Եղոյանը չի վերընտրվել. Սոնա Ղազարյանն է ընտրվել Եվրոինտեգրման հանձնաժողովի նախագահի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
29.07.2026 | 17:31Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը որոշում է կայացրել ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել պատգամավոր Սոնա Ղազարյանի թեկնածությունը։ Լրագրողների հետ զրույցում հանձնաժողովի նախկին նախագահ Արման Եղոյանը նշեց, որ ընտրության գործընթացն անցել է շատ նորմալ մթնոլորտում։
Նա միանշանակ արժանի համարեց Ղազարյանին այդ պատասխանատու պաշտոնում առաջադրվելու համար։ Սոնա Ղազարյանն իր հերթին շեշտեց, որ իրենք Եղոյանի հետ ոչ միայն գործընկերներ են, այլև ուսանողական տարիների ընկերներ և ունեն նույնական պատկերացումներ ու կրթական հենք։
«Մենք միասին ենք աշխատելու։ Իմ գիտելիքները ծառայեցվելու են հանուն Հայաստանի ակտիվ և դինամիկ եվրոպական ինտեգրման գործընթացին»,- նշեց նա։
Անդրադառնալով լրագրողների հարցին, թե ինչու անցած անգամ վարչությունը նրան ձայն չէր տվել, Եղոյանը հորդորեց հարցին դրական տեսանկյունից նայել՝ պարզաբանելով, որ վարչությունը ոչ թե մերժում է ինչ-որ մեկին, այլ պարզապես կայացնում է ընտրություն առաջադրված թեկնածուների միջև։
«Ամեն վարչության անդամ ունի իր սուբյեկտիվ դիրքորոշումը։ Ես ու պարոն Եղոյանն ունեցել ենք մեր ծրագրային ելույթները։ Քանի որ մենք ունենք գրեթե նույնական կրթություն և պատկերացումներ, ձայներն էլ բաշխվել են այնպես, ինչպես բաշխվել են»,- նշեց Ղազարյանը, Եղոյանն էլ հավելեց. «Դա աշխատակարգային հարց է, մենք չպետք է հրապարակենք ձայների քանակը»։
Մանրամասները՝ տեսանյութում։

