Հայաստանն անում է հնարավորը՝ հայ փախստականների մշակութային իրավունքների լիարժեք իրացումն ապահովելու համար․ ԱԳ փոխնախարար

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին կոնվենցիայի 20-ամյակին նվիրված «Մշակութային խաչմերուկ» խորագրով երևանյան միջազգային համաժողովի բացման արարողությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳ նախարարությունը՝ մանրամասնելով, որ համաժողովին մասնակցել է նաև ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։

Նշվում է, որ համաժողովի ընթացքում բացման խոսքով հանդես են եկել նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և տեսաուղերձով՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի՝ մշակույթի հարցերով տեղակալ Էռնեստո Օտտոնեն:

Մնացական Սաֆարյանն իր ելույթում, մասնավորապես, նշել է, որ քսան տարի առաջ միջազգային հանրության ամուր կամքի շնորհիվ ընդունված այս   կարևոր փաստաթուղթը ճանաչում է մշակույթը որպես ինքնության, արժանապատվության և ստեղծարարության անկյունաքար: Փոխնախարարի խոսքով՝ ընդունումից երկու տասնամյակ անց, կոնվենցիան ավելի քան արդիական է գլոբալացվող, թվայնացվող և մարտահրավերներով լի աշխարհում։

«Թվային հեղափոխությունը և արհեստական բանականության արագ զարգացումը վերաձևավորում ու վերաիմաստավորում են մշակութային արժեքների ստեղծման, տարածման և սպառման եղանակները՝ դրական ազդեցության հետ մեկտեղ ասպարեզ բերելով էթիկային, հեղինակային իրավունքներին և հավասար հասանելիությանն առնչվող նոր մարտահրավերներ։ Շարունակում են արդիական մնալ նաև տնտեսական անհավասարությունների և կլիմայի փոփոխության հետևանքով առկա սպառնալիքները, որոնք խաթարում են առկա մշակութային էկոհամակարգերը»,-ասել է փոխնախարար Սաֆարյանը։

Նա ընդգծել է, որ նման պայմաններում կոնվենցիայի 20-ամյակը նախևառաջ առիթ է վերաիմաստավորելու այս կարևորագույն փաստաթղթի խորհուրդը և վերահաստատելու մեր հանձնառությունը դրա լիարժեք կյանքի կոչման հարցում։

«Այդ ճանապարհին հարկ է չմոռանալ, որ մշակութային բազմազանությունը խաղաղության, սոցիալական համախմբվածության և կայուն զարգացման հենասյուներից մեկն է։ Համատեղ ջանքեր են անհրաժեշտ երաշխավորելու մշակույթի մասնագետների, հատկապես կանանց, երիտասարդների և բնիկ ստեղծագործողների հասանելիությունն արդար աշխատանքային պայմաններին և ֆինանսավորմանը: Հատուկ ուշադրության կենտրոնում պետք է գտնվի մշակութային դրսևորումների թվային բազմազանությունը՝ ապահովելով առցանց հարթակներում բոլորի ինքնարտահայտման իրավունքն ու հնարավորությունը»,-նշել է փոխնախարարը:

Սաֆարյանը շեշտել է, որ Հայաստանը բազմիցս վերահաստատել է իր հավատարմությունը Կոնվենցիայի տառին ու ոգուն, և այսօրվա միջոցառումը դրա հերթական դրսևորումներից մեկն է։

«Մենք շարունակելու ենք առաջ մղել մշակութային բազմազանության օրակարգն ինչպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում, այնպես էլ՝ այլ միջազգային և բազմակողմ հարթակներում։ Նշված հանձնառության շրջանակներում երկու տարի անց Երևանը կհյուրընկալի Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերը՝ մշակութային բազմազանության արժեքների ներքո միավորելով ֆրանկոֆոն երիտասարդությանը»,-ընդգծել է Մնացական Սաֆարյանը։

Վերջինս նաև հավելել է, որ մշակույթը հատկապես խոցելի է ճգնաժամերի ժամանակ․ հակամարտությունները, պատերազմները, բնական աղետները, կլիմայի փոփոխությունը վտանգում են ոչ միայն մարդկային կյանքերը, այլև ինքնությունը և հիշողությունը պահպանող մշակութային դրսևորումները:

«Հայ ժողովրդի՝ ծանր փորձություններով լի հազարամյակների պատմության ընթացքում մշակույթը եղել է դիմադրողականության, տոկունության և ինքնության պահպանման փրկօղակ դժվարին պահերին և ոգեշնչման աղբյուր՝ խաղաղ և կայուն ապագա կառուցելու գործում։ Այդ տեսանկյունից վերջին տարիները բացառություն չէին, երբ Հայաստանն ընդունեց շուրջ 120 հազար բառնի տեղահանված հայրենակիցների, որոնց թվում էին արվեստագետներ, ուսուցիչներ, արհեստավորներ և մշակույթի գործիչներ՝ անհատներ, որոնց գիտելիքներն ու ստեղծագործականությունը կազմում են մեր տարածաշրջանի մշակութային հարստության անբաժանելի մասը»,-ասել է Սաֆարյանը։

Փոխնախարարը շեշտել է, որ չնայած բոլոր դժվարություններին՝ Հայաստանն այսօր անում է հնարավորը՝ հայ փախստականների մշակութային իրավունքների լիարժեք իրացումն ապահովելու համար։

«Այնուամենայնիվ, մեր, ինչպես նաև այլ պետությունների փորձը ցույց է տալիս, որ ոչ մի երկիր չի կարող միայնակ դիմակայել նման ճգնաժամերին, և միայն միջազգային համերաշխության շնորհիվ է հնարավոր հասնել դրանց հաղթահարմանը։ Համոզված ենք, որ այս տեսանկյունից ՅՈՒՆԵՍԿՕ-ն ունի կենտրոնական դերակատարում` հետևելու 2005 թվականի կոնվենցիայի դրույթների կյանքի կոչմանը և ապահովելու, որ յուրաքանչյուր անձ, այդ թվում՝ տեղահանվածներն ու փախստականները, ունենան ստեղծագործելու, հիշելու և ինքնության իրավունք։ Մենք համոզված ենք, որ տեղահանվածների և փախստականների մշակութային իրավունքների պաշտպանությունը ոչ միայն մարդասիրական հրամայական է, այլև ներդրում է կայունության, հաշտեցման և խաղաղության մեջ։ Այս առումով, Հայաստանը շարունակելու է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ իր ակտիվ երկխոսությունը՝ ինչպես Հայաստանում գտնվող փախստականների կարիքների հասցեագրման, այնպես էլ՝ 2005 թվականի կոնվենցիայի շրջանակներում միջազգային ջանքերի ամրապնդման ուղղությամբ»,-ընդգծել է ԱԳ փոխնախարարը։