Տաշիրի պոլիկլինիկայում ՔՊ-ի տարբերանշան-քարտեզի պատճառով միջադեպ է տեղի ունեցել․ մեկ անձ ձերբակալվել է
Հասարակություն
14.05.2026 | 18:26
ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ Տաշիրի պոլիկլինիկայում տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել հոգեկան ներգործության և խուլիգանության հոդվածներով։ Ըստ հաղորդման՝ Ն.Պ.-ն վիրավորել և սպառնացել է Ն.Գ.-ին՝ վերջինիս օձիքին փակցված ՔՊ ղեկավարի նվիրած քարտեզը նկատելուց հետո, ինչի հետևանքով Ն.Գ.-ն ընկել և գլխի վնասվածք է ստացել։
«ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում առերևույթ հանցանքի մասին ստացված հաղորդման համաձայն՝ 2026 թվականի մայիսի 14-ին Տաշիր համայնքի պոլիկլինիկայում Ն.Պ.-ն նկատելով Ն.Գ.-ի օձիքին փակցված՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավարի կողմից նվիրած քարտեզը՝ վիրավորել է նրան, ապա պահանջել է հեռանալ պոլիկլինիկայից՝ հայտնելով, որ այդ տարածքը Ս.Կ.-ին է պատկանում, որից հետո սպառնացել է դանակով հարվածել, այնուհետև, քարտեզը քաշել է օձիքից, ինչի հետևանքով Ն.Գ.-ի ինքնազգացողությունը վատացել է, վայր է ընկել և գետնին հարվածելու հետևանքով գլխի շրջանում ստացել մարմնական վնասվածք:
Հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (հոգեկան ներգործությունը՝ քաղաքական կամ այլ հայացքներով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով) և 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը):
Վերջինս ձերբակալվել է»,- ասված է հաղորդագրությունում։