Վստրեչի Ապեր մականունով հայտնի Արամ Վարդանյանի որդին և դուստրը դատավորի բացարկն են պահանջել՝ Ռուբեն Հայրապետյանի հետ նախկին առնչության հիմքով

Լուրեր

08.07.2026 | 14:36
ՄԻՊ-ը ստուգում է Ծառուկյանի ձերբակալության ժամանակ ձեռնաշղթայի և ֆիզիկական ուժի կիրառման իրավաչափությունը
08.07.2026 | 14:34
Իսրայել-Ադրբեջան ճգնաժամը խորանում է Հայոց ցեղասպանության ճանաչման որոշումից հետո․ Ynet 
08.07.2026 | 14:26
Երևան կժամանեն միջազգային կինոյի հայտնի ներկայացուցիչներ․ «Ոսկե ծիրան»-ը ներկայացրել է ծրագրերը
08.07.2026 | 14:18
ՔԿ նախագահը ժամացույց է նվիրել ՊՊԾ պետին
08.07.2026 | 14:10
Մեսին պատմել է՝ ինչու չի զսպել արցունքները կամային հաղթանակից հետո․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.07.2026 | 13:57
ԵՄ-ն ՀՀ-ին հեռակառավարվող ականազերծման մեքենա է նվիրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.07.2026 | 13:49
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է
08.07.2026 | 13:40
«Ալ Ահլիի» մարզական տնօրեն․ «Սպերցյանը բացառիկ մակարդակի խաղացող է»
08.07.2026 | 13:31
Դատարանը վարույթ է ընդունել Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող ընկերության գույքի աճուրդը վիճարկող դատախազության հայցը
08.07.2026 | 13:20
«Սա մեզ համար հաճելի չէ»․ Իրանի դեսպանը՝ հայ-իրանական առևտրի կենտրոնի շուրջ ստեղծված իրավիճակի մասին
08.07.2026 | 13:09
Վստրեչի Ապեր մականունով հայտնի Արամ Վարդանյանի որդին և դուստրը դատավորի բացարկն են պահանջել՝ Ռուբեն Հայրապետյանի հետ նախկին առնչության հիմքով
08.07.2026 | 12:57
Ուկրաինական ուժերն Ազովի ծովում հարվածել են ռուսական 9 լցանավի
08.07.2026 | 12:46
Ալի Խամենիի մարմինն Իրաքում է․ հազարավոր մարդիկ են մասնակցել հուղարկավորության երթին
08.07.2026 | 12:39
«Ռեալից» հեռացած Ալվարո Արբելոան նոր թիմ ունի
08.07.2026 | 12:28
Կիևում և Խարկովում ռուսական հարձակման հետևանքով զոհեր կան, տուժել է ավելի քան 20 մարդ
Բոլորը

Վստրեչի Ապեր մականունով հայտնի Արամ Վարդանյանի որդու և դստեր՝ Կարեն Վարդանյանի և Ելենա Վարդանյանի ներկայացուցիչները միջնորդություն են ներկայացրել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով և բացարկ են ներկայացրել նախագահող դատավոր Կարապետ Բադալյանին։

Միջնորդության մեջ նշվում է, որ գործով առկա են այնպիսի փաստական և իրավական՝ հանգամանքներ, որոնք օբյեկտիվ դիտորդի տեսանկյունից կարող են առաջացնել հիմնավոր և ողջամիտ կասկած նախագահող դատավորի անաչառության վերաբերյալ։

Փաստաբանները նշել են, դատավոր Կարապետ Բադալյանը նախկինում, որպես փաստաբան, ներգրավված է եղել Ռուբեն Հայրապետյանի դեմ հարուցված քաղաքացիական գործով՝ ներկայացնելով իր կնոջ մոր՝ Հրանուշ Խառատյանի շահերը։ Այսինքն՝ նրա մասնակցությունը տվյալ դատական վեճում եղել է անմիջական և մասնագիտական, այլ ոչ թե հեռավոր կամ ձևական։

