Վենսը Ալիևի հետ քննարկել է նաև բանտարկյալների ազատ արձակման հարցը
Քաղաքականություն
11.02.2026 | 15:22
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարի 10-ին երկկողմ հանդիպման ժամանակ քննարկել են նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության նախաձեռնությունների հաջորդ քայլերը Հայաստանում և Ադրբեջանում։ Այս մասին հայտնել է Վենսի խոսնակը, գրում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը։
«Նրանք հիմնականում քննարկել են առևտուրը, տեխնոլոգիաները և դիվանագիտական կապերի ընդլայնումը։ Նրանք նաև քննարկել են Թրամփի վարչակազմի «Միջազգային խաղաղության և բարգավաճման նախաձեռնության» (TRIPP) շրջանակում համաձայնագրերն ու թույլտվությունները, վստահության ամրապնդման միջոցառումները, ինչպիսիք են բանտարկյալների ազատ արձակումը, և հաջորդ քայլերը, ներառյալ ԱՄՆ ներդրումները և տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիան»,- ասել է խոսնակը։
Հայտարարության մեջ չի նշվում, թե որ բանտարկյալներն են ազատ արձակվելու, արդյո՞ք վստահության ամրապնդման համատեքստում հնարավոր է, որ ազատ արձակումը ներառի նաև Բաքվում գտնվող հայ գերիներին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայ գերիների հարցը քննարկել է Վենսի հետ, ԱՄՆ փոխնախագահը, իր հերթին, Երևանում լրագրողներին ասել էր, որ այդ հարցը կբարձրացնի Բաքվում։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի