Յուրա Մովսիսյան. «Սպերցյանի փոխարեն ես նույն կերպ կվարվեի»
Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանն անդրադարձել է ազգային թիմի ավագ Էդուարդ Սպերցյանի տեղափոխությանը Սաուդյան Արաբիայի առաջնության բրոնզե մեդալակիր «Ալ Ահլի»: 26-ամյա կիսապաշտպանն այս ամիս էր «Կրասնոդարից» տեղափոխվել սաուդյան ակումբ, որը, ըստ Transfermarkt-ի, 21.9 միլիոն եվրո է վճարել տրանսֆերի համար:
«Նրա փոխարեն ես նույն կերպ կվարվեի: Դա ճիշտ ընտրություն էր: Մենք միշտ խոսում ենք Եվրոպայի մասին, սակայն ինչ տարբերություն, թե ինչ ես դու ուզում, եթե չկան իրական առաջարկներ: Երբեմն պետք է երկնքից ցած իջնել: Վստահ եմ՝ կային ակումբներ, որոնք հետաքրքրված էին Սպերցյանով, սակայն նրանք գումար չունեին տրանսֆերի համար: Նա ՌՊԼ-ի լավագույն խաղացողն է: Նոր թիմում 1-2 լավ մրցաշրջանից հետո նա կմեկնի Եվրոպա, հավատացեք ինձ:
Բացի այդ, նրա ընտանիքը ֆինանսապես ապահովված կլինի երկար տարիներ: Դա նույնպես կարևոր գործոն է: Վերջիվերջո, ֆուտբոլիստները ցանկանում են ամեն բան անել իրենց ընտանիքի համար: «Ալ Ահլին» հաղթել է Ասիայի Չեմպիոնների լիգայում: Այնպես որ, ինչո՞ւ չփորձել: Ես երջանիկ եմ Էդուարդի համար: Կարևոր չէ, թե ուր կտեղափոխվի Սպերցյանը, նա ամեն տեղ առանձնանալու է:
Հիմա «Կրասնոդարին» անհրաժեշտ է ևս մեկ հայկական 10 համար: Պետք է փնտրել ակադեմիայում, այնտեղ հաստատ ինչ-որ մեկը կգտնվի»,- Յուրա Մովսիսյանի խոսքը մեջբերում է Sport-express.ru-ն:
Հիշեցնենք, որ Սպերցյանն «Ալ Ահլիի» հետ կնքել է 4 տարվա պայմանագիր։ Ոչ պաշտոնական տվյալներով, հայ ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կկազմի 6 միլիոն եվրո` գումարած բոնուսները։
Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» սան է, գլխավոր թիմում անցկացրել է 185 հանդիպում, դարձել 58 գոլի ու 44 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը 25 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը։

