Լրագրողն ահազանգում է՝ Վեդիում անչափահաս քույրերը սեռական բռնության են ենթարկվել. պատկան մարմինները պարզաբանում են
Հասարակություն
04.05.2026 | 16:00
Վերջին օրերին լրագրող Սյուզի Բադոյանը գրառումներ է կատարում ֆեյսբուքյան էջում պնդելով, որ Վեդի համայնքում սեռական բռնության են ենթարկվել անչափահաս քույրեր.
«Քույրերը Վեդու երկու տարբեր դպրոցներում սովորող աշակերտներ են, որոնցից մեկը` ավագ դպրոցում սովորողը, ունի առողջական խնդիրներ, ինչի պատճառով նաև հոգեբանական խոշտանգումների է ենթարկվել` սեռական ոտնձգությունից հետո։ Իսկ երկրորդին, երբ բռնությամբ այլասերված գործողություններ անելուց հետո երեխան ասել էր՝ բոլորին կասեմ, 65-ամյա տղամարդը ձեռքերը կոկորդին սեղմելով երեխային սպառնացել էր, թե կխեղդի. պայման է դրել սպառնալիքներով, որ ընտանիքից ոչ ոք չպիտի իմանա»,- գրում է լրագրողը և հավելում, որ տղամարդը երեխաներից մեկին մեկ այլ տղամարդու է «տվել», որը ևս սեռական բռնության է ենթարկել աղջկան։
Factor TV-ն փորձեց մանրամասներ ճշտել Վեդու համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանից, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։ Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը զերծ մնաց դեպքի մասին մանրամասներից.
«Իրավապահ և ուժային կառույցների ուշադրության ներքո է հարցը, չխանգարենք իրենց։ Իմ իմանալով՝ մեկ անչափահասի մասին է խոսքը՝ 17 տարեկանի, մնացածի մասին ինֆորմացիայի չեմ տիրապետում»։
Հարցին՝ ծանո՞թ է աղջկա ընտանիքին, դեպքի մասին ահազանգից հետո արդյո՞ք հանդիպել է նրանց հետ, Թևոնյանը բացասական պատասխան տվեց։
Դեպքից որոշ մանրամասներ Factor TV-ին տրամադրեցին Ներքին գործերի նախարարությունից։ Մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը նշեց, որ անհիմն են այն պնդումները, թե ՆԳՆ-ն որևէ դեպք է կոծկում։
«Ընդհակառակը՝ Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնում ստացված տեղեկությունների հիման վրա են հրավիրվել քաղաքացիները բաժին, որոնցից էլ ընդունվել են հաղորդումներ։ Իսկ դրանից առաջ ոստիկանություն չեն ստացվել ո՛չ ահազանգեր և ո՛չ էլ՝ հաղորդումներ։
Փետրվարի 12-ին Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնում տեղեկություններ են ստացվել Վեդի քաղաքում օրեր առաջ տեղի ունեցած առերևույթ հանցագործության մասին։ Ըստ տեղեկությունների՝ մեկ անձ սեքուսալ բնույթի բռնի գործողություններ է կատարել անչափահասի նկատմամբ։ Բաժին է հրավիրվել նշված անչափահասի ծնողը, ումից ընդունվել է հաղորդում։
Կարճ ժամանակ անց մեկ անձ կասկածանքով ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։
Ապրիլի 22-ին նույն բաժնում նույնաբովանդակ տեղեկություններ են ստացվել արդեն 17 տարեկան աղջկա վերաբերյալ։ Ոստիկանների անհետաձգելի միջոցառումներով մեկ անձ կասկածանքով ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին»,- նշեց Սարգսյանը։
Քննչական կոմիտեից տեղեկատվություն տրամադրելու համար խնդրեցին գրավոր հարցում ուղարկել։ Factor TV-ն գրավոր հարցում է ուղարկել իրավապահ կառույցին, պատասխան ստանալուց հետո՝ կհրապարակենք։
Ռոզա Վարդանյան