Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը հաստատել է՝ Լոնդոնը պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա պատերազմի ավարտից հետո
Քաղաքականություն
28.07.2026 | 12:29
Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Լոնդոնը, իր դաշնակիցների հետ միասին, պատրաստ է զորակազմ ուղարկել Ուկրաինա հրադադարից հետո, գրում է Meduza-ն։
«Մենք 100%-ով Ուկրաինայի հետ ենք։ Ես անձամբ 100%-ով Ձեզ հետ եմ, պարո՛ն նախագահ։ Եվ ես լիովին կկատարեմ մեր երկրի կողմից Ուկրաինայի նկատմամբ ստանձնած բոլոր պարտավորությունները»,- ասել է նա, փոխանցում է The Independent-ը։
Նա նաև հաստատել է, որ Մեծ Բրիտանիան Ուկրաինային կտրամադրի Stone Cloak ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգի լիցենզիան, որը նախատեսված է անօդաչու թռչող սարքերը հայտնաբերումից պաշտպանելու համար։
Բըրնհեմի խոսքով՝ Լոնդոնն աջակցում է Ուկրաինային «համապարփակ հրադադարի հասնելու գործում»։
«Մենք կօգնենք ձեզ պահպանել խաղաղությունը։ Մենք կշարունակենք ղեկավարել կամավորների կոալիցիան՝ մեր դաշնակիցների հետ միասին, և երբ հրադադարը վերջապես ուժի մեջ մտնի, մենք պատրաստ կլինենք տեղակայել բազմազգ ուժեր՝ Ուկրաինայի երկարաժամկետ անվտանգությունն ամրապնդելու համար»,- եզրափակել է Բըրնհեմը։
Զելենսկիի և Բըրնհեմի հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 27-ին HMS Queen Elizabeth ավիակիր նավի վրա՝ Փորթսմութի ռազմածովային բազայում։ Ուկրաինայի նախագահը դարձել է առաջին օտարերկրյա առաջնորդը, որին ընդունել է Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը՝ պաշտոնը ստանձնելուց ի վեր։
Մեծ Բրիտանիայի իշխանությունները հրադադարից հետո Ուկրաինա զորքեր ուղարկելու պատրաստակամության մասին առաջին անգամ հայտարարել էին 2025 թվականի սկզբին։ Այդ մասին հայտարարել էր այն ժամանակվա վարչապետ Քիր Սթարմերը։ 2026 թվականի հունվարին Զելենսկին, Սթարմերը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հռչակագիր են ստորագրել պատերազմի ավարտից հետո Ուկրաինա զորքեր ուղարկելու մասին։ Փաստաթղթում նշվում էր «բազմազգ ուժերի» մասին, որոնք պետք է ապահովեն անվտանգության երաշխիքները, սակայն դրանց թիվը չի նշվում։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

