ՀԱԵ-ի ինքնակառավարումը, կանոնական կարգն ու ներքին կյանքը ենթակա չեն որևէ քաղաքական ուժի կամ պետական մարմնի թելադրանքի. Քահանայից ժողովի հայտարարությունը

Լուրեր

26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
Բոլորը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված Քահանայից ժողովը հայտարարել է, որ Հայաստանում պետական լծակների կիրառմամբ իրականացվում են «հակաեկեղեցական գործողություններ»՝ ուղղված Հայ առաքելական եկեղեցու ինքնակառավարման սահմանափակմանը և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին հրաժարական պարտադրելուն։ Քահանաները նաև դատապարտել են, իրենց ձևակերպմամբ, «հականոնական ու սրբապիղծ գործողությունները» և վերահաստատել աջակցությունը կաթողիկոսին։

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Մենք՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայաստանյան թեմերում սպասավորող քահանաներս, բարձր նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մայիսի 26-ին՝ Ավարայրի ճակատամարտի խորհրդանշական օրը, համախմբված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, գոհություն և փառք ենք վերառաքում Ամենակալ Աստծուն՝ համատեղ աղոթքի և եղբայրական ոգով մեր սրբազան առաքելության շուրջ մտորելու առիթի համար։

Առաքելական քարոզչությամբ հաստատված Հայոց Եկեղեցին Աստծո բարեխնամ հայացքի ներքո շարունակում է անշեղորեն ծառայել հայ ժողովրդին ի Հայրենիս և ի Սփյուռս՝ զորացնելու բարեպաշտ մեր ժողովրդի հավատքը, նախանձախնդրությամբ հետամուտ լինելու ազգային ինքնության պահպանությանը, նպաստելու հայեցի կրթությանն ու դաստիարակությանը և Տիրավանդ իր առաքելությամբ լինելու ճշմարտության ու արդարության ձայնը մեր հասարակության մեջ։

Հայոց Եկեղեցու համար դժվարին այս օրերին, երբ Հայաստանում պետական լծակների կիրառմամբ իրականացվող հակաեկեղեցական գործողություններով փորձ է արվում վերատեսության ենթարկել եկեղեցական դարավոր կարգն ու կանոնը, հրաժարական պարտադրել Ամենայն Հայոց Կաթողիկոսին, և Եկեղեցին, ըստ էության, ենթարկեցնել քաղաքական իշխանությանը, վճռականորեն հայտարարում ենք, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարումը, կանոնական կարգն ու ներքին կյանքը ենթակա չեն որևէ քաղաքական ուժի կամ պետական մարմնի թելադրանքի։ Հակաօրինական և հակասահմանադրական այս արշավն ուղղակիորեն վտանգում է համազգային մեր համերաշխությունն ու հասարակական կայունությունը, լրջորեն հարվածում նաև հայոց պետականության հիմքերին։

Միաժամանակ, խիստ դատապարտելի ենք համարում կարգալույծ հռչակված անձանց կողմից պետական հովանավորչությամբ հականոնական ու սրբապիղծ գործողությունները, վանքերի ու եկեղեցիների, եկեղեցական կառույցների ու միջոցների բռնազավթումն ու ապօրինի գործածումը։ Սա ոչ միայն կանոնական կարգի կոպիտ խախտում է, այլև միտումնավոր փորձ՝ ներսից խարխլելու եկեղեցական միաբանությունը։ Ցավով ենք արձանագրում նաև, որ որոշ քահանա հայրեր ներգրավվում են այս պառակտիչ գործընթացներում՝ դառնալով հակաեկեղեցական ձեռնարկների կամա թե ակամա գործակիցներ։ Նման ընթացքը խորթ է քահանայական ուխտին և չունի հոգևոր, բարոյական ու կանոնական, այլև մարդկային որևէ արդարացում։ Կոչ ենք ուղղում մեր եղբայրներին՝ վերատեսության ենթարկելու իրենց խոտորյալ ընթացքը և բացառել կանոնազանց գործողությունները։

Գոհություն ենք հայտնում առ Աստված, որ աշխարհասփյուռ մեր ժողովուրդը հաստատակամ է իր հավատարմության մեջ առ Սուրբ Էջմիածինը և վճռական՝ պաշտպանելու Հայոց Եկեղեցու իրավունքներն ու արժանապատվությունը։ Յուրաքանչյուր փորձ՝ խաթարելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ինքնիշխանությունը, ոտնահարելու եկեղեցական կարգը կամ նսեմացնելու Ամենայն Հայոց Հայրապետի աստվածահաստատ իշխանությունը, բախվելու է համայն հավատավոր ժողովրդի և ուխտապահ ողջ եկեղեցականության հաստատուն ու անսասան դիմադրությանը։

Հայաստանում առաջիկա ընտրությունների և քաղաքական իրադարձությունների համատեքստում կոչ ենք ուղղում մեր հավատավոր ժողովրդին՝ դրսևորել պատասխանատու վերաբերմունք, զերծ մնալ ապօրինությունից, ատելության խոսքից ու ապատեղեկատվության տարածումից և նպաստել հասարակական համերաշխության կայացմանը։

Հավատարիմ լինելով մեր ուխտին և մյուռոնաբաշխ Սուրբ Էջմիածնին՝ որդիական մեր անվերապահ զորակցությունն ենք հայտնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ փորձության այս օրերին հայրապետական իմաստությամբ, հոգևոր արիությամբ և խաղաղ հաստատակամությամբ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին առաջնորդելու համար։

Առ Աստված ապավինությամբ հայցում ենք, որ Տերն Իր ամենախնամ Աջը տարածի մեր ժողովրդի, մեր Հայրենիքի և Սուրբ Եկեղեցու վրա՝ պահելով Հայաստանը խաղաղ, Հայոց Եկեղեցին՝ անսասան, և մեր հավատքը՝ անխախտ»։