Եվրոպական գագաթնաժողովից մինչև Օձուն․ «Ճախրուկ» ներառական փառատոնը վերադառնում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
28.07.2026 | 18:30Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի խորհրդանիշերից մեկը դարձած նկարը շատերին էր գրավել․ դրա ֆոնին լուսանկարվեցին Եվրամիության անդամ երկրների ղեկավարներն ու քաղաքական համայնքի ներկայացուցիչները։ Այն «Ճախրուկի» սաների ձեռքի գործն է։
«Ջրի թեմայով առաջարկած նրանց նկարը դարձավ Եվրոպական քաղաքական համայնքի խորհրդանիշը։ Ընտանեկան լուսանկարի այդ լուծումը, կարծում եմ, լավագույններից մեկն էր այն առումով, որ հիմա ով նայի այդ նկարին, միանգամից հիշելու է, որ սա եղել է Երևանում»,- Factor TV-ի հետ զրույցում նշել էր վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
«Մեր երեխաների աշխատանքը դարձավ միջազգային մակարդակի և երկիրը ներկայացնելու բարձր չափորոշիչ ունեցող կտավ։ Այն հիմա մեր «Ճախրուկ» սենյակում է»,- ասում է «Ճախրուկ» հասարական կազմակերպության նախագահ Անուշ Մխիթարյանը։
«Ճախրուկ»-ը միջազգային ներառական ամենամյա փառատոն է․ հատուկ կարիքներ ունեցող անձանց 6-րդ փառատոնն այս տարի տեղի կունենա օգոստոսի 2-ին Լոռու մարզի Օձուն գյուղում: Այն կանցկացվի Կամերային երաժշտության ազգային կենտրոնի, Երևանի պետական կամերային երգչախմբի և Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի համագործակցությամբ։
«Յուրաքանչյուր տարի տարբեր մարզերում գտնվելով՝ փորձում ենք անձանց ներգրվվել հենց տվյալ մարզի հանրակրթական, արվեստի դպրոցներից, հատուկ կրթահամալիներից, ՀԿ-ներից, որտեղ աշխատում են նման յուրահատկություններով օժտված մարդկանց հետ»,- ասում է «Ճախրուկի» փառատոնի համահիմնադիր, երաժիշտ Անահիտ Մխիթարյանը։
«Ճախրուկ»-ն ազգային երաժշտության փառատոն է․ այս տարի ևս ազգային երաժշտություն է հնչելու՝ Կոմիտաս, օրորոցայիններ, ժողովրդական երգերի մշակումներ:
«Մեր ազգային երաժշտությունը ոգեղեն է, շատ յուրահատուկ կապ է ստեղծում հենց հանդիսատեսի ու մասնակիցների հետ, ամբողջ գործընթացն ինքնին դառնում է բուժիչ և ոգեշնչող»,- նշում է «Ճախրուկ» փառատոնի համահիմնադիրներից Աննա Մխիթարյանը։
Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Գարեգին Սարգսյանն ասում է՝ սա Կամերային երաժշտության ազգային կենտրոնի և «Ճախրուկ» ՀԿ-ի առաջին գործակցությունն է․ մի քանի ամիս առաջ են հուշագիր կնքել մշակութային համագործակցության մասին և արդեն հասցրել են երեխաների հետ մի քանի փորձ անել․ «Թե՛ մեր երաժիշտներն են մեծ էներգիա ստանում, թե՛ երեխաները, վստահ եմ։ Բառերով չես կարող նկարագրել այդ զգացողությունները»։
Մինչև փառատոնի համերգային հատվածին անցնելը՝ կներկայացվեն մասնակիցների ձեռքի աշխատանքները, իսկ հյուրերը նրանց հետ միասին կմասնակցեն ազգային պարերին։ Օգոստոսի 2-ին Օձունում անցկացվելիք փառատոնը կտևի մեկ օր, կմասնակցի շուրջ 350 մարդ, իսկ մուտքը բոլորի համար ազատ կլինի։
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան

