Անդրանիկ Թևանյանը դատի է տվել Վահագն Ալեքսանյանին․ պահանջում է հերքում, ներողություն և 9 մլն դրամ
Հասարակություն
02.07.2026 | 13:21
Կալանքի տակ գտնվող «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանը դատական հայց է ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» վարչության փոխնախագահ, պատգամավոր Վահագն Ալեքսանյանի դեմ զրպարտության և վիրավորանքի հոդվածի հատկանիշներով։ Հայցի համար հիմք է հանդիսացել մայիսի 31-ին Առաջին ալիքի «Քաղաքական ուժերի ծրագրերը խաղաղության և անվտանգության վերաբերյալ. Մեծ բանավեճ»-ի ժամանակ Ալեքսանյանի որոշ արտահայտություններ։ Մասնավորապես, բանավեճի ընթացքում Անդրանիկ Թևանյանի մասին խոսելիս ՔՊ-ական պատգամավորն օգտագործել է «պետական գաղտնիքները դուրս տալու», «Հայաստանի Հանրապետությունը 622.000 դոլարի դիմաց ծախած լինելու», «պետական դավաճանություն», «լրտեսություն» արած լինելու, «գործակալական գործունեություն ծավալելու» խոսույթը։
Անդրանիկ Թևանյանը դատարանից խնդրում է պարտավորեցնել Վահագն Ալեքսանյանին հայցադիմումը բավարարելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հերքել իր հասցեին տարածված զրպարտություն համարվող փաստացի տվյալները` հերքումն իրականացնելով ինչպես տեքստով, այնպես էլ բանավոր տեսագրության հրապարակմամբ հետևյալ բովանդակությամբ։
«ՀԵՐՔՈՒՄ, 31.05.2026 տեղի ունեցած մի շարք քաղաքական ուժերի մասնակցությամբ «Քաղաքական ուժերի ծրագրերը խաղաղության և անվտանգության վերաբերյալ. Մեծ բանավեճ» վերտառությամբ բանավեճի ընթացքում Անդրանիկ Թևանյանի՝ «պետական գաղտնիքները դուրս տալու», «Հայաստանի Հանրապետությունը 622.000դոլարի դիմաց ծախած լինելու», «պետական դավաճանություն», «լրտեսություն» արած լինելու, «գործակալական գործունեություն ծավալելու» վերաբերյալ հրապարակված տվյալները չեն համապատասխանում իրականությանը՝ սուտ են»:
Թևանյանը պահանջում է նաև ներողություն խնդրել իրենից՝ կրկին ինչպես տեքստային, այնպես էլ տեսագրության միջոցով՝ նշելով հետևյալ տեքստը։
«Ներողության հրապարակում․ Ես՝ Վահագն Ալեքսանյանս, ներողություն եմ խնդրում Անդրանիկ Թևանյանից 2026 թվականի մայիսի 31-ին տեղի ունեցած մի շարք քաղաքական ուժերի մասնակցությամբ «Քաղաքական ուժերի ծրագրերը խաղաղության և անվտանգության վերաբերյալ. Մեծ բանավեճ» վերտառությամբ բանավեճի ժամանակ Անդրանիկ Թևանյանի վերաբերյալ հնչեցված՝ Անդրանիկ Թևանյանի պատիվն ու արժանապատվությունն արատավորող արտահայտությունների համար, մասնավորապես, ներողություն եմ խնդրում Անդրանիկ Թևանյանին «լրտես», «գործակալ», «դավաճան» և «հայրենիքը փողի դիմաց խուրդող», անձ, ով պետք է «նստի, փտի բանտում», անցկացնի «բանտի ծակում», անվանելու համար»։
Բացի այդ, Անդրանիկ Թևանյանը, որպես զրպարտությամբ պատճառված վնասի փոխհատուցում, պահանջում է Վահագն Ալեքսանյանից բռնագանձել 6 մլն դրամ, 3 մլն դրամ՝ որպես վիրավորանքի արդյունքում պատճառված վնասի փոխհատուցում, պետական տուրքի համար նախապես վճարված 310 հազար դրամը, ինչպես նաև փաստաբանի խելամիտ վարձատրության գումար։
Հայցադիմումն ընդունվել է վարույթ և մակագրվել Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Տաթևիկ Ստեփանյանին։
Հիշեցնենք՝ օրեր առաջ Թևանյանը դատական հայց էր ներկայացրել նաև վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի դեմ՝ կրկին զրպարտության հոդվածի հատկանիշներով։ Հայցի համար հիմք էր հանդիսացել Չախոյանի՝ մայիսի 23-ի 54 վայրկյան տևողությամբ տեսանյութը, որը սկսվում էր այսպես․ «Թվում է, թե պետական դավաճանություն գործած, Հայաստանի դեմ լրտեսություն արած, պետական գաղտնիքները գումարով ծախած Թևանյան Անդրանիկի․․․»։
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդը որպես զրպարտությամբ պատճառված վնասի փոխհատուցում, պահանջում է Չախոյանից բռնագանձել 6 մլն դրամ։
Ռոզա Վարդանյան

