Մեծ բերքը՝ Եվրոպայի ճամփին, փոքրը՝ աղբամանում․ արտահանման ճգնաժամի ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

21.06.2026 | 22:09
ԱԱ-2026. Իսպանիան հաղթեց խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 22:05
ՍԴ-ն միավորել է ընտրությունների արդյունքների վերաբերյալ ներկայացված դիմումները․ դրանք կքննվեն նույն նիստի շրջանակներում
21.06.2026 | 21:01
«Քրիստոնեությունը կդառնա Հայաստանի նոր բրենդը»․ Ծառուկյանը՝ The Guardian-ին
21.06.2026 | 20:23
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին․ Հայհիդրոմետ
21.06.2026 | 20:00
Մեծ բերքը՝ Եվրոպայի ճամփին, փոքրը՝ աղբամանում․ արտահանման ճգնաժամի ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
21.06.2026 | 19:48
Թրամփը հայտարարել է, որ Քիր Սթարմերը հրաժարական կտա Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
21.06.2026 | 19:02
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
21.06.2026 | 18:04
Սթարմերը կարող է հունիսի 22-ին հայտարարել իր հրաժարականի մասին․ ԶԼՄ-ներ
21.06.2026 | 17:14
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
21.06.2026 | 16:29
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
21.06.2026 | 15:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
21.06.2026 | 14:57
Նուրբ ժպիտով՝ տրոլեյբուսի ղեկին. 23-ամյա Իվետան կարծրատիպեր է կոտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 14:12
Ղրիմում բենզինի վաճառքն ամբողջությամբ դադարեցվել է
21.06.2026 | 13:46
Ինչո՞ւ է հնարավոր չէ կարկուտը ճշգրիտ կանխատեսել․ պարզաբանում է Լևոն Ազիզյանը
21.06.2026 | 13:31
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. Հայհիդրոմետ
Բոլորը

Այս մրգերը այգուց՝ շուկա, շուկայից՝ մեր տներ են հասնում։ Հայաստանում արտադրված բերքի մի մասը, սակայն, ոչ թե շուկայում ու խանութում է հայտնվում, այլ վիճակագրության մեջ՝ «Հայաստանից այսքան տոննա բերք է արտահանվել» տողի տակ։ Այս նախադասությունը հիմնականում շարունակություն էլ ունի՝ դեպի Ռուսաստան։ 

Բայց մայիսին ռուսական «Ռոսսելխոզնադզորը» սկսեց խնդիրներ տեսնել հայկական արտադրանքում ու հարյուրավոր բեռնատարներ մնացին Լարսի անցակետում։

Հիմա որոշ գյուղատնտեսներ բերքը վաճառում են ջրի գնով կամ դեն են նետում՝ ջուրը գցելով ամբողջ տարվա աշխատանքը, չնայած Կառավարությունը պնդում է՝ խնդիրը լուծում ունի։ 

Ի՞նչ է տեղի ունենում արտահանման ոլորտում, ի՞նչ լուծումներ են առաջարկվում և ո՞ւմ համար են դրանք. փորձելու ենք բացել արտահանման ճգնաժամի շերտերը։

***

«Տեսե՛ք, էս արդեն 2 անգամ պետք է քաղած լինեինք, բայց, փաստորեն, չենք քաղել, որովհետև չենք կարող վաճառել։ Տեղի շուկայում չի վաճառվում այս ռեհանը։ Արդեն ծաղկել է, պետք է ծաղկած չլինի ընդհանրապես»․ Հովհաննես Ավագյանը կհավաքի բերքը, բայց թափելու համար։ 

Ձեռքինը գրեթե կես տարվա աշխատանքն է, որ ամբողջ տարվա ապրուստը պիտի դառնար, եթե արտահաներ Ռուսաստան՝ ինչպես նախորդ 7 տարիներին։

– Լավ ապրելու համար բավարարում էր։ Նախկինում երբեք չենք ունեցել սպառման խնդիր, ես իմ ապրանքը կարողացել եմ իրացնել։
– Ո՞նց եք դա արել։
– Կանաչ ռեհանը չի վաճառվում էստեղ, ընդհանրապես չի վաճառվում։ Կանաչ ռեհանը հիմնականում Ռուսաստանի համար է։ Ես իմ ծանոթներին եմ ուղարկել, ովքեր վաճառում են։ Կարողանում եմ իրացնել էնտեղ։ 