Բացի այդ, Ռուբեն Հայրապետյանի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով, նույն դատավորը հայտարարել է ինքնաբացարկ՝ արձանագրելով, որ առկա հանգամանքները կարող են օբյեկտիվ դիտորդի մոտ ողջամիտ կասկած առաջացնել նրա անաչառության վերաբերյալ։

Բացարկի միջնորդության մեջ Վարդանյանների փաստաբանները նշել են՝ թեև այս գործով Ռուբեն Հայրապետյանը դատավարության կողմ չէ, նրա հետ կապված փաստաթղթերն ու հայտարարությունները գործի համար ունեն էական ապացուցողական նշանակություն։ Մասնավորապես, ներկայացվել են Ռուբեն Հայրապետյանի և Արամ Վարդանյանի միջև կնքված դրամական միջոցների նվիրատվության պայմանագիրը, ինչպես նաև՝ Ռուբեն Հայրապետյանի կողմից տրված պարզաբանումներն ու հայտարարությունները, որոնք վերաբերում են Արամ Վարդանյանի գույքի և դրամական միջոցների ծագման օրինականության հիմնավորմանը։

Հետևաբար՝ Ռուբեն Հայրապետյանի հետ դատավորի նախկին մասնագիտական առնչությունը և նրա մասնակցությամբ այլ գործով արդեն իսկ ինքնաբացարկ հայտնելու փաստը չեն կարող դիտվել որպես երկրորդական կամ վերացական հանգամանքներ։ Դրանք անմիջականորեն առնչվում են այն ապացույցներին, որոնց արժանահավատությունն ու իրավական նշանակությունը պետք է գնահատվեն հենց տվյալ դատավորի կողմից։

Ըստ փաստաբանների՝ այս պայմաններում կարող է առաջանալ օբյեկտիվորեն հիմնավորված կասկած, որ Ռուբեն Հայրապետյանի հետ կապված ապացույցների գնահատումը արտաքին դիտորդի կողմից լիովին չեզոք և անաչառ չի ընկալվի։

Դատախազության ներկայացուցիչը առարկել է ներկայացված միջնորդության դեմ և հայտնել է, որ այն անհիմն է և ենթակա է մերժման։ Պատասխանող Արամ Վարդանյանը հայտնել է, որ Ռուբեն Հայրապետյանն իր ընկերն է, և ցանկանում է, որ դատավորը բացարկն ընդունի: Դատավորը, սակայն, մերժել է ներկայացված միջնորդությունը։

Կարապետ Բադալյանը նշել է, որ իր անաչառությունը կասկածի տակ դնելու բավարար հիմքեր չեն ներկայացվել, և բացարկի միջնորդությունը ենթակա է մերժման։

Դատարանն ընդգծել է՝ Ռուբեն Հայրապետյանն այս գործով դատավարության մասնակից չէ, իսկ ապացույցների գնահատման հետ կապված ենթադրությունները բավարար չեն բացարկի համար։

Ըստ դատարանի՝ Արամ Վարդանյանի և Ռուբեն Հայրապետյանի ընկերական հարաբերությունները նշանակություն չունեն դատավորի անաչառության գնահատման տեսանկյունից, և այդ հանգամանքը չի կարող օբյեկտիվ դիտորդի մոտ ձևավորել հիմնավոր կասկած դատավորի անաչառության վերաբերյալ։

Որոշման մեջ նշվում է, որ դատարանի անաչառության կանխավարկածը չի հաղթահարվել։ Օրենքի համաձայն՝ դատավորը համարվում է անաչառ, քանի դեռ հակառակը հիմնավորված կերպով ապացուցված չէ։ Դատարանը գտել է, որ ներկայացված փաստարկները չեն հաղթահարում այդ կանխավարկածը։

Դատարանը եզրահանգել է, որ ներկայացված հանգամանքները չեն համապատասխանում դատավորի բացարկի համար օրենքով նախատեսված հիմքերին և չեն ստեղծում անաչառության վերաբերյալ օբյեկտիվ ու հիմնավոր կասկած։ Այդ պատճառով բացարկի միջնորդությունը մերժվել է։

Եվգենյա Համբարձումյան