Ալիևն ու Ժապարովը պարգևատրել են միմյանց․ Արցախի Շուշին և Ղրղզստանի Չոլպոն-Աթան քույր քաղաքներ են դարձել
Քաղաքականություն
31.07.2026 | 14:22
Լուրեր
Ղրղզստանի Չոլպոն-Աթա քաղաքում նախագահ Սադիր Ժապարովի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ տեղի է ունեցել երկու երկրների միջպետական խորհրդի 3-րդ նիստը։ Դրանից հետո կողմերը փաստաթղթեր են ստորագրել, այդ թվում՝ դաշնակցային հարաբերությունների մասին պայմանագիր, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ադրբեջանի նախագահը նշել է, որ դաշնակցային հարաբերությունները ենթադրում են մեծ պատասխանատվություն, որը Ադրբեջանն ու Ղրղզստանը պատրաստ են կրել։ Նա ընդգծել է, որ երկրները կշարունակեն աջակցել միմյանց բոլոր ջանքերում՝ թե՛ միջազգային, թե՛ առևտրատնտեսական հարցերում, ինչպես նաև անվտանգության ամրապնդման գործում։
«Դաշնակցային հարաբերությունների մասին պայմանագրի ստորագրումն այսօրվա բանակցությունների կարևոր արդյունքն էր։ Սա իսկապես պատմական իրադարձություն է, որը նշանավորում է ղրղզա-ադրբեջանական համագործակցության նոր փուլ»,- նշել է Ժապարովը։
Ղրղզստանի նախագահն Իլհամ Ալիևին պարգևատրել է Մանաս 1-ին աստիճանի շքանշանով, որը հանրապետության բարձրագույն պետական պարգևն է։ Ի պատասխան՝ Ալիևը Ժապարովին հանձնել է Հեյդար Ալիևի շքանշանը։ Այս բարձրագույն պետական պարգևը շնորհվում է օտարերկրյա առաջնորդներին՝ Ադրբեջանի հետ բարեկամական հարաբերությունների զարգացման և համագործակցության ընդլայնման գործում ունեցած նշանակալի ներդրման համար։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Արցախի հայաթափված Շուշին և Ղրղզստանի Չոլպոն-Աթայը քույր քաղաքներ են դարձել։
Փոխըմբռնման հուշագրեր են ստորագրվել նաև Գաբալա և Կարակոլ, Գյանջա և Օշ քաղաքներեի միջև համագործակցության և որպես քույր քաղաք հարաբերություններ հաստատելու վերաբերյալ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

