Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ռյազանում նավթավերամշակման գործարանի և Wildberries-ի պահեստի վրա
Քաղաքականություն
29.07.2026 | 11:05
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են նավթավերամշակման գործարանի և Wildberries-ի լոգիստիկ կենտրոնի վրա, հայտնում են ռուսական և ուկրաինական տելեգրամ ալիքները, փոխանցում է Current time-ը։
Astra-ի տվյալներով՝ Wildberries-ի տեսակավորման համալիրը գտնվում է Ռյազանի արդյունաբերական պարկում՝ Տյուշևո գյուղի մոտ։ Ընկերությունը հայտնել է, որ պահեստի աշխատակիցները տարհանվել են։
Ռյազանի գործարանը Ռուսաստանի հինգ խոշորագույն նավթավերամշակման ձեռնարկություններից է, որն ապահովում է երկրի ընդհանուր վերամշակման ծավալի գրեթե 5%-ը: Այն նախկինում մի քանի անգամ ենթարկվել է հարձակման: Ուկրաինայի զինված ուժերի կողմից 2026 թվականի մայիսի 15-ին հասցված հարվածներից հետո գործարանը դադարեցրել է գործունեությունը: Ընկերությունը «Ռոսնեֆտ»-ի մաս է կազմում։
Ռյազանի մարզի նահանգապետ Պավել Մալկովը հայտարարել է, որ արդյունաբերական տարածքներում հրդեհ է բռնկվել «անօդաչու թռչող սարքի բեկորների ընկնելու հետևանքով»: Վեց մարդ հոսպիտալացվել է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Ռոստովի մարզի նահանգապետ Յուրի Սլյուսարն էլ հայտնել է, որ տարածաշրջանի վրա խոցվել է «մոտ վեց տասնյակ անօդաչու թռչող սարք և մեկ հրթիռ»։ Մեկ կին զոհվել, երկու տղամարդ վիրավորվել է «բնակելի շենքի վրա հրթիռային բեկորների ընկնելու հետևանքով»։
«Անօդաչու թռչող սարքերի բեկորներից և հրթիռներից վնասված բնակելի շենքի բնակիչները տարհանվել են և պահվում են ժամանակավոր կացարանում։ Անհրաժեշտ օգնություն է տրամադրվել»,- գրել է նա տելեգրամ ալիքում։
Սլյուսարը հայտնել է, որ Տագանրոգում վնասվել են նաև մասնավոր տներ, անօդաչու թռչող սարքերի բեկորներ են հայտնաբերվել արդյունաբերական օբյեկտների և նավահանգստի տարածքներում։
Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Կալուգայի, Կուրսկի, Օրյոլի, Ռոստովի և Ռյազանի մարզերի, Կրասնոդարի երկրամասի, բռնակցված Ղրիմի, Չուվաշիայի Հանրապետության, Թաթարստանի Հանրապետության, ինչպես նաև Ազովի ու Սև ծովերի վրա ուկրաինական 295 ԱԹՍ-ի խոցման մասին։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