Ծանոթները մնացել են անտեսանելի դռների հակառակ կողմում, բերքը՝ տնամերձ ջերմոցում, գյուղատնտեսին էլ մնացել է հարցը․ եթե իր ամբողջ տարվա եկամուտը ծաղկում է՝ բնավ ոչ լավ իմաստով, ինչպե՞ս է փակելու բիզնեսը մեծացնելու առաջին քայլն անելու համար վերցրած վարկը։

«Ծաղկի բիզնեսը սկսել եմ՝ գործս ավելի լավացնելու, ավելի բարձրացնելու, ոնց որ նոր բիզնես սկսելու հետաքրքրությամբ։ Փորձեցինք բիզնես վարկով բիզնես սկսել, բայց ոնց հասկացանք՝ դե, ծաղիկը դեռ բերքի փուլում չի, չենք կարող դեռ վաճառել, բայց, ոնց հասկացանք, չենք էլ կարողանալու վաճառել։ Դրա համար չգիտենք՝ ի՞նչ պետք է անենք, անելանելի վիճակի մեջ ենք հայտնվել»,- ասում է Հովհաննեսը։

4,5 միլիոն դրամ վարկը պիտի մարեր կանաչ ռեհանի արտահանումից ստացած գումարով, մինչև ծաղիկը կբացվեր։ Հովհաննեսն իր բերքի առաջ անզոր կանգնած միակ գյուղատնտեսը չէ։

***

«Հայաստանում արտադրված գյուղատնետսական ցանկացած ապրանք, որն ունի պատշաճ որակ, արտահանվելու է՝ անկախ որևէ արհեստական խոչընդոտներից, որևէ շուկայի, որևէ երկրի և այլն»,- Կառավարության նիստի ընթացքում հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ 

Արդեն մի քանի շաբաթ է՝ Կառավարության նիստերին քննարկվում է այս հարցը, ներկայացվում են աջակցության ծրագրեր։ Տեղի ունեցողը, ըստ էության, խնդիրն ի գիտություն ընդունելու, ճանապարհի բացվելուն սպասելու փոխարեն՝ նոր ճանապարհով գնալու առաջարկներ են։

Այսպես, Կառավարության երկու նիստում մեկական աջակցություն առաջարկվեց, մեկը՝ ելակի, պղպեղի, լոլիկի և ծաղկի համար, երկրորդը՝ ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի, կեռասի, շշալցված խաղողի գինու, բրենդիի, հանքային ջրի համար։

Այս աջակցությունը նրանց համար է, ովքեր գտել են արտահանման ճանապարհ. այն անցնելուց հետո նրանք պետությունից աջակցություն կստանան։

Բուլղարիա, Էմիրություններ, Կիպրոս, Լատվիա, Ռումինիա, Ուկրաինա, Չեխիա, Իրան, Ավստրիա, Ֆրանսիա, Նիդեռլանդներ, Բուլղարիա․․․ Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը թվարկում է այն երկները, ուր հասել են Ռուսաստանի կողմից մերժված ծաղիկները։ 

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանն ասել էր՝ նիդերլանդական շուկան բաց է, իսկ այնտեղ հայտնվողը ծաղկի դրախտ է ընկնում։

Եթե ամեն ինչ այսքան լավ է, ապա ինչո՞ւ արտադրողների մի մասը դրախտային ոչինչ չի տեսնում։ Կառավարության դահլիճում խոսվել է որակի մասին. Լավ արտադրանքը արտահանման խնդիր չի ունենա։ Բայց խնդիրն առաջանում է, երբ այդ լավ արտադրանքը քիչ է լինում։ Տնամերձ հողատարածքում փոքր ջերմոց կառուցած, դրանում ծաղիկ աճեցրած մարդը, հավանաբար, ծաղկային դրախտի փոխարեն՝ ֆինանսական դժոխքում կհայտնվի։

«Ամեն դեպքում՝ 1-ին փուլում այդ մարդիկ դժվար թե կարողանան Եվրամիության պահանջներին համապատասխան խմբաքանակներ ձևավորել և նաև համապատասխան տեսակավորում, սերտիֆիկացում ապահովել։ Մենք ի՞նչ ենք անում․ այս փուլում փորձում ենք այդ հետաքրքրվողներին ներկայացնել մեր այն կազմակերպություններին, որոնք լոգիստիկ կենտրոններ են և հնարավորություն ունեն այդ ֆերմերներից մթերելու համապատասխան ապրանք, տեսակավորել, փաթեթավորել և արտահանել արտերկիր։ Առաջին փուլում դա կլինի։ Հաջորդ փուլում մենք կունենանք արդեն ուղեցույցներ, որոնք կտրամադրենք ֆերմերներին, այդ ընթացակարգերի, մաքսատուրքերի բոլոր նյուանսներն իրենց կներկայացնենք, որպեսզի ովքեր հնարավորություն և կարողություն ունեն համապատասխանելու, արդեն ուղիղ աշխատեն այդ երկրների գնորդների հետ»,– ասում է Էկոնոմիկայի նախարարության ագրովերամշակման վարչության խորհրդական Գևորգ Ղազարյանը։

Դա ե՞րբ կլինի հարցի պատասխանը մեկն է՝ քննարկում ենք։ Բայց գյուղացին հստակ գիտի՝ երբ է իր վարկի հաջորդ մարման օրը։

«Իրենք Ռուսաստանում ինչպե՞ս էին աշխատում առևտրի ցանցերի մի քանի և սննդի կետերի հետ, հանրային սննդի ոլորտի և, ասենք, ըստ պատվերիայէստեղից ինքնաթիռով ուղարկում էին։ Հիմա այդ կապերը ստեղծելն այլ երկրներում բավականին բարդ է այդ առումով, դրա համար եմ ասում` էլի քննարկումները շարունակվում են, տեսնենք` ինչ լուծում է հնարավոր տալ։ Ապրանքային մեծ քանակ չի, որ, ենթադրենք, մի բեռնատար բարձեն, ուղարկեն ինչ-որ տեղ, այդպես չէ, մի քիչ վաճառքի մեխանիզմը տարբեր է»,– ասում է Ղազարյանը։

Այս շաբաթ Կառավարությունը վարկային պարտավորություն ունեցող մի խումբ տնտեսվարողների համար աջակցության մի ծրագիր ընդունեց․ շահառուները ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի շրջանակում 20 պայմանագիր կնքած տնտեսվարողներից նրանք են, ովքեր արդեն արտադրանք են թողարկել։

«Առաջարկում ենք, որ իրենք հաջորդ 6 ամսվա համար մայր գումար ու տոկոսադրույք չվճարեն, այդ բեռն իրենց մասով տեղափոխվում է հաջորդ ժամանակահատված, բայց որ չծանրաբեռնվի հաջորդ ժամանակահատվածի համար՝ ևս վեց ամիս վերջից ենք ավելացնում, կարելի է ասել՝ այն, ինչ պետք է հաջորդ վեց ամսում վճարեն, կվճարեն ամենավերջում, բայց Կառավարությունն իր պարտավորությունը բանկերի առաջ կշարունակի կատարել»,- բացատրում է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ տնտեսվարողին ասում են՝ առաջիկա 6 ամիսների ընթացքում կարող եք դրա մասին չմտահոգվել, հանգիստ նոր շուկաներին հարմարվել ու սկսել աշխատել։

Բայց Կառավարությունը սա ասում է այն մարդկանց, որոնք կոնկրետ ծրագրի շրջանակում միասին վերցրած 34,4 հեկտար ջերմատուն են սարքել։ Իսկ մյուսնե՞րը։ Եթե որակական ստանդարտին համապատասխանում են, խնդիր չեն ունենա՝ ասում է վարչապետը։

Ըստ Գևորգ Ղազարյանի՝ նախարարությունն այժմ ակտիվ շփման մեջ է տարբեր երկրներում դեսպանների, հայկական արտադրանքով հետաքրքրվող կազմակերպությունների հետ։

– Հանդիպում եղավ Օմանից ծաղիկներով հետաքրքրվող գործարարի հետ։ Օնլայն հանդիպում էր, որին էլի մասնակցեցին մեր բոլոր ծաղիկ արտադրողները, ջերմոցների, նաև այլ ոլորտի ներկայացուցիչներ։
– Բոլո՞ր։

– Մենք բոլորին ասել ենք, ովքեր հետաքրքրվածություն ցուցաբերել են, մասնակցել են։
– Բոլոր-բոլորի՞ն։
– Այն ջերմատներին, որոնք էլի ունեն այդ պոտենցիալը, բնականաբար, մանրները, այն, որ հին տեխնոլոգիաներով փոքր ջերմատներ են, բնականաբար, այդ գործընթացի մեջ դժվար կներգրավվեն, բայց խոշորները կարող են, եթե ինչ-որ բաներ ստացվի, իրենց, նաև այդ փոքրերի արտադրանքը նաև կազմակերպել, մթերել, արտահանել։

Սա արդեն տեղի է ունենում. ըստ նախարարության փոխանցած տվյալների՝ մի գործարար արդեն ունի 10,000 տոննա ծիրան Ուկրաինա արտահանելու պայմանավորվածություն, սկսել է ֆերմերների հետ աշխատել բերքը գնելու ուղղությամբ։ 

***

Բոլոր քննարկումներն այն մասին են, որ խնդիրը ոչ թե բուսասանիտարական, այլ քաղաքական պատճառներ ունի։ Այս մասին էր նաև ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասի հայտարարությունը՝ ԵՄ-ն աշխատում է խոշոր տնտեսական աջակցության փաթեթի ուղղությամբ, որ օգնի Հայաստանին դիմակայել Ռուսաստանի անարդար առևտրային սահմանափակումներին։

Այժմ Հայաստանը մեծ մասամբ ոչ թե բանակցում է Ռուսաստանում խնդիրը լուծելու, այլ այլընտրանքային ճանապարհով խնդիրը շրջանցելու շուրջ։ Արդյո՞ք սա բեկումնային կետն է, և Հայաստանը կարող է հրաժարվել ռուսական շուկայից։

«Մենք երբեք չենք բացառել որևէ այլ երկիր․․․ այսինքն` մեր ծրագրի շրջանակում, եթե նույնիսկ Ռուսաստանի Դաշնություն արտահանվի, մենք էդ աջակցությունը ցուցաբերելու ենք։ Այստեղ երկրների սահմանափակում, ըստ էության, դրված չէ»,- ասում է Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը։

Տնտեսագիտական համայնքում կարծիք կա, որ այս իրավիճակում Ռուսաստանին ապավինելը վտանգավոր է։ Տնտեսագետ Հայկ Գևորգյանի խոսքով՝ այս իրավիճակում տուժողը Ռուսաստանն է լինելու։

«Այս տնտեսական պատերազմին պետք է այլ տեսանկյունից նայել, եթե գնում է էսկալացիան մինչև վերջին կետը, այդ վերջին կետը լինում է այն, որ Ռուսաստանն այստեղ ամեն ինչ կորցնում է, մենք էլ կորցնում ենք իր շուկան, որը կարող ենք ուրիշ տեղ գտնել, հասկանո՞ւմ եք, իսկ ինքը չի կարող ուրիշ տեղ Հարավային Կովկասում ունենալ։ Ես այդ առումով չեմ կարծում, որ Ռուսաստանն ինչ-որ մի պահի խելքի չի գա ու չի հասկանա՝ ուր է տանում այս ամենը, էլի սա, եթե էսկալացիան շարունակվում է, կգնա մինչև վերջ, և մենք կտեսնենք, որ Հայաստանում այլևս չկա Գազպրոմ, չկա ռուսական բազա, չկան սահմանապահներ, ռուսական լրատվականներ, մեր եթերում չկան ռուսական հաղորդումներ, ամեն ինչ վերջանում է։ Ես համաձայն չեմ նրան, որ մենք ենք ավելի շատ կորցնում, քան Ռուսաստանը։ Մենք կարճաժամկետ ենք կորցնում, իրենք՝ առհավետ»,- ասում է Հայկ Գևորգյանը։ 

Ռազմավարական դաշնակցի հետ տնտեսական պատերազմում այս պահին մեկ տուժող կա. փոքր քանակությամբ բերքը չի անցնի Եվրոպայի մեծ ճամփան, բայց այդ փոքր բերքը գյուղացու մեծ խնդիր էր լուծում։ Աջակցության ծրագրերն արդեն աշխատում ու խոշոր գործարարաների համար արդյունք են տալիս, Կառավարությունը պարբերաբար ներկայացնում է թվային տվյալներ և ասում՝ քննարկումները շարունակվում են, աջակցությունը, գուցե, հասնի գյուղատնտեսական համայնքի բոլոր շերտերին։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Արուսյակ Կապուկչյան