Քաղաքապետարանը ստուգել է «Երևան Սիթի»-ի 39 մասնաճյուղ․ արձանագրվել է 50 խախտում
Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը հուլիսի 21-ին ստուգել է մայրաքաղաքում գործող «Երևան Սիթի» առևտրային ցանցի 39 օբյեկտ։ Ստուգումների արդյունքում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում, որոնց մեծ մասը վերաբերում է պիտանելիության ժամկետն անց ապրանքների վաճառքին։
«Հուլիսի 21-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը հսկողություն է իրականացրել Երևան քաղաքի վարչական տարածքում գործող թվով 39 «Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում։
Արդյունքում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում, մասնավորապես՝
🔹 39 դեպք՝ պիտանելիության ժամկետն անց ապրանքների վաճառքի,
🔹 6 դեպք՝ մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի վաճառքի,
🔹 1 դեպք՝ Կառավարության կողմից սահմանված պահանջները չպահպանելու,
🔹 3 դեպք՝ առանց համապատասխան թույլտվության ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի,
🔹 1 դեպք՝ առանց համապատասխան թույլտվության հանրային սննդի կազմակերպման։
Ստուգայցերը կրելու են շարունակական բնույթ»,- ասված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունում։

