքենայով կամ գնացքով հասնել մինչև Բաքու։ Սա այնքան էլ հեռավոր հեռանկար չէ։ Ինտենսիվ դիվանագիտական և ենթակառուցվածքային աշխատանքներ են ընթանում»,- ասել է Հաջիևը։
Նրա խոսքով՝ Հայաստանը նույնպես, ԱՄՆ-ի հետ միասին, պարտավորություն է ստանձնել ավարտել շուրջ 42 կիլոմետրանոց բացակա հատվածի շինարարությունը, որի ավարտից հետո ճանապարհորդության և առևտրի նոր հնարավորություններ կստեղծվեն։
Նշելով Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հասնելու կարևորությունը՝ Հաջիևն ասել է, թե Ադրբեջանի և Հայաստանի հարաբերություններում ստեղծվել է խաղաղ իջավայր։ Հիշեցնելով Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը՝ ադրբեջանցի պաշտոնյան նշել է, թե Ադրբեջանի նպատակը համաձայնագիրը միայն թղթի վրա թողնելը չէ։
«Ադրբեջանի նպատակն այս փաստաթղթերը թղթի վրա չթողնելն է, այլ դրանք իրականում և գործնականում կյանքի կոչելը։ Թուրքիայի հետ համակարգված՝ մենք գործում ենք մեր ղեկավարների կողմից սահմանված «ճանապարհային քարտեզի» համաձայն։ Ադրբեջան-Հայաստան և Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացները շարունակվում են զուգահեռաբար»,- հայտարարել է նա։
Միաժամանակ, Հաջիևը դժգոհել է, թե Հայաստանն Ադրբեջանի դիմումով ներկայացրել է որոշ ականապատ դաշտերի քարտեզներ, սակայն դրանք, իբր, չեն համապատասխանում տեղում առկա իրավիճակին։
«Քարտեզների տեղեկատվությունը չի համապատասխանում տեղում ականների գտնվելու վայրերին։ Հետևաբար, մենք ստիպված էինք ամբողջ աշխատանքը կատարել զրոյից»,- նշել է նա։
Հավելենք, որ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք» եզրույթ օգտագործված չէ, կողմերի միջև չկա նման պայմանավորվածություն։ Դրանցում նշվում է «Թրամփի ուղու» (TRIPP) մասին, սակայն Բաքվի քարոզչամեքենան, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գլխավորությամբ, շարունակում է «միջանցք» եզրույթն օգտագործել՝ խեղաթյուրելով ստորագրված փաստաթղթերի բովանդակությունը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

