Իսրայելը քննարկում է Ստամբուլում հյուպատոսության փակման հարցը՝ Թուրքիայի հետ լարված հարաբերությունների ֆոնին
Քաղաքականություն
20.05.2026 | 23:00
Իսրայելը քննարկում է Ստամբուլում իր գլխավոր հյուպատոսությունը փակելու հարցը, ինչը կհանգեցնի նրան, որ Անկարայում Իսրայելի դեսպանատունը կմնա Թուրքիայում միակ պաշտոնական դիվանագիտական առաքելությունը, հաղորդել է իսրայելական Ynet-ը, փոխանցում է Turkish minute-ը:
Թուրքիայում Իսրայելի երկու առաքելություններն էլ՝ Անկարայում գտնվող դեսպանատունը և Ստամբուլում գտնվող գլխավոր հյուպատոսությունը, 2023 թվականի հոկտեմբերից ի վեր տեղում իսրայելցի դիվանագետներ չունեն։ Թուրքիայում նշանակված իսրայելցի դիվանագետները տեղակայված են Բուլղարիայում, իսկ Թուրքիայում տեղացի աշխատակիցներն աշխատում են տնից։
Ստամբուլում Իսրայելի հյուպատոսությունը կայքում հրապարակված հաղորդագրությամբ հայտնում է, որ այն «փակ է հանրության համար՝ մինչև հետագա ծանուցում», իսկ հյուպատոսական օգնություն խնդրողներին ուղղորդում է արտակարգ իրավիճակներում գործող WhatsApp համարին և էլեկտրոնային փոստի հասցեներին։
Ynet-ը նշել է, որ Իսրայելի ԱԳՆ-ի ներսում չկա կոնսենսուս առաքելության փակման վերաբերյալ: Որոշ պաշտոնյաներ նշում են, որ դատարկ հյուպատոսությունը բաց պահելը վատնում է պետական միջոցները, մինչդեռ մյուսները զգուշացնում են, որ հետագայում դրա վերաբացումը կարող է դժվար լինել։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ մեկ այլ մտահոգություն է Ստամբուլի հրեական համայնքը, որը Ynet-ի կողմից գնահատվում է շուրջ 15,000 մարդ: Հյուպատոսության փակումը կարող է դիտվել որպես համայնքին հասցված հարված։
Թուրքիայի հարցերով իսրայելցի փորձագետ Հայ Էյթան Քոհեն Յանարոջաքը Ynet-ին ասել է, որ հյուպատոսության փակումը կլինի «շատ լուրջ սխալ»՝ պնդելով, որ Իսրայելը պետք է հաշվի առնի առաքելության դիվանագիտական արժեքը, այլ ոչ թե միայն դրա գինը։ Ըստ նրա՝ Իսրայելի դիվանագիտական ներկայությունը Թուրքիայում կարող է լծակ ծառայել Անկարայի հետ ապագա հարաբերություններում: Յանարոջաքը նաև նշել է, որ միակողմանիորեն Իսրայելի կողմից հյուպատոսության փակումը, հավանաբար, չի հանգեցնի Թուրքիայի կողմից զուգահեռ քայլերի, քանի որ Անկարան իր հյուպատոսությունը Երուսաղեմում չի համարում համարժեք Ստամբուլում Իսրայելի հյուպատոսությանը։
Ynet-ը հայտնել է, որ Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը վերջնական որոշում չի կայացրել։
Այս քննարկումը տեղի է ունենում հյուպատոսության մոտ տեղի ունեցած անվտանգային միջադեպերից հետո: Այս ամիս մի տղամարդ ձերբակալվել է դեսպանատան մոտ գտնվող շենքի վրա կրակ բացելուց հետո, որի հետևանքով վիրավորներ կամ վնասներ չեն եղել: Ապրիլին էլ զինված անձինք կրակ են բացել հյուպատոսության շենքի մոտ՝ վիրավորելով երկու ոստիկանի, իսկ իրավապահ մարմինները սպանել են հարձակվողներից մեկին։
Թուրքիան և Իսրայելը դիվանագիտական հարաբերությունները լիարժեք վերականգնել էին 2022 թվականին՝ տարիների լարվածությունից հետո, համաձայնվելով վերանշանակել դեսպաններին նրանց հետ կանչելուց չորս տարի անց։ Հարաբերությունները կրկին վատթարացան 2023 թվականի հոկտեմբերից հետո։ Այդ ամիս Թուրքիայում Իսրայելի դեսպանը լքեց երկիրը՝ այլ իսրայելցի դիվանագետների հետ միասին։ Ավելի ուշ Թուրքիան հետ կանչեց իր դեսպանին Թել Ավիվից՝ խորհրդակցությունների համար։
Լարվածությունը չի սահմանափակվել միայն Իսրայելի կողմից Գազայի վրա հարձակումով։ Երկու երկրները բախվել են նաև Սիրիայի հարցում, որտեղ Թուրքիան փորձել է ազդեցություն ունենալ նոր կառավարության վրա, իսկ Իսրայելը հարվածներ է հասցրել՝ միաժամանակ զգուշացնելով այնտեղ թուրքական ռազմական ընդլայնման դեմ։
Թուրք և իսրայելցի պաշտոնյաներն ավելի ուշ տեխնիկական բանակցություններ են վարել Ադրբեջանում՝ Սիրիայում անցանկալի բախումները կանխելու համար, որտեղ երկու երկրներն էլ ռազմական շահեր ունեն։
Գազան դեռևս մնում է հանրային դիմակայության ամենաակնհայտ աղբյուրը: Թուրքիան մեղադրել է Իսրայելին ցեղասպանության մեջ, դիմել է Միջազգային դատարանում Իսրայելի դեմ Հարավային Աֆրիկայի ցեղասպանության գործին միանալու համար և 2024 թվականի մայիսին հայտարարել է Իսրայելի հետ ուղիղ առևտրի դադարեցման մասին:
Սակայն Թուրքիայի դիրքորոշումը քննադատության է արժանացել նաև պաղեստինյան համերաշխության խմբերի և ՄԱԿ-ի հետ կապված զեկույցների կողմից: ՄԱԿ-ի օկուպացված պաղեստինյան տարածքների հարցերով հատուկ զեկուցող Ֆրանչեսկա Ալբանեզեի՝ 2025 թվականի հոկտեմբերի զեկույցում ասվում է, որ Թուրքիան այն երկրների շարքում է, որոնց գործողությունները չեն համապատասխանել իրենց հռետորաբանությանը՝ հղում անելով թուրքական նավահանգիստներից Իսրայել անուղղակի առևտրի, նավթի առաքումների և վերբեռնումների մասին հաղորդագրություններիը՝ չնայած Անկարայի կողմից առևտրի պաշտոնական կասեցմանը: Դա նաև վերաբերում է կրկնակի նշանակության ապրանքներին, որոնք կարող են ծառայել քաղաքացիական նպատակների, բայց նաև աջակցել Իսրայելի ռազմական կարողություններին:
Պաղեստինամետ խմբերն առանձին-առանձին հայտարարել են, որ Անկարայի կողմից առևտրային էմբարգոյի հայտարարումից հետո Թուրքիայի Ջեյհան նավահանգստից Իսրայել է հասել առնվազն 57 հում նավթի խմբաքանակ՝ ընդհանուր առմամբ մոտ 47 միլիոն բարել:
Խմբերը հայտարարել են, որ նավթը տեղափոխվել է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով և ավելի ուշ հասցվել Իսրայել, ինչը հիմք է հանդիսացել՝ կոչ անել Թուրքիային՝ առևտրային և էներգետիկ լիակատար էմբարգո կիրառել:
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի