Ուկրաինայի խորհրդարանը ճգնաժամի մեջ է. բավարար ձայներ չկան որոշումների ընդունման համար
Քաղաքականություն
20.03.2026 | 15:27
Ուկրաինայի Գերագույն ռադան ճգնաժամի մեջ է։ Պատգամավորները դժվարությամբ են քվեարկում այն օրինագծերի շուրջ, որոնք, ի թիվս այլ բաների, ազդում են երկրի եվրոպական ապագայի վրա: Նախագահ Վլադիմիր Զելենսկիի «Ժողովրդի ծառա» կուսակցությունը պաշտոնապես մեծամասնություն ունի, բայց գործնականում դա չի գործում։ Այս մասին ասվում է Current time-ի անդրադարձում։
2019 թվականին Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիի «Ժողովրդի ծառա» կուսակցությունն ուկրաինական խորհրդարանականության պատմության մեջ առաջին անգամ կարողացել էր ձևավորել մոնոմեծամասնություն՝ մեծամասնություն, որի դեպքում որոշումներ կայացնելու համար բավարար են միայն մեկ քաղաքական ուժի ձայները, և այդ ուժն ազատ է՝ չբանակցել ոչ մի ուժի հետ։
Յոթ տարի անց «Ժողովրդի ծառան» կուսակցությունը բավարար ձայներ չունի։ Չնայած ոչ բոլորն են պաշտոնապես դա ընդունում են։
«Ժողովրդի ծառա խորհրդարանական խմբակցությունը խորհրդարանում ունի 228 պատգամավոր, ինչը Սահմանադրությամբ սահմանված Գերագույն Ռադայի կազմի կեսից ավելին է»,- ասել է Ռադայի առաջին փոխնախագահ, նույն կուսակցության անդամ Ալեքսանդր Կորնիենկոն։
Սակայն քվեարկության արդյունքները տարբեր են։ Ուկրաինական Forbes-ին տված հարցազրույցում «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավարի տեղակալ Անդրեյ Մոտովիլովեցը խոստովանել է, որ կարող է հույսը դնել միայն 111 պատգամավորի վրա։
«Երբ ես ձայներ եմ հավաքում խորհրդարանում, ես հստակ պատկերացում ունեմ, թե որ պատգամավորներն են անպայման պատրաստ աջակցել որոշակի օրենքին։Սա դժվարացավ այն բանից հետո, երբ NABU-ն և SAPO-ն կասկածներ հարուցեցին «Ժողովրդի ծառա» կուսակցության հինգ պատգամավորների նկատմամբ։ Շատ այլ պատգամավորներ կանչվեցին հարցաքննության։ Դրանից հետո խորհրդարանում բավարար ձայներ գտնելը նույնիսկ կարևոր օրենքների համար անհնար դարձավ»,- ասել է պատգամավորը։
Նրա նշած «կարևոր օրենքների» թվում են այն նախագծերը, որոնց ընդունումը պահանջվում է՝ Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից ֆինանսական օգնության հաջորդ տրանշը ստանալու համար, և այն օրենքները, որոնք պահանջվում են Եվրամիության կողմից որպես Ուկրաինայի անդամակցության պայման։
Ստացվում է, որ կոռուպցիայի դեմ պայքարը խորհրդարանական ճգնաժամի պատճա՞ռ է դարձել։
Current time-ն Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոյից իրավիճակի հետ կապված հետևյալ մեկնաբանությունն է ստացել․ «Հանցագործությունը, որի մեջ NABU-ն և SAPO-ն մեղադրում են մի շարք խորհրդարանականների, անօրինական օգուտների համակարգված ստացումն է՝ ամսական 2000-ից մինչև 20,000 դոլար։ Կասկածի մասին ծանուցումները տրվել են ոչ թե քվեարկության փաստերի, քվեարկության բնույթի, այլ քվեարկության համար անօրինական միջոցներ ստանալու համար»։
Ի՞նչ այլ հնարավոր պատճառներ կարող են լինել ներկայիս խորհրդարանական ճգնաժամի հետևում։ Քաղաքագետ Օլեգ Սահակյանը Current Time-ի հետ զրույցում նշել է, որ նախկինում խմբակցության հետ բանակցություններ էր վարում Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, սակայն գրասենյակի նոր ղեկավար Կիրիլ Բուդանովի առջև այլևս նման խնդիր դրված չէ։ Ավելին՝ խորհրդարանն այլևս պատրաստ չէ հանդուրժել նախագահի կողմից անտեսումը։ Շատերը պարզապես հոգնել են, այդ թվում՝ ցածր աշխատավարձերից, որոնք միջինում կազմում են հազար դոլարից մի փոքր ավելի։
«Խորհրդարանն ապստամբում է՝ ասելով, որ իրենք պատճենահանող սարք կամ պարզապես հաշվապահական գրասենյակ չեն, որտեղ գալիս են բյուջեն ընդունելու, որպեսզի բոլորը վարձատրվեն»,- ասել է Սահակյանը։
«Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավարի տեղակալ Մոտովիլովեցի խոսքով՝ տասնյակ մարդիկ արդեն ցանկանում են հրաժարվել իրենց մանդատներից։ Ինչպե՞ս է արձագանքում Ուկրաինայի նախագահը։ Լրագրողների հետ փակ հանդիպման ժամանակ Վլադիմիր Զելենսկին սպառնացել է պատգամավորներին ճակատ ուղարկելով։
«Ժողովրդական պատգամավորները կա՛մ պետք է ծառայեն խորհրդարանում՝ համաձայն Ուկրաինայի օրենսդրության, կա՛մ ես պատրաստ եմ խորհրդարանական ներկայացուցիչների հետ բանակցել զորահավաքի փոփոխությունների մասին օրենքի շուրջ, որպեսզի պատգամավորները կարողանան գնալ ճակատ։ Եթե դուք չեք ծառայում պետությանը խորհրդարանում, ապա ծառայեք պետությանը ճակատում»,- նախագահի խոսքերն է մեջբերել «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ն։
Լրատվամիջոցը նշում է, որ Ռադայում ավելի ու ավելի հաճախ են խոսում նոր կոալիցիա կազմելու մասին, այս անգամ՝ ընդդիմադիր խմբակցությունների հետ։ Մինչդեռ, գրեթե յուրաքանչյուր նիստ ժամանակից շուտ է ավարտվում։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի