«Նիկո՛լ, դավաճան» բղաված բլոգերը կալանավորվել է մեկ ամսով
Հասարակություն
15.05.2026 | 11:55
Շենգավիթ վարչական շրջանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ «Նիկո՛լ, դավաճան» բղաված բլոգեր Արտակ Ավետիսյանը 1 ամսով կալանավորվել է։ Այս մասին Factor.am-ը տեղեկացավ Քննչական կոմիտեից։
Քննչական կոմիտեն երեկ հայտնել էր, որ բլոգեր Արտակ Ավետիսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ ֆեյսբուքյան տեսանյութում ատելություն, խտրականություն և թշնամանք հրահրող հայտարարություններ անելու համար։ Նա ձերբակալվել էր, իսկ դատարան էր ներկայացվել կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն։
Նշենք, որ համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր՝ ինչպես էին իրավապահները բերման ենթարկում տղամարդուն, իսկ նրա հարազատները պնդում էին, որ վերջինը դիմադրություն չէր ցուցաբերում, իսկ ոստիկանների գործողությունները բռնի են։
ՆԳՆ ոստիկանությունից Factor TV-ի հայտնել էին, որ ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու կասկածանքով 1 անձ ձերբակալվել և տեղափոխվել էր Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։
Հիշեցնենք, որ ֆեյսբուքյան օգտատեր Արամ Հարությունյանն էր տեսանյութ տեղադրել, որտեղ քաղաքացին, մինչ բերման ենթարկվելը, կոշտ ու վիրավորական արտահայտություններով դիմում էր Նիկոլ Փաշինյանին՝ ներկայանալով որպես «շենգավիթցի Արտակ» և հայտարարում էր, որ սպասում է վարչապետին Շենգավիթում։ «…էդ թռածներիդ կուտոկին հավաքի, արի Շենգավիթ»,- ասում էր նա տեսանյութում։
Անի Թամրազյան