Չինաստանի ՊՆ երկու նախկին ղեկավարները մահապատժի են դատապարտվել
Քաղաքականություն
07.05.2026 | 23:30
Չինաստանի երկու նախկին պաշտպանության նախարարներ՝ Վեյ Ֆենհեն և Լի Շանֆուն, դատապարտվել են մահապատժի՝ իրականացման երկու տարվա հետաձգմամբ, հաղորդում է Reuters-ը։ Երկուսն էլ մեղավոր են ճանաչվել կաշառք ստանալու և տալու մեջ, գրում է The Insider-ը։
Հետաքննությունը պարզել է, որ Լի Շանֆուն ընդունել է խոշոր չափերի կաշառք, նաև կաշառք տվել՝ չկատարելով իր «քաղաքական պարտականությունները» և օգտագործելով իր պաշտոնը՝ կադրային արտոնություններ ստանալու համար։
2023 թվականին Վեյ Ֆենհեին մեղադրանք է առաջադրվել «մեծ չափերի գումարներ և արժեքավոր իրեր» ընդունելու և սահմանված ընթացակարգերի խախտմամբ պաշտոններում իր ցանկալի անձանց նշանակմանը նպաստելու համար։ Նրա գործողությունները բնութագրվել են որպես «բնույթով չափազանց լուրջ, որը լուրջ վնաս է պատճառել»։
Չինական օրենսդրության համաձայն՝ երկու տարվա հետաձգմամբ մահապատիժը սովորաբար փոխարինվում է ցմահ ազատազրկմամբ, եթե դատապարտված անձը բանտում գտնվելու ընթացքում չի կատարում որևէ այլ դիտավորյալ հանցագործություն։
«Սինհուա» լրատվական գործակալությունը պարզաբանում է, որ պատժի մեղմացումից հետո երկուսն էլ կկրեն ցմահ ազատազրկում՝ առանց պատժի հետագա մեղմացման կամ պայմանական վաղաժամկետ ազատման հնարավորության։
Reuters-ը նշում է, որ 2012 թվականին Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի իշխանության գալուց հետո չինական բանակը դարձել է կոռուպցիայի դեմ պայքարի արշավի հիմնական թիրախներից մեկը։ 2023 թվականին զտումները հասան նաև ՉԺՀ-ի էլիտար հրթիռային ուժերին, որը վերահսկում է միջուկային զինանոցը և սովորական հրթիռները։
2026 թվականի սկզբին գեներալ Չժան Յուսյան, որը Սի Ցզինպինի նախկին դաշնակիցն էր և համարվում էր երկրի հիմնական ռազմական առաջնորդներից մեկը, հեռացվել էր Կենտրոնական ռազմական խորհրդից։
Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի (CSIS) տվյալներով՝ 2022 թվականից ի վեր չինական բանակում տեղի ունեցած զտումներն անդրադարձել են ավելի քան 100 բարձրաստիճան պաշտոնյաների և խաթարել են զինված ուժերի մարտունակությունը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի