ՀՀ-ի դեմ ռազմական գործողության կոչ՝ Կրեմլի քարոզչից․ ինչպես Սոլովյովին արձագանքեցին Հայաստանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
30.09.2026 | 20:12
Թուրքիան և Ադրբեջանը պաշտպանական արդյունաբերության ոլորտում 500 մլն դոլարի պայմանագրեր են ստորագրել
30.09.2026 | 20:00
Իշխանությունը մեզ պրոռուսականի պիտակ է կպցնում․ մենք Ղրիմը ՌԴ-ի կազմում չենք ճանաչում․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 19:46
Տարբերվող՝ չի նշանակում՝ սխալ. ի՞նչ է նեյրոտարբերությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 19:30
Էլեկտրամեքենայի մարտկոցը․ ի՞նչ է լինելու 15 տարի անց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 19:17
Հոկտեմբերի 1-ին մի շարք բնակավայրերում կարող են լսվել պայթյունանման ձայներ. ՊՆ
30.09.2026 | 19:13
Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում
30.09.2026 | 19:00
ՌԴ-ն պետության զավթման նպատակով է ՀՀ-ի դեմ հիբրիդային հարձակման գնացել, անել իշխանափոխություն՝ պրոռուսականների միջոցով․ Էդգար Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 18:51
Ալիևը Մեծ Բրիտանիայի ՊՆ ղեկավարի հետ Ադրբեջանին ժամանակակից սպառազինության և սարքավորումների մատակարարման հարցեր է քննարկել
30.09.2026 | 18:40
Հայ մարզիկները 5 ոսկե մեդալ են նվաճել մուայթայի միջազգային մրցաշարում
30.09.2026 | 18:32
ԱԳՆ նախկին շենքը կվերափոխվի նոր հանրային ու մշակութային տարածքի
30.09.2026 | 18:21
«Կտրականապես հերքում ենք որևէ քաղբանտարկյալի առկայությունը»․ Պեսկով
30.09.2026 | 18:15
Դատարանը Ալիկ Ալեքսանյանի նկատմամբ կիրառված կալանքը փոխեց տնային կալանքով
30.09.2026 | 18:10
Նիկոլ Փաշինյանն ԱԽ նիստ է անցկացրել // ԱՄՆ զորքերը հեռանում են Իրաքից․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

«Թքած ունենալ միջազգային իրավունքի, միջազգային կարգի վրա: Եթե մեզ մեր ազգային անվտանգության համար անհրաժեշտ էր սկսել հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, ինչո՞ւ ելնելով նույն նկատառումներից՝ մենք չենք կարող սկսել նաև մեր ազդեցության գոտու այլ կետերում։ Մեզ համար շատ ավելի ցավոտ է այն, ինչ կատարվում է Հայաստանում, քան այն, ինչ կատարվում է Վենեսուելայում։ Հայաստանի կորուստը, ահա սա հսկայական խնդիր է»,- Վլադիմիր Սոլովյովի հերթական հակահայ այս ելույթը բուռն դժգոհություն է առաջացրել Հայաստանում։

Ռուս հեռուստամեկնաբանն այս անգամ գնահատականներ է հնչեցրել «Սոլովյով LIVE»-ի ժամանակ։

ՀՀ-ի դեմ հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին ակնարկող Սոլովյովին նախ բուռն քննադատեցին քաղհասարակության ներկայացուցիչներն ու հասարակ օգտատերերը։ Դատապարտող գրառումներ ու տեսանյութեր տարածեցին նաև իշխանական պատգամավորները։

ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը տեղի ունեցածն անթույլատրելի է համարում. «Դա անընդունելի է, առավել ևս ռուսական պետական հեռուսատաընկերության լրագրողի կողմից արված։ Կարծում եմ՝ պարոն Սոլովյովը պետք է հաշվի առնի, ամեն դեպքում, որ ինքը պետական հեռուստաընկերության լրագրող է՝ հեռուսատաընկերություն, որը ՀՀ-ում գործում է համապատասխան միջպետական պայմանագրերի հիման վրա, որտեղ սևով սպիտակի վրա գրված է՝ որ չի կարելի միմյանց պետականության, ինքնիշխանության դեմ կոչերով հանդես գալ»։

Ընդդիմությունը սոցհարթակներում հիմնականում լուռ էր․ դաշնակցական պատգամավոր Քրիստինե Վարդանյանը Factor TV-ի հարցին ի պատասխան թեև շեշտեց՝ անընդունելի է համարում ՀՀ-ի դեմ ցանկացած ռազմական գործողություն կամ արտաքին և ներքին միջամտության փորձ, սակայն ըստ նրա կոշտ արձագանք պետք է լինի նմանօրինակ բոլոր հայտարարություններին.

«Ես ուզում եմ տեսնել իշխանության ներկայացուցիչների դատապարտումն Ադրբեջանի պաշտոնյաների, ոչ թե Ադրբեջանի մեկնաբանների հայտարարություններին, ՀՀ տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնող ու ներքին գործերին ուղիղ միջամտող։ Թե չէ՝ անընդունելի են նման հայտարարությունները, բայց հիմա մեջ ենք բերում այլ երկրի ընդամենը մեկնաբանի խոսքեր»։

Սոլովյովը, սակայն, «ընդամենը մեկնաբան» չէ․ դեռևս 2013 թվականին այդ ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, «բարձր գնահատելով Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների միջև բարեկամության զարգացման և ամրապնդման գործում Վլադիմիր Սոլովյովի ներդրած անձնական մեծ ավանդը», նրան պարգևատրել էր Պատվո շքանշանով: ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն այս փաստն ամոթալի է համարում. «ՀՀ-ում գործող ընթացակարգով զրկել այդ մոլագարին Պատվո շքանշանից։ Չի կարող Հայաստանին ու հայ ժողովրդին պարբերաբար սպառնացող, մեր երկրին աղետներ ցանկացող և, ընդհանրապես, մարդատյաց խելագարն արժանացած լինի ՀՀ բարձրագույն պարգևներից մեկին»,- ֆեյսբուքյան էջում գրել է Հակոբյանը։

2024-ի փետրվարին Սոլովյովն իր հեղինակային հաղորդման ժամանակ հերթական վիրավորական արտահայտություններն էր հնչեցրել ինչպես Հայաստանի, այնպես էլ՝ իշխանության հասցեին, ինչն արժանացել էր կոշտ արձագանքի․ ՀՀ ԱԳՆ-ն նախ բողոքի նոտա էր հղել Մոսկվա, ինչից հետո Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում արգելափակվեց։ Հնարավո՞ր է հանրային մուլտիպլեքսից ռուսական ալիքները հանելու հարց դրվի։ ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանն ասում է․ «Անցած տարի ՀՌՀ-ն արդեն տվել է իր եզրակացությունը, որ էդ հեռուստաընկերությունները խախտում են երկկողմ համաձայնագրի սպասարկման կետերը, և հիմա հարցը գտնվում է քաղաքական որոշման տիրույթում։ Կարող է, իհարկե, կայացվել նման քաղաքական որոշում, ես կողմ կլինեմ նման քաղաքական որոշման կայացման, և, եթե հարցը հասնի քննարկման, ես կողմ կարտահայտվեմ դրան։ Միանշանակ, կարծում եմ պետք ա գնալ այս քայլին, հատկապես այս իրավիճակից հետո»։

Դեռևս 2020 թվականի դեկտեմբերին Հայաստանի ու Ռուսաստանի միջև համաձայնագիր կնքվեց, ըստ որի՝ Հայաստանում հանրային մուլտիպլեքսով հեռարձակվող ռուսական հեռուստաալիքները չպետք է անդրադառնան տեղական ներքաղաքական թեմաներին, չպետք է տարածեն ատելության խոսք և այլն։ Պատկերը, սակայն, այլ է, քարոզչական պատերազմը մեծ թափ է հավաքում։

«2020 թվականից ի վեր ասում էինք, որ ՌԴ-ն իրականում թշնամական պետություն է, բայց շատ ուղիղ մենք դա չէինք կարողանում հաստատել, այլ ավելի շատ գործողություններ, դրանք հիբրիդային, ոչ կոնկրետ ռազմական հարձակումներ էին։ Հիմա, փաստացի, ռազմական հարձակման կոչ է անում Սոլովյովը»,- ընդգծում է «Հանուն հավասար իրավունքների կենտրոն» ՀԿ ղեկավար Գայանե Աբրահամյանը։

Աշխատանքային օրվա ավարտին ԱԳՆ-ից Factor TV-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է ԱԳՆ, նրան հանձնվել է բողոքի հայտագիր, որում խորը վրդովմունք է արտահայտվել պետական հեռուստաընկերության մաս կազմող ծրագրի եթերում հնչած հայտարարությունների կապակցությամբ․

«Ընդգծվել է, որ դրանք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ անթույլատրելի ոտնձգություն են ու թշնամական դրսևորում և կոպտորեն խախտում են Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամական հարաբերությունների հիմնարար սկզբունքները»,- ասված է մեկնաբանության մեջ:

Ի վերջո, ինչ կհետևի ԱԳՆ-ի արձագանքին, արդյոք քաղաքական որոշում կկայացվի ՀՀ-ում ռուսական ալիքների հասանելիության սահմանափակման։ Չնայած քաղաքական հայտարարություններին՝ իշխանություններն այս ուղղությամբ դեռևս զերծ են մնում կտրուկ քայլերից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան