«Ոտքս բարով Ձեր վերանորոգված դահլիճ, վերջապես ինձ հաջողվեց մուտք գործել այստեղ»․ ԲԴԽ-ում սկսվեց Դավիթ Հարությունյանի գործի քննությունը

Լուրեր

22.12.2025 | 22:00
WhatsApp-ի արագությունը Ռուսաստանում նվազել է 70-80%-ով
22.12.2025 | 21:50
Բաքվի հետ առաջին առևտուր անողը․ Սուքիասյանի կայաններում վաղվանից վաճառելու են ադրբեջանական բենզինը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.12.2025 | 21:39
Վարչապետը հանդիպում է ունեցել Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
22.12.2025 | 21:30
Կան ՌԴ ՖՍԲ-ի հետ կապ ունեցող պաշտոնյաներ․ դա վտանգ է ՀՀ-ի համար․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.12.2025 | 21:21
Պարտադիր պահանջ է շինհրապարակի կահավորումը օդի որակի մոնիթորինգային սարքերով․ Քաղաքաշինության կոմիտե
22.12.2025 | 21:10
Կոռուպցիայի դեմ պայքարում կարևորում ենք հայ–ֆրանսիական գործընկերությունը. Սրբուհի Գալյան
22.12.2025 | 21:02
Turkish Airlines-ը 2026 թվականի մարտից Ստամբուլից Երևան չվերթներ կիրականացնի
22.12.2025 | 20:50
TRIPP-ը դարձել է տարածաշրջանային ռազմավարության հիմնական տարր և դրանում նախագահ Թրամփի  դերը վճռորոշ է․ Նարեկ Մկրտչյան
22.12.2025 | 20:39
Իսրայելի պետական ​​պաշտպանական IAI կորպորացիան Բաքվում նորարարական կենտրոն է բացել
22.12.2025 | 20:26
Գյումրիից ֆիզկուլտուրայի մի խումբ ուսուցիչներ բողոքում են․ նրանք պահանջում են ատեստավորման  թեստերը վերանայել
22.12.2025 | 20:15
«Ոտքս բարով Ձեր վերանորոգված դահլիճ, վերջապես ինձ հաջողվեց մուտք գործել այստեղ»․ ԲԴԽ-ում սկսվեց Դավիթ Հարությունյանի գործի քննությունը
22.12.2025 | 20:08
Հասունացել է մի շարք երկաթգծերի վերականգնման օրակարգը․ Փաշինյանը՝ Պուտինին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.12.2025 | 20:03
Գործկոմի նոր անդամ, տարվա ամփոփում․ ՀՖՖ հերթական ժողովի մանրամասները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.12.2025 | 19:54
Փաշինյանը Պուտինի հետ խոսել է «Թրամփի երթուղու» կառուցման շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին
22.12.2025 | 19:43
Ադրբեջանցի դատախազը միջնորդել է 18 տարվա ազատազրկման դատապարտել Ստեփանակերտի հայ բնակիչ Կարեն Ավանեսյանին
Բոլորը

Բարձրագույն դատական խորհրդում այսօր մեկնարկեց Երևանի քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի կարգապահական գործի քննությունը։

«Ոտքս բարով Ձեր վերանորոգված դահլիճ։ Վերջապես ինձ հաջողվեց մուտք գործել այստեղ»,- ԲԴԽ անդամներին դիմելով՝ ասաց Հարությունյանը։

Այս գործը ԲԴԽ-ում քննվել է ավելի քան երկու տարի առաջ՝ 2023-ի ամռանը՝ դռնփակ։ ԲԴԽ-ն նիստի ընթացքում Հարությունյանին հեռացրել է դահլիճից և առանց դատավորին լսելու, փաստաբանների բացակայության պայմաններում, որոշել դադարեցնել նրա լիազորությունները։

Այս որոշումից հետո Սահմանադրական դատարանը, քննելով դատավորի դիմումը, արձանագրել է, որ հրապարակայնության սկզբունքին, դատական սանկցիա կիրառելուն վերաբերող նորմերը ԲԴԽ-ն Հարությունյանի նկատմամբ այլ մեկնաբանությամբ է կիրառել, գործը ենթակա է վերանայման։

Ըստ էության՝ այսպիսով խախտվել է հրապարակայնության սկզբունքն ու դատավորի լսված լինելու իրավունքը։ Դատավորը ՍԴ որոշումից հետո դիմել է ԲԴԽ-ին իր գործը վերանայելու հարցով, սակայն ԲԴԽ-ն որոշել է չվերանայել գործը։

Դատավորը կրկին դիմել է Սահմանադրական դատարան։ ՍԴ-ն երկրորդ անգամ է արձանագրել իրավունքների խախտման փաստը։

Հարությունյանը կրկին դիմել է Բարձրագույն դատական խորհուրդ՝ պահանջելով վերանայել և վերացնել իր լիազորությունները կարգապահական խախտման հիմքով դադարեցնելու ԲԴԽ-ի 2023 թվականի որոշումը, նաև այն չվերանայելու վերաբերյալ 2024 թվականի որոշումը և իրեն վերականգնել դատավորի պաշտոնում։

ԲԴԽ-ն որոշել է վերացնել իր երկու որոշումները և կրկին քննել գործը։

Այսպիսով՝ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննվում է այն կետից, երբ վերջինս դեռևս դատավոր էր։ Այսօրվա նիստի ընթացքում Հարությունյանը խնդրեց պարզաբանել իր իրավունքները․ արդյոք շարունակո՞ւմ է համարվել դատավոր և իր վրա տարածվո՞ւմ են դատավորի անհամատեղելիության պահանջները։

ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը նշեց, որ այսօրվա դատական նիստը ենթակա է հետաձգման, քանի որ նման դիմում կար Արդարադատության նախարարությունից, իսկ հաջորդ նիստը կսկսվի Հարությունյանի կողմից բարձրացված հարցով։

Հիշեցնենք, որ Հարությունյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել այն ժամանակ, երբ Արդարադատության նախարարը Գրիգոր Մինասյանն էր, իսկ ԲԴԽ նախագահը՝ Կարեն Անդրեասյանը։ Վարույթի առիթը լրագրողների հետ զրույցում դատավորի արտահայտած մտքերն են, որոնք, ըստ նախարարության, հեղինակազրկում են դատական համակարգը։

Բարձրագույն դատական խորհրդի նախկին անդամ Մեսրոպ Մակյանը 2023 թվականի մարտի 17-ին Factor TV-ի և News.am-ի լրագրողներին տված հարցազրույցում, ի պատասխան հարցին, թե արդյոք ԲԴԽ-ում ճգնաժամ կա՞, ասել էր, որ որ ԲԴԽ-ում ճգնաժամ չկա։

«ԲԴԽ-ում կա բացարձակ կոնսենսուս։ Եթե ուշադիր եք լինում, հատկապես վերջին շրջանում ԲԴԽ-ում բոլոր որոշումները միանձնյա են ընդունվում։ Իհարկե, դրա հետևում կա և՛ բանավեճ, և՛ անհամաձայնություն, և՛ բուռն քննարկումներ, բայց բոլորը՝ գործընկերային շրջանակներում, որի արդյունքում ծնվում է այն ճիշտ որոշումը, որի տակ ստորագրում են բոլոր անդամները»,- ասել էր Մակյանը։

Ապրիլի 7-ին լրագրողներին տված ճեպազրույցի ընթացքում դատավոր Դավիթ Հարությունյանը արձագանքել էր Մակյանի հարցազրույցին, վերջինիս՝ բացարձակ կոնսենսուսի առկայության և ԲԴԽ-ում որոշումները միանձնյա ընդունվելու մասին հայտարարություններին։ Այդ օրը հրավիրված դատավորների ընդհանուր ժողովի ժամանակ դատավորները ԲԴԽ դատավոր անդամ պետք է ընտրեին։ Դավիթ Հարությունյանը հույս էր հայտնել, որ կընտրվեն արժանի թեկնածուներ, որոնք կստիպեն խախտել ԲԴԽ-ում միանձնյա կոնսենսուսը, ինչը, ըստ Դավիթ Հարությունյանի, հարիր չէ սահմանադրական, խորհրդակցական մարմնին։ Լրագրողի ճշտող հարցին՝ կարծում եք՝ ԲԴԽ-ում միանձնյա կոնսենսուս կա՞, ընդդիմացողներ, ըմբոստ ԲԴԽ անդամներ, հակառակվողներ չկա՞ն, Դավիթ Հարությունյանը պատասխանել էր․ «Դե, հիմա, եթե հրապարակային, առանց կաշկանդվելու հայտարարում են, որ կա բացարձակ կոնսենսուս այն մարմնում, որտեղ կա 10 անդամ, ես չգիտեմ՝ էդտեղ ի՞նչ է նշանակում հակառակվող կամ առանձին կարծիք ունեցող որևէ սուբյեկտ»։ Լրագրողի հարցին՝ ԲԴԽ-ի և դատավորների միջև լարվածությունն ինչից սկսվեց, Դավիթ Հարությունյանը պատասխանել էր, որ ինքն այդ հարաբերությունները լարվածություն չէր բնութագրի, բայց ամեն դեպքում վերջին մեկ տարվա ընթացքում Դատավորների միությունը հանդես է գալիս դատավորների անկախության, դատավորների պաշտպանության դիրքերից՝ այն, ինչ պետք է ԲԴԽ-ն աներ։

