Արցախը «հաջողությամբ» տապալելուց հետո այս իշխանությունը պետք է հեռանա․ նա խոստացել էր պաշտպանել, բայց կորցրինք․ Ալեքսան Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
15.05.2026 | 22:45Հայաստանի անկախության հիմքում կանգնած «Ղարաբաղ կոմիտե»-ի 11 անդամներից մեկը, պատմաբան Ալեքսան Հակոբյանը վստահ է՝ 2023 թվականին Արցախի կորստից հետո գործող իշխանությունը պետք է հեռանա։ Factor TV-ի հետ զրույցում ՀԱԿ-ի պատգամավորության թեկնածուն նշեց, որ եթե 2021 թվականի ընտրություններին մասնակցում էր՝ հասկանալով, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթն ստորագրած ուժը կհաղթի, ապա այսօր իրավիճակը փոխվել է։
«Այն ուժը, որը խոստացել էր, որ կպահպանի, կպաշտպանի, ամեն ինչ տապալեց, պետք է հեռանա։ Հենց հեռանալու համար էլ պետք է քաղաքական լեգիտիմ պայքար, օրինակարգ պայքար, որին եթե չմասնակցես, գուցե կարող է չստեղծվել։ Դրա համար ճիշտ էր մասնակցելը և նպաստելը, որպեսզի դա իրագործվի», – ասաց Հակոբյանը։
Անդրադառնալով վարչապետ Փաշինյանի հայտարարությանը, թե Արցախյան շարժման էջը փակված է, Ալեքսան Հակոբյանը նշեց, որ դա ոչ միայն անարդարացի, այլև հանցագործ մոտեցում է։
«Ավելի կարևոր բնորոշումն այն է, որ դա արդարացի չէ, այդ պնդումն արդարացի չէ, ուղղակի անարդարացի է, սխալ է։ Կարելի է ասել, որ ինչ-որ տեղ հանցագործ մոտեցում է այսօր հայտարարել, որ Արցախյան շարժումը, այդ Արցախի պաշտպանությանն ուղղված բոլոր ջանքերը սխալ էին։ Բայց պարզ է, որ բացի անարդարացի լինելուց, դա նաև համարժեք չէ, այսինքն՝ ադեկվատ չէ այն իմաստով, որ իրականություն չի արտացոլում։ Դա «պրիյոմ» է, ինչպես ռուսերեն են ասում, հնարք է, ընդամենը հնարք է, ընտրական հնարք՝ բավական տգեղ, ուղղված միմիայն վերընտրվելուն։ Ուրիշ ձև չկար, քան այդպես սեղանը շուռ տալով, խաղաքարտերի սեղանը շուռ տալով, ամեն ինչ թարս շրջելով, հակառակը շրջելով ներկայացնել»։
Հակոբյանը, որը Ղարաբաղյան շարժման ակունքներում է կանգնած եղել, վստահեցնում է, որ 90-ականների իշխանությունը մշտապես ձգտել է Ադրբեջանի հետ հարևանական նորմալ հարաբերությունների, սակայն ոչ երբեք Արցախը զիջելու գնով։
«Այդ ամբողջ շրջանում մենք շատ ուղիղ խնդիր ենք դրել, որ Ադրբեջանի հետ ունենալու ենք նորմալ հարևանական հարաբերություններ։ Մենք պատերազմ անում էինք ոչ թե նրա համար, որպեսզի, կներեք, այսպես ասեմ էլի, Բաքուն գրավենք, այնտեղ թեյ խմենք, այլ որպեսզի ապահովենք Արցախի ազատությունը, արցախցիների ազատ ապրելու իրավունքը, և դրանով հանդերձ Ադրբեջանի հետ, որպես հարևան պետություն, ունենանք նորմալ հարաբերություններ։ Այսօրվա համեմատ մեծ, ինչ-որ տեղ 180 աստիճանանոց տարբերություն կա։ Այսինքն, ոչ թե Արցախը հանձնելով ինչ-որ բան պակաս անելով ունենալ Ադրբեջանի հետ նորմալ հարաբերություններ, այլ ընդհակառակը՝ Արցախով հանդերձ։ Հայկական Արցախով հանդերձ Ադրբեջանի հետ ունենալ նորմալ հարաբերություններ։ Առանց Արցախի դա անարդար է և ուղղակի հնարավոր չի պատկերացնել, որ մեր ժողովուրդը, այդ թվում՝ երիտասարդությունը, ունենա նորմալ հարաբերություններ ադրբեջանցիների հետ։ Պետք է հայ չլինել, որպեսզի այդ պայմանով, այսինքն՝ առանց Արցախի, ադրբեջանցիների հետ քիրվայություն անել»։
Խոսելով Տիգրանաշենի (նախկին Քյարքի) ազատագրման մասին, որի գործողությունն ինքն է ղեկավարել, Հակոբյանը նշեց, որ դա ռազմավարական խնդիր էր, քանի որ ճանապարհը փակ էր դեպի Սյունիք։ Նրա կարծիքով, ներկայումս տարածքների խաղաղ փոխանակումը կլիներ ամենանորմալ և պրակտիկ լուծումը։
«Մեր մոտեցումը եղել է այսպես՝ անել եղած հնարավորությունների սահմաններում մաքսիմալը։ Այդ եղած հնարավորությունների սահմաններում, երբեք ոչ ավելին։ Ամենից արդարը կլինի, որպեսզի այդպիսի փոխանակումներ լինեն։ Այն, որ խիստ գնում են, որ սահմանների անխախտելիության հարց, այո, անխախտելիության հարցը որպես սկզբունք շատ կարևոր է, բայց հենց այդ սկզբունքի մեջ պետք է ինչ-որ լուծումներ լինեն»։
Ի պատասխան ՀԱԿ-ի հասցեին հնչող քննադատություններին, թե ուժը պասիվ է և ապրում է անցյալով, Հակոբյանը նշեց, որ աշխատանքը կուսակցությունում շատ ակտիվ է ընթանում։ Նա կանխատեսում է, որ ընտրություններից հետո կձևավորվի կոալիցիոն կառավարություն։
«Հայ Ազգային Կոնգրեսը միշտ եղել է այն, ինչ որ հիմա նաև ուղիղ հայտարարում է, այսինքն՝ խելամիտ ուղու կողմնակից է։ Իմ կարծիքով, լինելու են մոտ վեց-յոթ ուժ, դրանց մեջ նաև ՔՊ-ն էլ կլինի, ես կարծում եմ, իներցիայով կլինի, մյուսները կամ մյուսների մի մասը, մեծ մասը կստեղծի այն կոալիցիան, որը Հայաստանը նորմալ կղեկավարի։ Կարծում եմ, որ մենք կունենանք առողջ հասարակություն, մենք կունենանք ազգային մեր խնդիրների նկատմամբ դրական, նորմալ վերաբերմունք, մենք կունենանք մեր ռեսուրսների օգտագործում այդ խնդիրները՝ մեր պետական, ազգային խնդիրները լուծելու համար՝ ռեսուրսների մաքսիմալ օգտագործում», – եզրափակեց Ալեքսան Հակոբյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան