Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատարը կարծում է, որ Ռուսաստանը «գոյության իրավունք չունի»․ նրա տարիներ առաջվա հարցազրույցն է հրապարակվել
Քաղաքականություն
23.07.2026 | 20:11
Ուկրաինայի զինված ուժերի նորանշանակ գլխավոր հրամանատար Միխայիլ Դրապատին 2023 թվականին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանը համարում է «ազգ՝ ղեկավարությամբ, որը գոյության իրավունք չունի», գրում է Meduza-ն։
Հարցազրույցը ձայնագրվել է Ukrainar W YouTube ալիքով՝ Ուկրաինայի զինված ուժերի 72-րդ մեխանիզացված բրիգադի մասին վավերագրական նախագծի համար: Դրապատիի հետ ամբողջական զրույցը հրապարակվել է միայն հուլիսի 22-ի երեկոյան։
Հաղորդավարը Դրապատիին հարցրել է զինվորականների տրամադրության մասին 2014 թվականին, երբ Ղրիմը բռնակցվել էր և Ուկրաինայի արևելքում սկսվել էին մարտական գործողությունները։
«Առաջին փուլում, ճիշտն ասած, գուցե ինչ-որ վախ կար, որովհետև դա այնպիսի անհայտություն է՝ ինչ կլինի, ինչպես կլինի, բայց, ի վերջո, մենք տեսնում ենք: Այն, ինչ մենք չենք կարող անվանել հարևան, ընդհանուր առմամբ, գոյություն ունենալու իրավունք չունեցող ղեկավարությամբ ազգ է: Հազարամյակներ շարունակ այնտեղ քաղաքակիրթ ոչինչ չի փոխվել՝ ո՛չ մտածելակերպի, ո՛չ էլ կայսերական, հավակնոտ վարքագծի մեջ», – հայտարարել է Դրապատին։
Նրա խոսքով՝ նույնիսկ մինչև 2014 թվականը նա «կասկածում էր, որ պատերազմն անխուսափելի է», քանի որ 1991 թվականից հետո, երբ Ուկրաինան անկախություն ձեռք բերեց, ուկրաինական քաղաքականությունը նպատակաուղղված չէր Ռուսաստանից լիակատար անկախության հասնելուն։
Նույն հարցազրույցում նա նշել է, որ «պատմության ընթացքում» Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում ուկրաինացմանը բավարար ուշադրություն չի դարձվել, ինչը հանգեցրել է «անգիտակից բնակչության» ձևավորմանը։
Դրապատիի խոսքով՝ այս շրջաններում մարդկանց զգալի մասը չի ցանկանում աշխատել, այլ ուզում է «անվճար» բան, և նրանց «հիմնականում չի հետաքրքրում, թե որ երկրում են ապրում կամ ինչպես է այն կոչվելու»։ Նա նշել է, որ այս եզրակացությանն է հանգել տեղի բնակիչների հետ շփվելուց հետո։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

