Թրամփը ցանկանում է հայտարարել Հորմուզի նեղուցը վերահսկելու միջազգային կոալիցիայի մասին և չի բացառում Խարգ կղզու գրավումը. Axios
Քաղաքականություն
16.03.2026 | 13:05
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն աշխատում է Հորմուզի նեղուցը վերաբացելու համար երկրների կոալիցիա ստեղծելու ուղղությամբ և հույս ունի այդ մասին հայտարարել այս շաբաթ ուշ, Axios-ին հայտնել են չորս աղբյուրներ: The Wall Street Journal-ն առաջինն էր հայտնել, որ Թրամփը ցանկանում է այս շաբաթ հայտարարել կոալիցիայի մասին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Աղբյուրները Axios-ին հայտնել են, որ Թրամփը նաև դիտարկում է Իրանի համար կարևորագույն Խարգ կղզու գրավման հնարավորությունը, որի միջով արտահանվում է իրանական նավթի շուրջ 90%-ը, եթե լցանավերը փակված մնան Պարսից ծոցում։
Նավթի և գազի գները բարձրանում են, քանի որ Իրանի կողմից Պարսից ծոցի նեղուցի շրջափակումը շարունակվում է, մինչդեռ իրանական նավթ տեղափոխող լցանավերն ազատորեն անցնում են՝ ապահովելով Իրանից Չինաստան և այլ երկրներ նավթի անխափան մատակարարումը։ Քանի դեռ շրջափակումը շարունակվում է, և Պարսից ծոցից նավթի մատակարարումները սահմանափակված են, Թրամփը չի կարողանա դադարեցնել պատերազմը, նույնիսկ եթե ցանկանա, ասել է Axios-ի աղբյուրներից մեկը։
Շաբաթ Truth Social-ում գրառման մեջ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը և մի քանի այլ երկրներ ռազմանավեր կուղարկեն Պարսից ծոց՝ առևտրային նավագնացությունը վերականգնելու համար՝ կոչ անելով Չինաստանին, Ֆրանսիային, Ճապոնիային, Հարավային Կորեային և Մեծ Բրիտանիային օգնություն ցուցաբերել։ Կիրակի էլ նա լրագրողներին ասել է, որ «պահանջում է», որ ՆԱՏՕ-ի երկրները և նավթ ներմուծող այլ երկրներ, այդ թվում՝ Չինաստանը, օգնեն Միացյալ Նահանգներին՝ ապահովել նեղուցի անվտանգությունը։
«Մենք բանակցություններ ենք վարում այլ երկրների հետ նեղուցների պարեկության վերաբերյալ։ Լավ կլիներ, եթե այլ երկրներ մասնակցեին մեզ հետ պարեկություններին։ Մենք կօգնենք։ Մենք լավ արձագանք ենք ստանում»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ը բանակցություններ է վարում յոթ երկրների հետ, և որոշներն արդեն հրաժարվել են՝ ընդգծելով, որ առաքելությունը «փոքր կլինի», քանի որ Իրանն ունի «շատ քիչ կրակային հզորություն»։
Axios-ի աղբյուրը հայտնել է, որ ԱՄՆ նախագահը և վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները շաբաթ և կիրակի օրերին հեռախոսազանգեր են ունեցել և աշխատել են բազմազգ կոալիցիա ստեղծելու ուղղությամբ։ Կիրակի Թրամփը զրուցել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ այս հարցի շուրջ։
«Սա ԱՄՆ-ի և եվրոպական, Պարսից ծոցի և ասիական դաշնակիցների միջև դիվանագիտական աշխույժ շաբաթավերջ էր։ Թրամփի վարչակազմի հիմնական նպատակն է դաշնակիցներից քաղաքական աջակցություն ապահովել՝ Հորմուզի նեղուցում [գործողությունների համար] կոալիցիա կազմելու համար»,- ասել է աղբյուրը։
«Նավթի մեծ մասը մերը չէ. այն գնում է այլ երկրներ։ Այսպիսով, եթե նրանք ցանկանում են դա և ցանկանում են, որ գինը իջնի, ապա նրանց օգնություն է անհրաժեշտ»,- Axios-ին ասել է աղբյուրը։
Երկրներին կառաջարկվի տրամադրել ռազմանավեր, հրամանատարական և վերահսկողական աջակցություն, անօդաչու թռչող սարքեր և այլ ռազմական միջոցներ։ Հինգշաբթի Թրամփը Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչիի հետ Սպիտակ տուն կատարած առաջին պաշտոնական այցի ընթացքում կքննարկի Իրանը և նավթատար նավերի անվտանգ անցման հարցերը։
Թրամփը նաև պնդում է, որ Չինաստանը պարտավորվի մասնակցել կոալիցիային՝ մինչև ամսվա վերջին Պեկին մեկնելը նախագահ Սի Ցզինպինի հետ գագաթնաժողովի համար։ Financial Times-ը գրում է, որ նա կարող է հետաձգել ուղևորությունը, եթե Պեկինը չհետևի պահանջներին: Իրանցի պաշտոնյան էլ CNN-ին ասել է, որ երկիրը կարող է թույլատրել լցանավերի անվտանգ անցումը, եթե նավթային բեռը փոխանակվի չինական յուանով, այլ ոչ թե ԱՄՆ դոլարով։
Միաժամանակ, ուրբաթ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է հարվածներ հասցնել Խարգ կղզու ռազմական օբյեկտներին, սակայն նավթային ենթակառուցվածքները չեն թիրախավորվել։
«Ոչ ոք չպետք է ավելի մեծ կշիռ տա նախագահի ասածներին։ Նախագահը որևէ որոշում չի կայացրել Խարգ կղզու վերաբերյալ»,- Axios-ին ասել է Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան։
Սակայն, ըստ աղբյուրի, «իրավիճակը կարող է փոխվել», եթե Հորմուզի նեղուցի կարգավորման ջանքերը ձգձգվեն. «Նախագահը չի պատրաստվում սպասել և թույլ տալ, որ իրանցիները թելադրեն հակամարտության տեմպը»։
Թրամփին գրավում է Խարգ կղզուն տիրանալու գաղափարը, քանի որ դա կլինի «տնտեսական հարված իրանական ռեժիմին», ըստ էության՝ Թեհրանի ֆինանսավորման դադարեցում, ասել է մեկ այլ ամերիկացի պաշտոնյա։ Սակայն նման քայլը կպահանջի զորքերի ներկայություն տեղում և կարող է հրահրել Իրանի կողմից Պարսից ծոցի նավթային օբյեկտների և խողովակաշարերի, մասնավորապես, Սաուդյան Արաբիայի դեմ պատասխան հարվածներ։
«Կան մեծ ռիսկեր։ Կան նաև մեծ օգուտներ։ Նախագահը դեռ պատրաստ չէ դրան, և մենք չենք ասում, որ նա պատրաստ կլինի»,- եզրափակել է Axios-ի աղբյուրը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի