Սամվել Կարապետյանը հրաժարվում է երկքաղաքացիությունից․ միլիարդատերը խոսեց դատարանի դահլիճում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
15.04.2026 | 20:349 ամիս տևած նախաքննությունից հետո այսօր մեկնարկեց միլիարդատեր, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի գործով դատավարությունը։ Տնային կալանքի տակ գտնվող Կարապետյանը դատարան բերվեց։
Նիստի մեկնարկին տեսանկարահանումն արգելվեց․ գործարարի փաստաբանները հիմնավորեցին, որ այն կարող է խոչընդոտել իրենց աշխատանքը։ Դատարանը բավարարեց միջնորդությունը՝ թույլատրելով միայն ձայնագրություն։ Թեև «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարում է՝ Կարապետյանն իրենց վարչապետի թեկնածուն է, նա չի կարող անմիջական մասնակցություն ունենալ ընտրություններին, քանի որ ունի նաև Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիություն։
«Ես Հայաստանի քաղաքացի եմ, Հայաստանի ռեզիդենտ եմ, բայց ունեմ ևս երկու անձնագիր՝ Ռուսաստանի և Կիպրոսի։ Այս պահին սկսել եմ այդ անձնագրերից հրաժարվելու գործընթացը»,- դատարանի դահլիճում ասաց Սամվել Կարապետյանը։
60-ամյա միլիարդատերն ասաց՝ վստահ է հաղթանակի մեջ, այդ պատճառով էլ սկսել է անձնագրերից հրաժարվելու գործընթացը։ Կարապետյանը նաև հավելեց՝ ինքը տնտեսական գիտությունների դոկտորի կոչում ունի։ Գործարարը մեղադրվում է քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչից մինչև հանցավոր ծագում ունեցող միջոցների օրինականացում, մեղքը չի ընդունում: Կարապետյանի փաստաբանները միջնորդություն էին ներկայացրել նրան տնային կալանքից ազատելու վերաբերյալ և խնդրել դա քննել առաջնահերթության կարգով։
«Մեզ համար յուրաքանչյուր րոպեն էական է։ Ապրիլի 21-ին նախատեսված է «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարը։ Կուսակցության նախագահը պետք է հնարավորություն ունենա մասնակցելու իր կուսակցության աշխատանքներին և ցուցակների կազմավորմանը»,- ասաց Վարդևանյանը։
Հաջորդ շաբաթ կայանալու է «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարը, Կարապետյանը ցանկանում է մասնակցել դրան։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը սա բավարար հիմք չի համարում խափանման միջոցը վերացնելու համար։
«Հայաստանում կան հարյուրավոր կուսակցություններ, և այդ կուսակցությունները ունեն հարյուրավոր ղեկավարներ, և դա քրեական հետապնդումից կամ քրեական հետապնդմամբ պայմանավորված խափանման միջոցից ազատման հիմք չի»,- ընդգծեց Իոաննիսյանը։
Իսկ հանրային մեղադրող Արգամ Դալլաքյանը միջնորդել է Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգել ևս 3 ամսով՝ պնդելով, որ նա կարող է ազդեցություն ունենալ գործով անցնող անձանց վրա։ Կարապետյանի փաստաբան Վարդևանյանը հակադարձում է՝ մեկ ամիս առաջ դատարանը կալանքը երկարաձգել էր՝ հիմնվելով նախաքննության ակտիվ գործողությունների վրա, մինչդեռ այժմ նախաքննությունն ավարտված է։
«Ես իսկապես ուզում եմ հասկանալ՝ որտեղ կարող է լինել ողջամտությունը։ Ի դեպ, դրա պատասխանը ես դատական նիստի ընթացքում տվել եմ՝ պարոն Դալլաքյանը չի հանդիսանում անկողմնակալ դատախազ»,- ասաց Վարդևանյանը։
Պաշտպանական կողմը գործը որակում է որպես քաղաքական հետապնդում։ Այդուհանդերձ, Իոաննիսյանի կարծիքով տնային կալանքի որոշումն իրավաչափ է։ Նա նաև հիշեցնում է Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը։
«Վլադիմիր Պուտինը ասում է, որ այ Հայաստանում ռուսամետ քաղաքական ուժեր ու քաղաքական գործիչներ կան՝ ակնհայտորեն նկատի ունենալով Սամվել Կարապետյանին, ու պահանջում է, որ Սամվել Կարապետյանին ազատ արձակեն։ Գոնե ինձ համար դա լրացուցիչ հիմք է, որ ևս մեկ անգամ մտածենք՝ արդյո՞ք Սամվել Կարապետյանին արժի ազատել, թե ոչ»,- նկատում է Դանիել Իոաննիսյանը։
ՌԴ նախագահը, մասնավորապես, ասել էր, որ ոմանք ազատազրկման վայրերում են չնայած այն հանգամանքին, որ ռուսական անձնագիր ունեն։
«Դա Ձեր որոշումն է, մենք չենք միջամտում, բայց կցանկանայինք, որ նրանք բոլորը կարողանային մասնակցել այդ ներքաղաքական աշխատանքին»,- ասել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Սամվել Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը սկսվեց ամիսներ առաջ՝ Հայ Առաքելական եկեղեցին «իր ձևով» պաշտպանելու հայտարարության համար։
«Քանի որ ես միշտ եղել եմ Հայող եկեղեցու ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն, եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին»,- հայտարարել էր կարապետյանը։
Լրատվամիջոցները «մասնակցել» բառը ներկայացրել էին որպես «միջամտել», ինչին հաջորդեց վարչապետի կոշտ արձագանքը։
«Ասում է՝ մենք մեր ձեւով ենք միջամտելու։ Հիմա ես քեզ իմ ձեւով կմիջամտեմ, ստահակ։ Ավելի ճիշտ՝ ձեզ»,- ֆեյսբուքում գրել էր վարչապետը։
Գրառումից շատ չանցած իրավապահները շրջապատեցին Կարապետյանի առանձնատունը և ձերբակալեցին նրան։ Կարապետյանի մեղադրական եզրակացությունում նշվում է, որ նա, տիրապետելով զգալի նյութական միջոցների, ազդեցություն ունենալով անձանց լայն շրջանակի վրա, համաձայն չլինելով ներքաղաքական հարցերի վերաբերյալ կառավարության դիրքորոշումների հետ, լրատվամիջոցներին տված հարցազրույցում իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչ է հնչեցրել։ Ինքը՝ Կարապետյանը, այսօր պնդեց, որ կալանավորվել է Հայ Առաքելական եկեղեցին պաշտպանելու համար։
«Ես գիտեմ, որ ինձ կալանավորել են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և հայոց ինքնությունը պաշտպանելու համար։ Մնացած բոլոր մեղադրանքները համարում եմ աբսուրդային»,- նշեց նա։
Կարապետյանը հավելեց՝ ժողովուրդն իր գնահատականը կտա ընտրությունների միջոցով։ Դատական նիստն հետաձգվեց դատավորի ծանրաբեռնվածության պատճառով։ Այն կշարունակվի ապրիլի 17-ին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Արփի Հակոբյան