«Եթե ԲԴԽ-ն այդ քայլերը պատշաճ չի կատարում, դա կարող է լինել հակասության, տարբեր դիրքորոշումների կամ լարվածության առիթ, ինչպես Դուք եք բնութագրում»,- ասել էր Հարությունյանը։ Լրագրողի հարցին՝ քաղաքական իշխանության կողմից ուղղորդում, նպատակադրում այս մասով տեսնո՞ւմ եք, որ հատուկ է արվում, Հարությունյանը պատասխանել էր․ «Գիտեք անկախ նրանից ուղղորդում լինի, ում կողմից լինի, երբ որ կանգնում ասում են, որ իրանց մոտ բացարձակ կոնսենսուս ա, դա էդպես չի կարա լինի ուղղակի, դա ինչ-որ նշանակում ա, եթե բացարձակ կոնսենսուս կա, ինչ-որ մեկի կողմից ուղղորդվում ա, իսկ դա չի կարող էդպես լինել։ Դատավորը նաև նշել է, որ հնարավոր չէ տասը հոգին նույն կարծիքն ունենան։ Եթե տասը իրավաբան, որոնք սովորել են տարբեր բուհերում, տարբեր ժամանակներում, տարբեր կենսափորձ ունեն, կեսը՝ գիտնական, կեսը՝ դատավոր, հնարավոր չէ էդ տասը հոգին չունենան իրենց սեփական, ինքնուրույն կարծիքը, աշխատեն բացարձակ կոնսենսուսի պայմաններում(…) եթե ասում են՝ իրենք վիճում են, հետո ինչ-որ մի որոշման են ընդհանուր հանգում, էդպես չի կարող լինել, եթե վիճում են, պետք է ամեն մեկը, գոնե մի մասը, գոնե տասից մեկը մի կարծիք ունենա, բայց էստեղ ստացվում ա՝ իրանք, ընդ որում՝ առանց կաշկանդվելու, ասում են, թե բացարձակ կոնսենսուսի պայմաններում ենք աշխատել»։

Լրագրողներից մեկն էլ բառացիորեն հետևյալ կերպ էր ձևակերպել իր հարցը․
«Մի խումբ դատավորների պաշտոնավարում դադարեցվեց նաև իրենց խոսքի ազատության իրավունքից օգտվելու համար՝ Զարուհի Նախշքարյանի պարագայում, Ձեր կարծիքով այդ դատավորները պաշտոնի վերականգնվելու իրավական մեխանիզմներ ունե՞ն և ինչ ազդեցություն են ունեցել այդ գործընթացները դատական համակարգի անկախության վրա»։ Ի պատասխան այս հարցի՝ դատավորը նշել էր, որ ցանկացած դատավորի լիազորության դադարեցում, հատկապես այս վերջին 6 ամսվա ընթացքում, ինչին որ ականատես ենք եղել, բացասական ազդեցություն է ունեցել։ «20-ից ավելի դատավորի լիազորություն, տարբեր եղանակներով, ըստ իս, անօրինական կերպով, դադարեցվել է»,- ասել էր Հարությունյանը։

Այս հարցազրույցում հնչեցրած մտքերն են դարձել դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու և նրա լիազորությունները դադարեցնելու պատճառ։

Այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում Դավիթ Հարությունյանը նշեց, որ իր գործի վերաբացմամբ ԲԴԽ անդամները ցանկանում էր իր խախտված իրավունքները ձևականորեն վերականգնել։ Նման համոզմունքը Հարությունյանի մոտ ձևավորվել է Արթուր Ստեփանյանի և Սուրեն Անտոնյանի վերաբացված գործերով ԲԴԽ որոշումներին ծանոթ լինելով։

Նշենք, որ դատավոր Արթուր Ստեփանյանի լիազորությունները ևս դադարեցվել էին 2023-ի ամռանը, և այս գործով ևս Սահմանադրական դատարանն իրավունքների խախտման փաստ էր արձանագրել։ ՍԴ որոշումից հետո, ԲԴԽ-ն, կրկին քննելով գործը, օրեր առաջ նորից կայացրել է Ստեփանյանի լիազորությունները դադարեցնելու որոշում։

Ինչ վերաբերում է Սուրեն Անտոնյանի գործին, այս դեպքում ՄԻԵԴ-ն է կայացրել դատավորի իրավունքների խախտման վերաբերյալ որոշում։ ՄԻԵԴ վճռի հիմքով վերաբացված գործով, սակայն, ԲԴԽ-ն կրկին կայացրել է դատավորի լիազորությունները դադարեցնելու որոշում։

Նշենք, որ Հարությունյանի գործի քննությանը ԲԴԽ-ում չի մասնակցում ԲԴԽ անդամ Արմենուհի Հարությունյանը։ Վերջինս ԲԴԽ-ի առջև բարձրացրել է իր ինքնաբացարկի հարցը՝ այն հիմքով, որ 2023-ին, այսինքն՝ այն ժամանակ, երբ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու դիմում է մուտքագրվել ԲԴԽ, Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը բացակայել է Հայաստանից, և ինքն է ստորագրել դիմումը։

Մինչդեռ Հարությունյանը դիտարկում է, որ եթե Արմենուհի Հարությունյանը միայն ձևականորեն ստորագրել է դիմումը, ապա ԲԴԽ կազմում այժմ դատավոր և ոչ դատավոր անդամներ կան, որոնք իր վերաբերյալ որոշումների կայացմանն են մասնակցել։

«Այստեղ կան դատավոր և ոչ դատավոր անդամներ, որոնք երկու անգամ անօրինական որոշում են կայացրել իմ վերաբերյալ, ավելի պարզ լեզվով ասած՝ դատավճիռ են կայացրել»,- ասաց Հարությունյանը։

Արաքս Մամուլյան