Մանկատանը գտնվող 15-ամյա տղան 4 օր է՝ հացադուլի մեջ է․ հայրը պահանջում է վերադարձնել իր երեխաներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
20.07.2026 | 21:15«Իմ երեխեքը հիմա ծայրահեղ վիճակում են, չեմ կարողանում ես իմ հարազատ երեխուն՝ տղա երեխուն, հանեմ հացադուլից»,- Factor TV-ին ահազանգում է բանտում 52 օր հացադուլի մեջ գտնվելու հետևանքով գրեթե 20 կգ նիհարած Հայկ Ստեփանյանը, որն այսօր էլ իր անչափահաս որդու հայտարարած հացադուլի դեմ է պայքարում՝ պատկան մարմիններին խնդրելով իրեն վերադարձնել ամիսներ շարունակ մանկատանը գտնվող երեխաներին։
«Երեխայի հետ խոսում եմ, ասում ա՝ պապա, քեզ շատ եմ սիրում, բայց չեմ պատրաստվում դուրս գամ, թող ինչ լինում ա հետս լինի, հանուն քրոջս, ես իմ անչափահաս քրոջս փրկեմ, գոնե ինքը գա հասնի տուն, իմ հետ ինչ ուզումա թող լինի։ Ոչ մի կերպ չեմ կարողանում ես երեխային համոզել»,- ասում է հայրը։
Հայկ Ստեփանյանը մեղադրյալի աթոռին հայտնվել և անցած տարեվերջին կալանավորվել է՝ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով ֆիզիկական ներգործության և խուլիգանության հոդվածով։ Արդյունքում նրա խնամքին գտնվող երկու անչափահաս երեխաներին տեղափոխել են խնամքի կենտրոն։
«Իմ տղան տարվել ա խնամքի կենտրոն 2025 թվականի դեկտեմբերի 16-ին, երբ ինձ ձերբակալեցին։ Երեխաներին համոզել են, ասել են՝ մի վեց օրով ենք տանում, երեխեք, արխային։ Բերել են սկզբից Քանաքեռի մանկատուն, հետո՝ տեղափոխել Կապան, ասել են՝ մի քանի օր եք էստեղ մնալու»։
Հոր խոսքով՝ «մի քանի օր»-ը ձգվել և դարձել է 7 ամիս․ Ստեփանյանը կալանքի տակ մնացել է 6,5 ամիս՝ վերջին 52 օրն անցկացնելով հացադուլի մեջ․ «Շատ վատ վիճակի մեջ էի ազատվելուց, չէի կարողանում խոսել։ Դատարանի դահլիճից բաց թողեցին։ Ինձ ասում էին՝ հենց դու դուրս եկար, մենք երեխաներին կվերադարձնենք, դու միայնակ խնամակալն ես։ Օրեր ա քաշում, սուտ տարբեր բաներ են խոսում, այդ երեխաները խուճապի մեջ զանգում են՝ բա ինչի՞ չեն մեզ բերում, պապա ջան, ե՞րբ կգանք, կարոտել ենք»։
Ստեփանյանի խոսքով՝ ըստ պայմանավորվածության և օրենքի, իր ազատ արձակվելուց հետո երկու երեխաներին պետք է իր խնամքին վերադարձնեին, սակայն արդեն երկու շաբաթ է՝ գործընթացը ձգձգում են, ինչի պատճառով 15-ամյա որդին 4 օր առաջ դիմել է ծայրահեղ քայլի՝ հացադուլի։
«Թո՞ւղթն ա կարևոր, թե՞ երեխայի կյանքը, առողջությունը։ Թող հետ վերադարձնեն շուտափույթ, շո՛ւտ։ Ես իրենց ասում եմ՝ երեխան որրորդ օրն ա մտել հացադուլ, դուք ոչ մի կառույցի չեք դիմել, ինչի՞ եք սպասում։ Որ ե՞ս դիմեի… Հա, ես հիմա բարձրաձայնել եմ։ Ասում են՝ էդպեսի բան չանես, մեզ վատություն մի արա, մենք էլ «ստից» կասենք, որ երեխան նորմալ ա։ Սա ասելու բա՞ն ա։ Ի՞նչ են ուզում իմ երեխեքից, հիմա գոնե թող թողեն շուտ գան տուն էդ երեխեքը, չտանջվեն, անչափահաս են։ Էդ երեխաներին ես եմ մեծացնում, ինձ մոտ են, հարևաններն էլ են տեսնում։ Ամեն ձևի պայքարով իրենց նորմալ պահել եմ իմ աշխատանքով։ Հիմա չեմ կարողանում ոչ մի ձևի հետ վերադարձնեմ»,- ասում է հայրը։
Ինչո՞ւ երեխաները չեն վերադարձվում ծնողի խնամքին, ինչպե՞ս է իրեն զգում հացադուլի մեջ գտնվող անչափահասը, արդյո՞ք քայլեր ձեռնարկվում են խնդրին լուծում տալու համար․ այս հարցերը Factor TV-ն ուղղեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, որտեղից նշեցին՝ խնդրին և դեպքի մանրամասներին քաջատեղյակ են, աշխատանքներ են տարվում։
«Քանի որ երեխաները գտնվում են «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ում, և վերջիններիս խնամակալի պարտականությունները ևս վերապահված են մեր կենտրոնին, իրադրությունը գտնվում է ՊՈԱԿ-ի անձնակազմի ամենօրյա ուշադրության կենտրոնում։ ԱՍՀ նախարարությունը ևս քաջատեղյակ է իրադրության մանրամասներին և համապատասխան աշխատանքները, ըստ սահմանված ընթացակարգերի, իրականացվում են։ Ցանկացած պարագայում բոլոր կողմերը՝ պետություն և համայնք, առաջնորդվելու են բացառապես երեխաների լավագույն շահով»,- ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Նվեր Կոստանյանը։
15-ամյա տղայի հացադուլի մասին հայրն ահազանգել է նաև Մարդու իրավունքների պաշտպանին։ Factor TV-ի հետ զրույցում ՄԻՊ գրասենյակից հայտնեցին, որ անհապաղ ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ՝ ուղղված երեխայի իրավունքների ապահովմանը, բացի այդ՝ հանդիպել են Հայկ Ստեփանյանի հետ, իսկ պաշտպանը մշտական կապի մեջ է իրավասու պետական մարմինների հետ:
Մանրամասները՝ տեսանյութում։
Ռոզա Վարդանյան

