Ինչպես է Վրաստանում Գերմանիայի կողմից հովանավորվող համալսարանը նացիստական գաղափարական ազդեցությամբ հետազոտական կենտրոն ստեղծել. OC Media-ի անդրադարձը
Քաղաքականություն
12.03.2026 | 23:08
Երբ Քութայիսիի միջազգային համալսարանը (KIU) 2026 թվականի փետրվարի սկզբին սկսեց առաջարկել «աստղագիտություն» և «աստղահնագիտություն» թեմայով դասընթացներ՝ առարկաներ, որոնք լայնորեն ճանաչվում են որպես կեղծ գիտական, բացասական արձագանքն արագ եղավ։ Ծրագրերն արագորեն հանվեցին Վրաստանի ազգային ուսումնական ծրագրից, սակայն վեճը մի քանի հարցեր անպատասխան թողեց, ասվում է OC Media-ի անդրադարձում։
Այս ծրագրերի հետևում կանգնած համալսարանի Իբերական մշակութային ժառանգության հետազոտական կենտրոնը շարունակում է աշխատանքը: Այն հիմնադրվել է ընդամենը մի քանի ամիս առաջ Իբերական գեմատրիայի մասնագետ Ալեկո (Ալիկո) Ցինցաձեի կողմից: Կենտրոնի համաձայն՝ այն գործում է KIU-ի կազմում և ֆինանսավորվում է Վրաստանի կառավարության կողմից։
Վրաստանի կրթական ոլորտին նվիրված Ganatleba-ում հրապարակված հոդվածի համաձայն՝ գեմատրիան թվաբանական համակարգ է, որը թվային արժեքներ է տալիս տառերին և բառերին՝ «սրբազան տեքստերում թաքնված կամ էզոտերիկ գիտելիքները բացահայտելու համար»։
Կենտրոնի բացումը 2025 թվականի սեպտեմբերին լայնորեն լուսաբանվել է կառավարամետ լրատվամիջոցների կողմից: Միջոցառման ժամանակ համալսարանի այն ժամանակվա ռեկտորի պաշտոնակատար Պաատա Թուրավան կենտրոնը բնութագրել է որպես կարևոր «հումանիտար գիտություններում միջառարկայական մոտեցումներ» ներդնելու համար: Թուրավան ելույթն ավարտել է՝ ասելով, որ «մենք պետք է միայն հպարտանանք, որ այս մեծ գիտնականի՝ պրոֆեսոր Ալիկո Ցինցաձեի ժամանակակիցներն ենք»:
Ցինցաձեն հարցազրույցներում նշել է, որ իր հետազոտությունների աղբյուրները Երրորդ Ռեյխի ժամանակաշրջանի գերմանական ակադեմիական աշխարհից են: Փոդքասթում նա անդրադարձել է Հայնրիխ Հիմլերի ԷսԷս-ի «Ահնեներբե» ստորաբաժանման կողմից ստեղծված աշխատանքների օգտագործմանը, որոնք համարվում էին նացիստական Գերմանիայի ռասայական գաղափարախոսության կենտրոնական մասը:
«Եվ ես հիմա շատ հարմար կերպով օգտագործում եմ սա (Ահնեներբեի աշխատանքը)։ Եթե մեզ անհրաժեշտ է որևէ կարևոր բան շտկել, ես այն փնտրում եմ գերմանացի գիտնականների աշխատանքներում, քանի որ գերմանացիներն իսկապես գերազանցում են վրացիներին [այս հետազոտության մեջ], քանի որ նրանք սա ուսումնասիրել են Հիտլերի ժամանակաշրջանում՝ պատվերով, և հետագայում այն շարունակվել է իներցիայով: Այսպիսով, այս ամենը շատ լուրջ նշանակություն ունի»,- ասել է նա։
Նա նաև խոստովանել է, որ իր հետազոտության որոշ գաղափարներ իրեն հղացել են կիսաքուն վիճակում, և որ ինքն իրեն նույնականացրել է 11-րդ դարի վրաց միապետ Դավիթ Շինարարի հետ։
«Այն վստահության խնդիր առաջացրեց՝ հնարավոր շատ բացասական հետևանքներով թե՛ միջազգային համագործակցության, թե՛ տեղական ուսանողների հավաքագրման համար»,- OC Media-ին ծրագրերի մասին ասել է Վրաստանի Erasmus+ ազգային գրասենյակի նախկին ղեկավար Լիկա Գլոնտին։
Նա հավելել է, որ KIU-ն կարողացել է ընդունել համալսարանի հնարավոր հզորությունների միայն կեսը, և որ «վերջին զարգացումները չեն մոտիվացնի տեղական ապագա ուսանողներին»։
KIU-ն հիմնադրվել է 2020 թվականին «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի և նրա Cartu Group-ի կողմից՝ մի քանի տարվա նախապատրաստական աշխատանքներից հետո, որոնցում Գերմանիայի Մյունխենի տեխնիկական համալսարանի (TUM) մասնագետները ներգրավված էին առնվազն 2017 թվականից։ Ռազմավարական գործընկերությունը, որտեղ TUM-ը գործադիր մարմիններում զբաղեցնում է մի քանի կարևոր պաշտոններ, դեռևս շարունակվում է, չնայած այն հանգամանքին, որ այլ եվրոպական համալսարաններ, այդ թվում՝ Գերմանիայից, մտահոգություն են հայտնել Վրաստանի կառավարության կողմից բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող լայնածավալ փոփոխությունների վերաբերյալ, որոնք լայնորեն դիտվում են որպես ակադեմիական ազատության դեմ հարձակում։
2019 թվականին՝ KIU-ի ստեղծումից առաջ, Վրաստանն ընդունեց հատուկ օրենք, որն ազատում էր այն կանոնավոր վերահսկողության մեխանիզմներից, փոխարենը կարգավորում էր դրա կառավարումը հատուկ իրավական շրջանակի միջոցով։
«Քութայիսիի միջազգային համալսարանը Վրաստանի միակ բարձրագույն ուսումնական հաստատությունն է, որը չի անցնում ինստիտուցիոնալ լիազորման գործընթաց, և որի ուսումնական ծրագրերը նույնպես չեն ենթարկվում ծրագրային հավատարմագրման»,- նշել է Գլոնտին։
Նրա խոսքով՝ հատուկ կարգավիճակի բացատրությունը կարելի է գտնել այն բանում, որ համալսարանն Իվանիշվիլիի անձնական նախագծերի մաս է կազմում. «[Իվանիշվիլին] ազատ է զգում իր «սեփական» համալսարանում անել այն, ինչ ուզում է, նույնիսկ առանց խորհրդակցելու գործադիր մարմինների և/կամ միջազգային գործընկերների հետ»։
Գլոնտիի խոսքով՝ դրա հետևանքն այն է, որ նոր հետազոտական կենտրոնի հիմնադրման մասին տեղեկատվությունը կարող է շրջանցել միջազգային գործընկերներին: OC Media-ն կապ է հաստատել TUM-ի հետ, սակայն նրանք հրաժարվել են մեկնաբանել KIU-ի հետ ներկայիս համագործակցության բնույթը՝ ասելով, որ իրենք որևէ տեղեկություն չունեն նորաստեղծ կենտրոնի մասին: Նրանք չեն մեկնաբանել նաև Ցինցաձեի կողմից նացիստական Գերմանիայի տեսության օգտագործումը՝ Գերմանիայում խիստ զգայուն թեմա, որն ունի աշխարհի ամենախիստ իրավական վերահսկողություններից մեկը նացիստական գաղափարախոսության վերաբերյալ։
Ծրագրի ներդրումը, կարծես, աննկատ է մնացել նաև KIU-ի միջազգային խորհրդատվական խորհրդի կողմից, որը գործադիր մարմին է, պատասխանատու է համալսարանի ուսումնական ծրագրի համար առաջարկություններ մշակելու համար։ Խորհրդի նախագահը Վոլֆգանգ Հերմանն է, որը TUM-ի երկարամյա նախկին նախագահն ու KIU-ի պատվավոր նախագահն է, որի կազմում են նաև TUM-ի երկու այլ ներկայացուցիչներ և այլ գերմանացի գիտնականներ։ Հերմանը OC Media-ին ասել է, որ ո՛չ Իբերական կենտրոնի ստեղծումը, ո՛չ էլ աստղագիտության հետ կապված ծրագրերի ներդրումը չեն ներկայացվել Միջազգային խորհրդատվական խորհրդին։
«Հետազոտական կենտրոնը խորհրդատվական խորհրդի գործը չէ, այնուամենայնիվ, այն ստեղծվել է մեզանից անկախ։ Հիմա մենք ավելի մանրամասն կուսումնասիրենք այս, այսպես կոչված, ինստիտուտի բովանդակությունը։ [Կենտրոնը] հիմնադրվել է առանց իմ իմացության։ Անկեղծ ասած՝ ես պետք է ավելին իմանամ աստղալեզվաբանության մասին, քանի որ կյանքումս երբեք դրա մասին չեմ լսել։ Մենք շատ շուտով ավելի մանրամասն կուսումնասիրենք այս տեսությունը, բայց չեմ կարծում, որ Հիտլերի ռեժիմից ոգեշնչում կա։ Բայց եկեք նայենք ամբողջ հարցին [մինչև որոշում կայացնելը]»,- ասել է նա։
Այս մեկնաբանություններն արվել են՝ չնայած այն փաստին, որ Իբերական կենտրոնի առաջարկվող բակալավրի ծրագիրը հայտարարվել էր Հերմանի և TUM-ի այլ ներկայացուցիչների՝ 2025 թվականի հոկտեմբերին այցից մեկ օր անց։
«Ընդհանուր առմամբ, մենք կարծում ենք, որ կարևոր է պահպանել կապը լուրջ մարտահրավերների առջև կանգնած տարածաշրջանների, ինչպիսին է Վրաստանը, երիտասարդ սերնդի հետ։ Նրանց ժողովրդավարական եվրոպական հեռանկարով ապահովելն էական է ապագայի դրական զարգացումը խթանելու համար»,- OC Media-ին ասել է TUM-ի մամուլի պատասխանատուն։
Չնայած աստղագիտության և աստղահնագիտության ծրագրերը հանվել են թարմացված ազգային ուսումնական ծրագրից փետրվարի 26-ին՝ Իբերական մշակութային ժառանգության հետազոտական կենտրոնը շարունակում է գործել KIU-ի շրջանակում։
KIU-ի կառավարման թիմը չի արձագանքել լրատվամիջոցի մեկնաբանության խնդրանքին։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի