Նարեկ Կարապետյանին մեղադրանք կներկայացվի՞․ Դատախազությունը չի պարզաբանում՝ ինչու էր դիմել ԿԸՀ՝ նրան անձեռնմխելիությունից զրկելու հարցով
Հասարակություն
08.07.2026 | 17:46
Դատախազությունը միջնորդություն էր ներկայացրել ԿԸՀ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ։ ԿԸՀ-ն, սակայն, այսօր որոշել է վերադարձնել դատախազության միջնորդությունը՝ պատճառաբանելով, որ Կարապետյանն այլևս պատգամավորի թեկնածու չէ։
Դատախազությունից չեն հայտնում, թե ինչ գործի շրջանակներում են ցանկանում Կարապետյանին մեղադրյալ ներգրավել, չեն հայտնում նաև հետագա քայլերի մասին։
Նշենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ՀՀ ԱԺ հերթական ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո ՀՀ գլխավոր դատախազությունից ստացել էր պատգամավորի թեկնածուների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, որոշների դեպքում էլ՝ ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդություններ։
ԿԸՀ-ն այսօր տարածված հաղորդագրությամբ պարզաբանել է, որ այդ միջնորդությունները չեն քննվել աշխատանքային ծանրաբեռնվածության՝ ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկման հանգամանքով պայմանավորված։ Եվ ահա այսօր, փաստորեն, որոշել է դրանք վերադարձնել ՀՀ գլխավոր դատախազություն։
«Ընտրական օրենսգրքով պատգամավորի թեկնածուների սահմանված իրավունքները և պարտականությունները պատգամավորի թեկնածուի վրա տարածվում են մինչև Ազգային ժողով ընտրվելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման վիճարկման համար սահմանված ժամկետի ավարտը, իսկ այդ որոշման վիճարկման դեպքում` մինչև սահմանադրական դատարանի որոշում ընդունելը: Ընտրական օրենսգրքով սահմանված իրավունքները և պարտականությունները պատգամավորի թեկնածուի վրա տարածվել են մինչև 2026 թվականի հուլիսի 4-ը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրավասության շրջանակներից դուրս է պատգամավորի թեկնածուի կարգավիճակ չունեցող անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ ազատությունից զրկելուն համաձայնություն տալը»,- հայտնել են ԿԸՀ-ից։
Ստացվում է՝ Դատախազությունը ԿԸՀ-ին դիմել է այն ժամանակ, երբ Նարեկ Կարապետյանն անձեռնմխելի է եղել, սակայն ինչ-ինչ հանգամանքներում դիմումը չի քննվել մինչև այն պահը, երբ, ըստ ԿԸՀ-ի մեկնաբանության, Կարապետյանն այլևս անձեռնմխելի չէ։
Արաքս Մամուլյան

