Փաշինյանը բռնագաղթած արցախցուն ասաց՝ ինչո՞ւ չես մեռել․ հարց եմ տալիս՝ Ալիևը քեզ նսեմացրեց, ինչո՞ւ ինքնասպան չեղար․ Հովսեփ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տեսանյութեր
22.05.2026 | 19:00«Բոլորին դեմ եմ» կուսակցության պատգամավորի թեկնածու Հովսեփ Ղազարյանը Factor TV-ի հետ զրույցում պարզաբանել է իրենց ուժի ոչ ստանդարտ քարոզարշավի պատճառները, խոսել քաղաքական դաշտը «մաքրելու» իրենց ծրագրի և առկա քաղաքական մթնոլորտի մասին։
Այն հարցին, թե արդյոք «բոչկա» գլորելու կամ կառավարության շենքի դիմաց մուկ տշելու ակցիաներով իրենք չե՞ն անլրջացնում քաղաքականությունը, Ղազարյանը պատասխանել է.
«Բնավ ոչ, մենք ուղղակի իրերը իրենց անուններով ենք կոչում։ Բոլոր քաղաքական ուժերն այսօր իրար վրա «բոչկա» են գլորում, ուղղակի մենք այդ ամենը վիզուալիզացնում ենք և ցույց ենք տալիս, թե ինչով են զբաղված մնացած քաղաքական ուժերը։ Հիմա հարց կտամ՝ մեր ընտրողներից ո՞վ է լսում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագրերը։ Ո՞վ է լսում «Ուժեղ Հայաստան» կուսակցության ծրագրերը։ Ո՞վ է տեղյակ՝ Գագիկ Ծառուկյանը ի՞նչ է առաջարկում ընտրողներին։ Եթե հարցնես ընտրողներին, թե ինչի մասին են խոսում քաղաքական ուժերը, ապա դա տեղի է ունենում «համբալ, կզցնելու եմ», «ինչի՞ չեք գնացել մեռել» տիրույթում։ Այդ խոսույթից զատ, ատելության մթնոլորտ տարածելուց զատ, այսօր քաղաքական դաշտում ոչինչ տեղի չի ունենում։ Ոչ մի քաղաքական ուժ չի փորձում մրցակցել իր ծրագրով, իր գաղափարով»։
Նա նշել է, որ իրենց նպատակը քաղաքական դաշտից «աղբը» մաքրելն է՝ հստակ եռակետ ծրագրով։
«Մենք ցույց ենք տալիս, թե ինչով են զբաղված մյուս ուժերը։ Մենք ասում ենք, որ սա քաղաքական աղբ է, որը պետք է մաքրել մեր հասարակական-քաղաքական կյանքից։ Մենք ունենք կոնկրետ ծրագիր՝ երեք կետանոց, հարյուրօրյա կառավարումով, որի միջոցով մաքրելու ենք այս աղբը, որի միջոցով նոր քաղաքական ուժերին ճամփա է բացվելու մտնելու քաղաքական դաշտ, որի միջոցով բացառվելու է վարչական ռեսուրսի օգտագործումը, որ Նիկոլ Փաշինյանը այսօր դպրոցներին ստիպում է, դասապրոցեսը կանգնեցնում են, երեխաներին տանում են քարոզարշավ անելու։ Ժամանակ կար, որ Սերժին ամենամեծ հայհոյողը Նիկոլ Փաշինյանն էր, որ դպրոցները ներգրավվում են ու քաղաքականացնում են, ներգրավվում են քարոզչական պրոցեսի մեջ, բայց այսօր այդ անողը Նիկոլ Փաշինյանն է, մի բան էլ Սերժից անցել է»։
Ղազարյանը քննադատել է ընտրական շեմի հետ կապված իրավիճակը, որը, ըստ նրա, 2021 թվականի ընտրություններին հանգեցրել է ձայների կորստի․ «21 թվականին ընտրողների ձայների 19.5%-ը ուղիղ փոշիացվել է։ Պատկերացման համար ասեմ՝ դա այնքան ձայն է, ինչքան ստացել է երկրորդ քաղաքական ուժը՝ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ուժը։ Այսինքն, այդքան քաղաքացու քվե ուղղակի փոշիացվել է։ Ես հրաժարվում եմ հավատալ, որ մեր հասարակությունը ներկայացնում են երկու տեսակետ՝ Նիկոլ Փաշինյանի ու Ռոբերտ Քոչարյանի տեսակետները։ Ո՛չ, մեր հասարակությունն ունի բազմաթիվ այլ նրբերանգներ, բազմաթիվ այլ տեսակետներ ու գույներ, և այդ ամեն ինչը ապահովելու համար, որպեսզի չբևեռացվի, ատելության մթնոլորտ չներշնչվի և դրա հողի վրա Նիկոլ Փաշինյանը նորից չվերարտադրվի, մենք այս ծրագրային կետերով ենք հանդես եկել, որը կոնկրետ խնդիրների լուծում է»։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հռետորաբանությանը՝ «Բոլորին դեմ եմ» կուսակցության ներկայացուցիչը հիշեցրել է.
«Ում [Արցախից բռնի տեղահանված անձին] հելնում հայտարարում է՝ ինչի՞ չես գնացել մեռել, ինչի՞ չես գնացել զոհվել։ Իսկ ես ուրիշ հարց եմ ուզում հղել… որ այդպես լավ ղեկավար էիք, երբ ձեզ նսեմացնում էր Ալիևը նոյեմբերի 9-ին, այդ իր հայտարարությամբ, որ ասում էր՝ «Օլդու, Փաշինյան», որ այդպես լավ ղեկավար էիր, ինչի՞ ինքնասպան չեղար։ Որ այդպես լավ հրամանատարներ եք, այդ խայտառակությունից հետո ինչի՞ ինքնասպան չեղաք։ Թե՞ մեղքը սովորական զինվորի վրա գցելը, մեղքը ուրիշների վրա գցելը, այլ քաղաքական ուժերի, որոնք այդ ժամանակ նույնիսկ պատասխանատվություն չեն կրել, որևէ իշխանության մաս չեն եղել, բոլորի վրա մեղքը գցես, ասես՝ միակ ճիշտը ես եմ»։
Խոսելով ապագա անելիքների և խոստումների մասին՝ Հովսեփ Ղազարյանը վստահեցրել է, որ իրենք իշխանության չեն ձգտում այս ֆորմատով և պատրաստ են հեռանալ, եթե իրենց ծրագիրը չիրականանա։
«Մենք ձեզ հնարավորություն ենք տվել քվեարկել բոլորին դեմ։ Դուք կարող եք այս կառավարման համակարգին ձեր վերաբերմունքը ցույց տալ՝ հունիսի 7-ին գալով ընտրատեղամաս և ընտրելով «Բոլորին դեմ եմ»։ Մենք չենք ուզում գանք Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի ղեկավարմամբ դեպուտատ աշխատենք, որ դհոլի դեր կատարենք մոտակա հինգ տարիներին։ Մենք գալիս ենք փոփոխություններ անենք և 100 օր հետո լուծարենք մեր կուսակցությունը։ Եթե մենք ընտրվենք, սակայն ձևավորվի մեծամասնություն, և մենք չկարողանանք դրա վրա ազդեցություն գործել, մենք վայր ենք դնելու մեր մանդատները և Ազգային ժողովի դեպուտատ չենք աշխատելու»։
Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան