Կարմի՞ր, թե՞ կանաչ․ Փաշինյանի ուղղությամբ նետված խնձորի իրավական երանգները

Լուրեր

16.04.2026 | 19:40
Բաքուն պարզաբանել է, թե Հայաստանից ինչ ներմուծման մասին է խոսքը
16.04.2026 | 19:31
Մբապեն ռեկորդներ է սահմանել «Ռեալում» ու Չեմպիոնների լիգայում, գերազանցել է Մեսիի ցուցանիշը
16.04.2026 | 19:22
Պարզվեց՝ հեղափոխական տղերքն ու աղջիկները առանց պարգևավճարների չեն կարող աշխատել․ Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2026 | 19:10
Դավիթ Սանասարյանի արդարացման դեմ բողոքը կքննեն  դատավորներ Սուրեն Խաչատրյանը, Ժենյա Մելիքսեթյանն ու Արմեն Հովհաննիսյանը
16.04.2026 | 19:00
Եթե ՌԴ-ի հաշվարկն է՝ ՀՀ-ի օդերը փակի, որ հայերը զայրանան՝ իշխանափոխություն անեն, դա կարող է հակառակ արդյունքը բերել․ Արսեն Խառատյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2026 | 18:47
Լիբանանի նախագահը հրաժարվել է խոսել Նեթանյահուի հետ. CNN
16.04.2026 | 18:38
«Արսենալի» ու «Յուվենտուսի» նախկին դարպասապահը մահացել է ավտովթարից
16.04.2026 | 18:30
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Տարվա ուսուցիչ 2026» համապետական մրցույթ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2026 | 18:25
Ռուս գործարարները հետաքրքրված են Ղարաբաղի տարածքներում շինաշխատանքներին մասնակցությամբ․ Օվերչուկ
16.04.2026 | 18:19
Հրահանգվել է՝ մեքենա ունեցողները մի մարդու պես կիրակի օրը պետք է ավտոերթի մասնակցեն․ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2026 | 18:10
ՀԿԿ-ն գաղտնալսումների ձայնագրություն է հրապարակել // Սիմոնյան-Գաֆարովա շփում Ստամբուլում․ ԼՈՒՐԵՐ
16.04.2026 | 18:01
Ռոնալդուի ինքնազգացողությունը վատացել է «Ալ Նասրի» հանդիպումից հետո
16.04.2026 | 17:52
Փաշինյա՛ն, Ալիևը Ձեզ է շանտաժի ենթարկում, Դուք` հայ ժողովրդին. Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2026 | 17:43
ԱԽ քարտուղարն ընդունել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարին
16.04.2026 | 17:34
Փաշինյանը ՆԳՆ ծառայողներին պարգևատրեց «Վարչապետի հուշամեդալով»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դատախազությունը պահանջում է բեկանել «Խնձորի  գործով» 72-ամյա Ալբերտ Առստամյանին արդարացնելու դատավճիռն ու գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։ Ըստ կառույցի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրան ուղեկցող անձանց ուղղությամբ 9-րդ հարկից խնձոր նետած թոշակառուն հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել, խաթարել հասարակության անդորրը։

Չնայած այս դիրքորոշմանը՝ թե՛ առաջին ատյանի դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանը, թե՛ Վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ Նարինե Հովակիմյանը, Վաչե Մարգարյանն ու Էդգար Մանասյանը որոշել են, որ Ալբերտ Առստամյանի արարքում առկա չէ խուլիգանության հանցակազմ։

Factor TV-ն  ուսումնասիրել է 70 տարեկանում Արցախից բռնի տեղահանված Ալբերտ Առսատմյանի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի դատական ակտը, որում առկա են ինչպես գործի մանրամասներ, այնպես էլ դատարանի իրավական վերլուծություն, թե ինչ է խուլիգանությունը։

Ինչու Ալբերտ Առստամյանը խնձոր նետեց 9-րդ հարկից

Ըստ մեղադրանքի՝ 2024 թվականի օգոստոսի 23-ին Ալբերտ Առստամյանը, հասարակության նկատմամբ անհարգալից, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, 9-րդ հարկի շքամուտքի պատշգամբից խնձոր է նետել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ՝ այդ կերպ համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ խախտելով մարդկանց անդորրը։

Դատարանում հիմնական դատալսումների ընթացքում մեղադրյալ Ալբերտ Առստամյանը ցուցմունք է տվել, որ «Նիկոլ Փաշինյանի պատճառով իրենց ընտանիքը մնացել է դրսում, ամեն ինչ՝ տուն-տեղ թողել են Արցախում և եկել այստեղ»։ Դեպքի օրը՝ օգոստոսի 23-ը, Առստամյանի մահացած մոր ծննդյան օրն է. նրա գերեզմանը մնացել է Արցախում: Տղամարդը նշել է, որ մոր ծննդյան օրվա առիթով մի բաժակ օղի է խմել։ Նույն օրը հեռուստացույցով ցուցադրել են Նիկոլ Փաշինյանին հեծանիվ քշելիս, ապա՝ խաշլամա ուտելիս, ինքն ասել է՝ ալիքը փոխեն։ Այդ ընթացքում դուրս է եկել պատշգամբ՝ ծխելու, և Փաշինյանին տեսել է՝ դրսում կանգնած։ Զարմացել է և բարկացել, որ «իրենք ուտելու բան չունեն, իսկ նա խաշլամա է ուտում», ապա ասելով, որ սա բողոքի ակցիա է՝ խնձոր է նետել, սակայն ոչ հենց Փաշինյանի ուղղությամբ։ Նշել է, որ ալկոհոլն իր արարքի վրա ազդեցություն չի ունեցել։  Հավելել՝ այդ պահին իր ձեռքին բաժակ է եղել,  և կարող էր դա նետել, սակայն խնձոր է նետել, քանի որ դրանով ցանկացել է ցույց տալ, որ «Փաշինյանը ճիշտ չի վարվել արցախցիների հետ»։

Առստամյանը հայտնել է նաև՝ Փաշինյանից և նրան ուղեկցողներից բացի այլ մարդիկ չեն եղել իր նետած խնձորի ուղղությամբ։ Ըստ նրա՝ դիտավորություն չի ունեցել բնակիչներին վնասելու և չի տեսել, որ այդտեղ այլ անձի մեքենա կար և կարող էր դրան դիպչել։ Ասել է, որ իր համար էական չի եղել, թե խնձորը կոնկրետ ում կդիպչեր, իր նպատակը եղել է միայն զայրույթն արտահայտելը, այլ ոչ թե դրանով որևէ մեկին հարվածելը։ Ըստ Առստամյանի՝ եթե այդ օրը վարչապետին չտեսներ, ապա հետագայում իր բողոքն այդ ձևով չէր արտահայտի, քանի որ դա համարում է պատահական համընկնում։

ՊՊԾ աշխատակիցն ասել է՝ կարմիր խնձոր է նետվել, մինչդեռ հայտնաբերվել է վնասված կանաչ խնձոր

Հիմնական դատալսումների ընթացքում որպես վկա հարցաքննվել է Նիկոլ Փաշինյանի անվտանգությունն ապահովող պետական պահպանության ծառայության աշխատակից Գրիգոր Մանուկյանը։ Վերջինս հայտնել է, որ դեպքի օրը ծառայության մեջ է եղել։ Երբ  վարչապետը դուրս է եկել շքամուտքից և մոտեցել ծառայողական մեքենային, ինքը կանգնած է եղել ծառայողական և ուղեկցող մեքենաների մեջտեղում ու օդի մեջ նկատել է իրենց ուղղությամբ նետված ինչ-որ իր։ Այն հարվածել է իրենից մի քանի մետր հեռավորության վրա գտնվող մեքենաներից մեկին, ապա ընկել իր ձախակողմյան հատվածում՝ մի քանի մետր հեռավորության վրա։ Նույն ժամանակահատվածում նկատել է, որ շենքի 8-րդ հարկում ինչ-որ մեկը փակում է պատուհանը և վարագույրը ծածկում։  Պատմել է, որ նետված իրը կարմիր խնձոր է, իսկ հարվածողին չի նկատել։

Իրենցից մի քանի մետր հեռավորության վրա քաղաքացիներ եղել են, սակայն չի կարող նշել, թե ովքեր են եղել և քանի հոգի: Կատարել են իրենց ծառայողական պարտականությունները և դուրս եկել այդ վայրից, իսկ այլ հարցերի չի կարող պատասխանել, քանի որ դրանք հանդիսանում են պետական գաղտնիք։ Ասել է՝ անձամբ չի նկատել, որ այդ ամենի արդյունքում քաղաքացիների անդորրը խաթարվի կամ տագնապի մթնոլորտ առաջանա, աղմուկ չի առաջացել, անցուդարձը չի խաթարվել։ Հետագայում նախաքննական մարմնում պարզ է դարձել, որ խնձորը նետվել է 9-րդ հարկից։

Չնայած այն հանգամանքին, որ Գրիգոր Մանուկյանը համոզմունք է հայտնել, որ նետվածը կարմիր խնձոր է եղել՝ դեպքի վայրի զննությամբ՝ շենքի անմիջապես դիմաց՝ խաղահրապարակի աստիճանների վրա հայտնաբերվել է կանաչ վնասված խնձոր։

Ի դեպ,  դեպքից հետո ձևավորվել է քննչական խումբ, այսինքն՝ ոչ թե մեկ, այլ առնվազն երկու քննիչ է զբաղվել այս մեկ խնձորը նետելու առթիվ նախաձեռնված քրեական վարույթով։

Ինչպես է դրսևորվում խուլիգանությունը

Դատավոր Արման Հովհաննիսյանը, դատական ակտով անդրադառնալով հարցին՝ մեղադրյալ Ալբերտ Առստամյանին Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը հիմնավոր է, թե ոչ, դիրքորոշում է հայտնել, որ Ալբերտ Առստամյանին վերագրվող արարքում բացակայում է հանցակազմը։

Դատարանը նշել է, որ այս հանցակազմի անմիջական օբյեկտն են հանդիսանում բնականոն հասարակարգի ապահովմանն ուղղված հասարակական հարաբերությունները, իսկ որպես լրացուցիչ օբյեկտ՝ անձի անձեռնմխելիության, պատվի, արժանապատվության, առողջության, անձանց կամ կազմակերպությունների գույքային շահերի պաշտպանությանն ուղղված հասարակական հարաբերությունները:

Վերլուծելով խուլիգանության հանցակազմը՝ դատարանը նշել է, որ այս հանցագործության օբյեկտիվ կողմը դրսևորվում է․

ա) հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով կամ

բ) իրավական կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով։

Ընդ որում, բոլոր դեպքերում այդ վերաբերմունքը պետք է դրսևորվի

1) անձին ստորացնելով

2) հայհոյանքներով կամ անպարկեշտ արտահայտություններով կամ համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ մարդկանց անդորրը խախտելով,

3) նույն եղանակներով հանրային միջոցառումը, արարողությունը խափանելով,

4) հասարակական նշանակության օբյեկտի, հիմնարկի կամ կազմակերպության բնականոն աշխատանքը խոչընդոտելով։

Ըստ դատարանի վերլուծության՝ խուլիգանության հանցակազմի օբյեկտիվ կողմը դրսևորվում է ինչպես հասարակական նշանակության վայրերում, այնպես էլ հանրության ներկայությամբ՝ հասարակական նշանակություն չունեցող վայրերում սահմանված հասարակական կարգի կոպիտ խախտմամբ, որն արտահայտվում է տվյալ վայրում գտնվող անձանց նկատմամբ անհարգալից վերաբերմունքով կամ իրավական կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհանքով։

Ինչպես կարող է դրսևորվել հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունքը

Դատական ակտում նշվում է, որ հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունքը  դրսևորվում է նրանով, որ անձն ակնհայտորեն խախտում է վարքագծի համընդհանուր ճանաչված կանոնները և բացահայտ արհամարհանք ցուցաբերում հասարակության, նրա առանձին անդամների, ինչպես նաև՝ իրավական նորմերի նկատմամբ։

Նմանատիպ անհարգալից վերաբերմունքը կարող է արտահայտվել կատարված արարքների բնույթով ու տևականությամբ, ինչպես նաև՝ հասարակական կարգը պահպանող մարմինների և դրանց աշխատակիցների նկատմամբ ցուցաբերվող կոպիտ ու արհամարհական վարքով։

Հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունքն արտահայտվում է նաև նրանում, որ խուլիգանությունը, որպես կանոն, հրապարակայնորեն է կատարվում և հասարակության անդամի (անդամների) ներկայությամբ։ Խուլիգանական գործողությունները կարող են կատարվել նաև այնպիսի վայրերում, որի հասարակական բնույթը որոշվում է այնտեղ գտնվող անձի (անձանց) ներկայությամբ:

Հասարակության նկատմամբ դրսևորած վերաբերմունքը գնահատելու չափանիշ է նաև այն, որ հանցավոր արարքը հրապարակայնորեն է կատարվում: Ասվածը, սակայն, չի ենթադրում, որ արարքը խուլիգանություն որակելու համար, բոլոր դեպքերում, պարտադիր է համապատասխան գործողության՝ հանրային վայրում կատարված լինելը, այլ անհրաժեշտ է, որ խուլիգանական գործողությունը հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու և հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու նպատակ հետապնդի։

Այլ կերպ ասած, ըստ դատարանի, արարքը որպես խուլիգանություն որակելու համար բավարար չէ միայն դրա՝ հանրային վայրում կատարված լինելը, քանի որ խնդրո առարկա վարքագիծը պետք է հասարակական կարգը կոպտորեն խախտելու նպատակ ունենա՝ միևնույն ժամանակ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով ինչպես իրավական, այնպես էլ հանրության լայն շրջանակների համար ընկալելի և ընդունելի բարոյական նորմերի նկատմամբ։

Ըստ դատարանի՝ խուլիգանության դրսևորումն իրավական կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունքով առկա է այն դեպքում, երբ հանցավորը գիտակցում է, որ իր վարքագծով խախտում է հասարակությունում ընդունված իրավական կամ բարոյական նորմերը և դրանց նկատմամբ ցուցաբերում է բացահայտ արհամարհական վերաբերմունք։

Ինչպես է դրսևորվում բարոյական և իրավական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունքը

Դատարանը նշում է, որ երբ հարցը վերաբերում է  իրավական նորմերի նկատմամբ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելուն, ապա պետք է որոշակի լինի այն նորմը, վարքագծի կանոնը, որի նկատմամբ մեղադրյալն արհամարհական վերաբերմունք է ցուցաբերել: Մինչդեռ, բարոյական նորմերը չունեն իրավական ձև՝ ամրագրվածություն և կիրառելիություն են ստանում տարիների փորձի և ընդունված բարքերի համատեքստում: Մարդկանց մի խմբի համար որևէ գործողություն կարող է բարոյական դիտվել, իսկ մյուսների համար՝ ոչ: Ուստի՝ բոլոր դեպքերում, երբ խոսքը մեղադրյալի կողմից որևէ բարոյական կանոնի խախտման մասին է, անհրաժեշտ է՝ գոնե որոշակիորեն հստակեցնել, թե որն է այդ կանոնը, և ինչու է այն դարձել հասարակության կողմից (կամ գոնե մի ստվար զանգվածի) համապարտադիր ընդունելի վարքագծի դրսևորման ձև: Այսինքն, բոլոր դեպքերում, ըստ դատարանի,  կարևոր է հասկանալ որևէ գործողության բարոյական նորմերին հակասող լինելու հանգամանքը, և առավելապես՝ այդ հարցում մեղադրյալի դիրքորոշումը:

Խուլիգանական դրդումներն անհրաժեշտ է սահմանազատել արարքը կատարելու պահին անձի մոտ առկա հուզական վիճակից

Մեջբերելով հանցավորի կողմից իր արարքի նկատմամբ ունեցած հոգեբանական վերաբերմունքի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2006 թվականի հոկտեմբերի 24-ի թիվ ՎԲ-223/06 որոշումը՝ Ալբերտ Առտամյանին առաջին ատյանում արդարացրած դատավոր Արման Հովհաննիսյանը նշել է, որ խուլիգանությունը կարող է կատարվել միայն ուղղակի դիտավորությամբ։ Դա նշանակում է, որ մեղավոր անձը ոչ միայն գիտակցում է, որ իր գործողություններով խախտում է հասարակական կարգն ու բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորում հանրության հանդեպ, այլև ցանկանում է կատարել այդ գործողությունները։

Ըստ Վճռաբեկ դատարանի հայտնած դիրքորոշման՝ խուլիգանական արարքը կարող է կատարվել միայն խուլիգանական մղումներից ելնելով։ Իսկ արարքը համարվում է խուլիգանական մղումներով կատարված, եթե այն կատարվում է հասարակության և բարոյականության նորմերի նկատմամբ անթաքույց արհամարհանքի հողի վրա, երբ մեղավոր անձի վարքը հանդիսանում է բացահայտ մարտահրավեր` ուղղված հասարակական կարգի դեմ և թելադրված է լինում շրջապատին հակադրվելու, վերջինի հանդեպ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելու ցանկությամբ: Հետևաբար, եթե մեղավոր անձի գործողությունները կատարվել են ոչ խուլիգանական մղումներով և չեն զուգորդվել հասարակական կարգի կոպիտ խախտմամբ, դրանք չեն կարող որակվել որպես խուլիգանություն:

Մեջբերելով խուլիգանության հանցակազմի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի նախկինում հայտնած իրավական դիրքորոշումը՝ առաջին ատյանի դատարանը նշում է, որ խուլիգանական դրդումներն անհրաժեշտ է սահմանազատել արարքը կատարելու պահին անձի մոտ առկա հուզական վիճակից, որն անձի մոտ առաջացնում է լարվածություն, էմոցիոնալ բեռնվածություն և այլն: Մասնավորապես, եթե արարքն սկսվել է կենցաղային հողի վրա առաջացած վեճի կամ տուժողի հակաօրինական կամ հակաբարոյական վարքագծի հետևանքով, ապա անհրաժեշտ է պարզել՝ արդյոք անձի արարքը (հայհոյանքներ տալը կամ այլ վարքագիծը) ստեղծված իրավիճակին համարժեք հուզական դրսևորում է, թե ուղղված է դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելուն, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն դեպքում, երբ հանցավորի վարքագիծն ուղղված է կոնկրետ անձի, պայմանավորված է նրա հակաօրինական կամ հակաբարոյական վարքագծով և հանդիսանում է հանցավորի հուզական վիճակի արտահայտություն, խուլիգանության հանցակազմը բացակայում է:

Ըստ վճռաբեկ դատարանի՝  արարքը չի կարող որակվել որպես խուլիգանություն այն դեպքերում, երբ`

ա) արարքը կատարվում է ոչ հասարակական վայրում և (կամ) հասարակության անդամների բացակայությամբ,

բ) արարքի հետևանքով հասարակությանը լուրջ անհանգստություն չի պատճառվել,

գ) հանցավորի գործողությունները պայմանավորված են տուժողի հակաօրինական, հակաբարոյական վարքագծով և ուղղված են նրա, այլ ոչ թե հասարակության դեմ,

դ) բացակայում են խուլիգանական դրդումները, իսկ անձի արարքները պայմանավորված են նրա հուզական վիճակով,

ե) հասարակական կարգի կոպիտ խախտման նկատմամբ դրսևորվել է անզգուշություն,

զ) հասարակական կարգը կոպիտ կերպով խախտող արարքը համընկնում է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված այլ հանցակազմի հատկանիշների հետ, սակայն դրա կատարմամբ հանցավորը հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու և հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու նպատակ չունի։

է) այլ դրդումներով կատարված հանցանքը չի վերաճել հասարակական կարգի կոպիտ խախտման, որը դրսևորվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով։

Այսպիսով՝ դատավոր Արման Հովհաննիսյանը  նշել է, որ պետք է սահման անցկացնել բոլոր այն իրավիճակների միջև, երբ հանցավորի առաջնային նպատակն ուղղված է իր սեփական առավելությունն ի ցույց դնելու մոլուցքին և երբ դիտավորությունն ուղղված է որոշակի անձին, սակայն այդ գործողությունների հետևանքով անուղղակի կերպով խախտվում է նաև հասարակական կարգը։ Այլ կերպ ասած՝ ցանկացած իրավիճակում, երբ ոտնահարվում են բարոյականության ընդհանուր նորմերը, խաթարվում է հասարակության բնականոն կյանքն ու գործունեությունը, ողջամտորեն առաջ է գալիս հասարակական կարգի ու բարոյականության ապահովմանն ուղղված հասարակական հարաբերությունների խախտման վտանգը, սակայն խուլիգանության հանցակազմի առկայությունը հավաստելու համար բավարար չէ միայն այն, որ նշված օբյեկտը հանցավորի գործողությունների հետևանքով ոտնահարվի։ Հակառակ մոտեցման պարագայում ՀՀ քրեական օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված հանցավոր արարքների գերակշիռ մեծամասնության դեպքում պետք է համակցել նաև խուլիգանության հանցակազմը։

Ըստ դատավորի՝ այս հանցակազմի առանցքային մասը հանցավորի մոտ սուբյեկտիվ կողմի՝ ուղղակի դիտավորությամբ հասարակական կարգը խախտելու և խուլիգանական դրդումների առկայություն է, իսկ հանցավորի առաջնային կամ գուցե միակ նպատակը հասարակությանը հակադրվելն է։

Մնացյալ բոլոր իրավիճակներում, երբ հանցավորի գործողությունների շարժառիթը ոչ թե հասարակական կարգի (որի մեջ են մտնում անհարգալից վերաբերմունքը, կամ իրավական, բարոյական նորմերի նկատմամբ արհամարհանքը) խաթարումն է, այլ՝ սեփական շահերի, իրավունքների և ազատությունների, պատվի և արժանապատվության (թեկուզ իր սուբյեկտիվ ընկալմամբ) պաշտպանությունը` ինչպես ակտիվ, այնպես էլ պասիվ վարքագծով, ապա այդ գործողությունները չեն կարող խուլիգանություն որակվել՝ շարժառիթի բացակայության հիմքով, չնայած նրան, որ անուղղակի կերպով (անզգուշությամբ) հանգեցնում են հասարակական կարգի և համակեցության ընդհանուր կանոնների խախտմանը։

Այս իրավական դիրքորոշումների լույսի ներքո դատարանն անդրադարձել է 72-ամյա Ալբերտ Աստամյանին մեղսագրվող արարքին։ Ըստ դատարանի՝  տվյալ իրավիճակում առավելապես պետք է վերլուծության ենթարկել խնձորը կոնկրետ ուղղությամբ նետելու և խուլիգանության դրսևորման տեսանկյունից նախաքննական մարմինների կողմից դրան տրված իրավական գնահատականն ու ապացուցվածությունը։

Դատարանը նշել է, որ մեղադրյալի կողմից տրված ցուցմունքի բովանդակությունից պարզ է դառնում, որ վերջինի կողմից իր կատարած քայլը ոչ թե ուղղված է եղել հասարակությանը կամ թեկուզ դրա որոշակի շրջանակի, այլ անմիջապես պաշտոնատար անձին։ Այսինքն՝ մեղադրյալի արարքն արդյունքն է եղել անձի վարած քաղաքականության՝ իր համար ընդունելի չլինելու (իր իսկ ընկալմամբ), և այդ քայլով մեղադրյալը փորձել է արտահայտել իր բողոքը, դժգոհությունը, զայրույթը կամ ինչպես նա է նշում՝ դա եղել է բողոքի ակցիա։ Ավելին՝ մեղադրյալի այդ պատճառաբանությունը որոշակիորեն ավելի ամրապնդվում է այն հանգամանքով, որ դեպքի օրը եղել է վերջինի մահացած մոր ծննդյան օրը, ում գերեզմանը մնացել է Արցախում (ըստ իր խոսքերի)։

«Մեղադրյալն անգամ իր ցուցմունքի սկզբում է նշում, որ իրենց Արցախից Հայաստան գալն իր սուբյեկտիվ ընկալմամբ՝ պայմանավորված է եղել հենց ՀՀ վարչապետի վարած քաղաքականությամբ։ Այլ կերպ` Ալբերտ Առստամյանն ընտանիքով Արցախից Հայաստան գալու և արցախցիների հետ տեղի ունեցածը կապում է կոնկրետ պաշտոնատար անձի վարած քաղաքականության հետ և դրանով պայմանավորված ցանկացել է իր բողոքի ձայնն արտահայտել։ Ընդ որում, վերջինը նույնիսկ նշում է, որ դրանից առաջ ցույցի ևս մասնակցել է, դա իր բողոքի ձայնի շարունակական դրսևորումն է եղել։

Ստացվում է, որ Ալբերտ Առստամյանն ի սկզբանե որոշակի ընդգծված (բացասական) անձնային վերաբերմունք է ունեցել ՀՀ վարչապետի նկատմամբ, իսկ դեպքի օրը, երբ եղել է մոր ծննդյան տարեդարձը և հեռուստացույցով կրկին տեսել է վարչապետին՝ նրա հույզերը տեղի են տվել և անգամ պահանջել է ալիքը փոխել, որից հետո դուրս գալով պատշգամբ՝ վերջինի հուզական վիճակը հասել է գագաթնակետին, երբ շենքի բակում կրկին տեսել է վերը նշված պաշտոնատար անձին։ Եվ այդ ամենի հետևանքը եղել է այն, որ մեղադրյալը կողքին առկա խնձորը շենքի իններորդ հարկից նետել է ցած՝ նրա ուղղությամբ՝ այդ կերպ փորձելով արտահայտել իր դժգոհությունը։ Ընդ որում, պետք է նկատել, որ Ալբերտ Առստամյանն անգամ նշում է, որ իր ձեռքում բաժակ է եղել, սակայն այն չի նետել, այլ պարզապես նետել է մեկ խնձոր»,- դատական ակտում գրել է դատավոր Արման Հովհաննիսյանը։

Դատարանը հատկապես  ուշադրության է արժանացրել այն հանգամանքը, որ մեղադրյալ Ալբերտ Առստամյանն իր ցուցմունքում շեշտադրել է այն, որ խնձորը նետել է ոչ թե կոնկրետ ՀՀ վարչապետին հարվածելու նպատակով, այլ պարզապես՝ նետել է նրանց ուղղությամբ՝ արտահայտելով իր զայրույթը։

Այսինքն՝ մեղադրյալն, ըստ հետազոտված ապացույցների նպատակ է ունեցել այդ քայլով իր բողոքն արտահայտել իր համար ոչ ընդունելի անձի քաղաքական գործընթացների դեմ՝ գտնվելով հուզական լարված վիճակում, այլ ոչ թե խնձորը նետել է անհասցե, առանց պատճառ՝ դրանով իր արհամարհական վերաբերմունքն արտահայտելով հասարակության նկատմամբ։

Դատարանը նաև շեշտել է,  որ խուլիգանության հանցակազմի, դրա շարժառիթների գնահատման տեսանկյունից, որևէ նշանակություն չունի, թե անձի վերաբերմունքը որևէ հարցի շուրջ, այդ թվում՝ պաշտոնատար անձի, վերջինի վարած քաղաքականության նկատմամբ դատողությունները, քաղաքական հայացքները, հակակրանքը, կոնկրետ անձին մեղադրելու պատճառները, օբյեկտիվ են, թե ոչ, արդարացի են, թե այն կրում է, օրինակ՝ սուբյեկտիվ գնահատականներ և ընկալումներ: Այսինքն՝ այս դեպքում Դատարանը գնահատել է  անձի գործողությունների շարժառիթների ոչ թե օբյեկտիվությունը, արդարացիությունը, այլև՝ վերջինի սուբյեկտիվ ընկալումները, դրդապատճառներն արդյոք կարող էին ողջամտորեն հանգեցնել նրան, որ նրա գործողություններն առաջնային ուղղված լինեն կոնկրետ անձի (թիրախավորված) դեմ, այլ ոչ թե՝ հասարակարգի:

Ավելին՝ դատարանը նշել է, որ  խուլիգանության և միջանձնային հարաբերությունների միջև սահմանագծի անցկացման գերակշիռ դեպքերում, երբ անձի արարքը անձնային հարաբերությունների տիրույթում է գտնվում, այն հիմնականում բարոյապես օգտակար չի լինում, այսինքն՝ ոչ իրավաչափ շարժառիթներ է հետապնդում, սակայն ոչ խուլիգանական։

Ամփոփելով վերը նշվածը՝ դատարանը գտնում է, որ Ալբերտ Առստամյանի գործողությունների շարժառիթը ոչ թե հասարակական կարգի խաթարումն է եղել, այլ՝ իր իսկ ընկալմամբ, պատկերացմամբ՝ իր և ընտանիքի հետ տեղի ունեցած ծանր հետևանքներով պայմանավորված անձնական հողի վրա առաջացածի արդյունք է։

Դատարանը ուշադրություն է դարձրել նաև այն հանգամանքին, որ Ալբերտ Առստամյանը դեպքի ժամանակ եղել է 71 տարեկան։

«Դատարանը Ալբերտ Առստամյանի գործողությունների շարժառիթը, նպատակը, այլ կերպ՝ դիտավորությունը գնահատելիս չի կարող չնշել, որ այս դեպքում խոսք չի գնում երիտասարդ կամ ոչ տարեց, կամ նախկինում նմանատիպ արարքների համար դատապարտված անձի մասին, ում էմոցիաների դրսևորումը, համակեցության կանոնների չպահպանելը, անհարգալից վերաբերմունք ցուցադրելը, ի տարբերություն տարեց անձանց, շատ ավելի հավանական է։ Այլ կերպ ասած՝ խուլիգանության հանցակազմն իր բնույթով, որպես կանոն, շատ ավելի բնորոշ է երիտասարդներին կամ գոնե ոչ տարեց անձնավորություններին, ովքեր իրենց կենսակերպով, աշխուժությամբ, տաքարյունությամբ, տարբեր վայրեր գնալով կարող են հայտնվել նման վիճակներում (վեճեր, անախորժ իրավիճակներ) և դրսևորել խուլիգանական վարքագիծ։ Իսկ արդեն 70 տարեկանն անց անձնավորությունը, առերևույթ, ավելի հանգիստ է լինում, հավասարակշիռ, իրեն ցուցադրելու, համակեցության կանոններ խախտելու, արհամարհելու և այլ խուլիգանական վարքագիծ ցուցադրելու անհրաժեշտություն, մղումներ ողջամտորեն չի ունենում։ Ընդ որում, այս դեպքում Ալբերտ Առստամյանը նախկինում նույնիսկ արատավորված՝ դատապարտված չի եղել և ունի բարձրագույն կրթություն»,- նշված է դատական ակտում։

Դատարանն անդրադարձել է նաև հնարավոր այն մեկնաբանությանը, որ վերը նշված եզրահանգումները  հիմնվում են բացառապես մեղադրյալի ցուցմունքի վրա և փաստել, որ մեղադրյալի ցուցմունքը հերքող որևէ փաստ նախաքննության ընթացքում ձեռք չի բերվել և չի հիմնավորվել հնարավոր հակառակ դիտակետը՝ հնարավորություն տալու համար դատարանին համակցության մեջ գնահատել անձի հուզական վիճակը։ Այսինքն՝ տվյալ ապացույցն ապացուցման առարկա կազմող անձի դիտավորության գնահատման միակ աղբյուրն է։

Դատարանն անդրադարձել է նաև մեղադրանքում տեղ գտած այն ձևակերպումը, ըստ որի՝ մեղադրյալ Ալբերտ Առստամյանի գործողությունների արդյունքում, վերջինը համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, խախտել է մարդկանց անդորրը:

Դատական ակտում նշվում է, որ հանցակազմի ընդհանուր տրամաբանությամբ, նախ պետք է արձանագրել, որ մարդկանց անդորրը խախտելու հասկացության համար պետք է ելնել դրանում օգտագործված բառերի առանձին նշանակությունից։ Մասնավորապես՝ բացատրական բառարանում «անդորր» բառը նշանակում է խաղաղ, հանգիստ , իսկ «խախտելը» մեկնաբանվում է որպես խարխլել, անհանգիստ դարձնել ։ Այսինքն՝ ստացվում է, որ մարդկանց անդորրը խախտելը ենթադրում է բնականոն, հանգիստ իրավիճակը խափանել, որի արդյունքում մարդկանց որոշակի շրջանակում կարող է առաջանալ անհանգիստ, տագնապային և ոչ կայուն իրավիճակ։ Պարզ ասած՝ հանցավորի գործողությունների արդյունքում մարդիկ իրենց բնականոն վիճակից անցնում են այլ՝ իրենց համար ոչ բնական և ոչ հանգիստ իրավիճակի։

Տվյալ դեպքում, ըստ դատարանի, ՝ Ալբերտ Առստամյանի կողմից խնձորը նետվել է այն ուղղությամբ, որտեղ գտնվել են Նիկոլ Փաշինյանը և  նրա անձնակազմը, սակայն Առստամյանի դիտավորությունը, այնուամենայնիվ, չի եղել նրանցից որևէ մեկին դիպչելը, այլ նպատակ է ունեցել իր բողոքի ձայնն արտահայտել։ Ըստ դատարանի՝  հասարակության անդորրը  չխաթարվելու մասին վկայում է նաև հենց Փաշինյանի անվտանգությունն ապահովող ՊՊԾ աշխատակից Գրիգոր Մանուկյանի ցուցմունքը, որում վկան նշել է, որ մեղադրյալի գործողությունների արդյունքում իրենց կողմից իրականացվելիք ծառայությունը ոչ մի կերպ չի խաթարվել, իրենք շարունակել են կատարել իրենց բնականոն պարտականությունները, իսկ ապա դուրս եկել շենքի բակից։ Ավելին՝ ինքն անձամբ չի նկատել, որ տարածքում գտնվող քաղաքացիների անդորրը խաթարված լինի կամ տագնապի մթնոլորտ առաջանա, այլ կերպ ասած՝ անհանգստության մթնոլորտ տիրի։ Դատարանը նաև դիտարկել է, որ դեպքը տեղի է ունեցել բազմահարկ շենքի բակում և ներկայացված ապացույցներում չկա գեթ մեկ տվյալ, որը կվկայեր բնակիչների կամ ցանկացած այլ անձի տագնապի ենթարկված և/կամ անդորրը խախտված լինելու մասին։

«Դատարանը վերը քննարկածի համատեքստում հարկ է համարում նշել, որ տվյալ դեպքում խոսք է գնում իններորդ հարկից խնձոր նետելու մասին, որի պայմաններում ինչպես նետելու համար ընտրված առարկան (խնձորը), այնպես էլ տարածքային հեռավորությունը (իններորդ հարկը) ողջամտորեն շատ ավելի խոսում են մարդկանց անդորրը խախտելու հնարավորության, հավանականության նվազ լինելու մասին, քան՝ հակառակը: Ընդ որում, Ալբերտ Առստամյանի գործողությունները, առերևույթ, եղել են անձայն, մարդկանց ուշադրությունն իր վրա հրավիրելու ուղղությամբ որևէ արտահայտություն, հայհոյանք, կամ այլ բացականչություն չի կատարվել և նույնիսկ վերջինի գործողությունները (իր ֆիզիկական շարժումները, դեմքը) տեսանելի չեն եղել ներքևում գտնվող մարդկանց համար»,- նշել է դատավորը՝ միևնույն ժամանակ  շեշտելով,  որ թեև Ալբերտ Առստամյանին մեղսագրվող արարքում խուլիգանության հանցակազմը բացակայում է, սակայն, բոլոր դեպքերում, վերջինի արարքը չի կարող համարվել միանշանակ ընդունելի և դառնալ ընդօրինակելի վարքագիծ հասարակության համար, քանի որ բողոքի ձայնը կարելի է արտահայտել օրենքով սահմանված կարգով (համենայն դեպս՝ իրավական և/կամ բարոյական նորմեր չպետք է խախտվեն): Բանը կայանում է նրանում, որ եթե, օրինակ՝ մեղադրյալի կողմից նետվեր որևէ այլ իր (օրինակ՝ քար, երկաթե կտոր), ապա այն կարող էր այլ հետևանքներ առաջացնել կամ նույնիսկ չառաջացնելու դեպքում խոսք գնար, օրինակ՝ նվազագույնը չկոնկրետացված դիտավորությամբ որևէ անձի առողջությանը թեթև վնաս պատճառելու փորձի մասին, սակայն՝ քննարկվող իրավիճակում կրկին հաշվի առնելով Ալբերտ Առստամյանի կողմից նետված իրը՝ խնձորը և նաև նրա դիտավորության ուղղվածությունը (որևէ կոնկրետ անձի դիպչելու դիտավորության և խուլիգանության հանցակազմի բացակայությունը)՝ Դատարանը գտնում է, որ բացառապես խնձոր նետելը չի կարող հանցավոր համարվել:

Այս և այլ հանգամանքներ մատնանշելով՝ դատարանը որոշել է Ալբերտ Առտամյանին արդարացնել:

Այս որոշումը մնացել է անփոփոխ նաև Վերաքննիչ դատարանում, սակայն, ինչպես արդեն վերը նշեցինք, Դատախազությունը համաձայն չէ արդարացման դատական ակտի հետ և Վճռաբեկ դատարան բողոք է ներկայացրել։

Նշենք, որ որպես խուլիգանություն են որակվել նաև «Իմնեմնիմի» փոդքաստի վարողներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի՝ յութուբյան եթերում հնչեցրած արտահայտությունները, եկեղեցում 18-ամյա Դավիթ Մինասյանի արարքը, որը մեկնաբանվել է որպես վարչապետին հարվածելու փորձ։ Իրավական հանրության շրջանում քննարկումներ կան, որ անհրաժեշտություն է առաջացել 2022 թվականի հուլիսի 1-ից գործող Քրեական օրենսգրքի պայմաններում մեկնաբանել խուլիգանության հանցակազմը։

 

Factor TV-ի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Քրեական օրենսգրքի ուժի մեջ մտելուց հետո էականորեն աճել է խուլիգանությունը սահմանող Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածով դատարան ուղարկված գործերի թիվը։ Մասնավորապես՝ եթե 2020, 2021 և 2022 թվականներին դատարան էր ուղակվում նախկին քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածով  (խուլիգանությունը) տարեկան միջինը 110 գործ, ապա 2023-ից մինչև 25-ը ներառյալ խուլիգանության հոդվածով 297 հոդված) դատարան է ուղակվում տարեկան 205 գործ, այսինքն՝ գրեթե կրկնակի ավելի։

 

Արաքս Մամուլյան