Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները երկուշաբթի կվերսկսվեն
Քաղաքականություն
03.08.2026 | 11:30
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները երկուշաբթի կվերսկսվեն՝ այն բանից հետո, երբ նա հայտարարել էր, որ չեղյալ է հայտարարել երկրի վրա «զանգվածային հարձակումը», գրում է CNN-ը։
«Նրանք գիտեին հարձակման մասշտաբները, քանի որ կանխատեսում էին, որ այն ձևավորվում է։ Հիմա մենք խոսում ենք նրանց հետ բանակցությունների տեսքով։ Այն սկսվում է վաղը կեսօրին, և մենք կտեսնենք»,- կիրակի լրագրողներին ասել է Թրամփը։
Թրամփը նշել է, որ հարձակումը չեղարկելու խնդրանքով դիմել են դաշնակիցները՝ Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Կատարը, ինչպես նաև Իրանը։
«Մենք պատրաստ էինք, բայց երբ դաշնակիցները խնդրեցին չեղարկել այն, նրանք մեզ ստիպեցին ասել՝ «Դե, տեսնենք»։ Պատճառն այն է, որ նրանք կարծում են՝ գործարք կա։ Հորմուզի շուրջ համաձայնություն կա, կլինի գործարք միջուկային զենքի վերաբերյալ, կամ դուք կարող եք այն անվանել Իրանի ապամիջուկայնացում։ Ես դա անվանում եմ Իրանի ապամիջուկայնացում»,- ասել է Թրամփը։
Սաուդյան Արաբիայի պետական լրատվական գործակալությունը կիրակի հաղորդել էր, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ, որի ընթացքում պնդել է լարվածության թուլացման հարցում։ Ավելի վաղ աղբյուրները CNN-ին հայտնել էին, որ թագաժառանգը հեռախոսազրույցի ընթացքում մտահոգություններ է հայտնել Իրանին հարվածելու ծրագրերի վերաբերյալ։
Դոնալդ Թրամփը հրաժարվել է պատասխանել հարցին՝ արդյո՞ք հարձակումը կհարվածի էներգետիկ թիրախներին, այնուամենայնիվ, շաբաթ Truth Social-ում հրապարակված գրառման մեջ նա ընդգծել էր, որ Միացյալ Նահանգները շարունակում է «պատրաստ լինել Իրանի դեմ մարտի»։
Իրանական պետական լրատվամիջոցները հերքել են, որ Թրամփին խնդրել են դադարեցնել ծրագրված հարձակումները։
«Հիմար Թրամփը սպառել է իր ուժը»,- գրել է կիսապաշտոնական Fars լրատվական գործակալությունը։
Թարգմանությյունը՝ Էմմա Չոբանյանի

