Ինչպե՞ս է Եվրոպան արձագանքում փոփոխվող աշխատաշուկայի պահանջներին
Մեր օրերում աշխատաշուկան արագ փոփոխվում է գրեթե բոլոր երկրներում։ Նոր տեխնոլոգիաները, տնտեսության կառուցվածքային տեղաշարժերը և ժողովրդագրական զարգացումները ստիպում են մարդկանց ավելի հաճախ փոխել մասնագիտություն կամ ձեռք բերել նոր հմտություններ։ Եթե նախկինում հնարավոր էր տարիներով աշխատել նույն տեղում, ապա այսօր մրցունակ լինելու համար անհրաժեշտ է շարունակական ուսուցում և վերապատրաստում։
Եվրոպայի շատ երկրներ այս մարտահրավերին արձագանքում են պետական և մասնավոր համագործակցության տարբեր մոդելներով։ Նրանց փորձը ցույց է տալիս, որ երբ պետությունը, գործատուները և կրթական համակարգը համատեղ են գործում, հնարավոր է ապահովել և՛ բարձր զբաղվածություն, և՛ կայուն տնտեսություն։
Շվեյցարիայում, օրինակ, երիտասարդների մեծ մասը մասնագիտական կրթություն է ստանում՝ միաժամանակ սովորելով և աշխատելով։ Շվեդիայում պետությունը լեզվի և մասնագիտական դասընթացներով օգնում է նորեկներին ինտեգրվել աշխատաշուկա։ Լյուքսեմբուրգում հատուկ ծրագրեր են ստեղծված երիտասարդների համար, որոնք ժամանակավորապես դուրս են մնացել կրթական համակարգից։ Չեխիայում գործազուրկներին առաջարկվում են կարճաժամկետ վերապատրաստման դասընթացներ, իսկ Իսպանիայում պետությունը ֆինանսական աջակցություն է տրամադրում այն երիտասարդներին, որոնք կորցրել են աշխատանքը։

Այս մոդելներից ամենահաջողվածն ու առավել համակարգայինը շվեյցարականն է՝ մասնագիտական կրթության դուալ համակարգը, որի հիմքում «սովորելիս աշխատելու և աշխատելիս սովորելու» գաղափարն է:
Երբ սովորելը դառնում է աշխատանք․ շվեյցարական մոդելի դասերը

«Եթե դեռ պատանի հասակում սովորում ես կով կթել, կաթը տանել պանրագործարան ու հասկանում ես, որ դրանով քո վարպետը վաստակում է և վճարում քո աշխատավարձը, դու շուտ ես սովորում, թե ինչպես հաջողության հասնել կյանքում և գոյատևել այն հասարակությունում, որտեղ ծնվել ես»,- նշում է Բեռնի կիրառական գիտությունների համալսարանի պրոֆեսոր Յոհաննես Բրունները։
Շվեյցարիայում դպրոցն ավարտած երիտասարդների շուրջ երկու երրորդը ընտրում է մասնագիտական ուսուցման ուղին, և միայն մեկ երրորդն է դիմում բարձրագույն ուսումնական հաստատություն։ Ուսանողները սովորում են քոլեջներում և միաժամանակ աշխատում են ընկերություններում՝ ստանալով աշխատավարձ։ Ընկերությունները ֆինանսավորում են համակարգի ծախսերի շուրջ 60 տոկոսը՝ վստահ լինելով, որ ներդրումները վերադառնալու են որակյալ և նվիրված աշխատուժի տեսքով։

Շվեյցարիայում ավելի քան մեկ դար գործում է դուալ մասնագիտական կրթական համակարգը, որը ձևավորվել է դեռևս 19-րդ դարի վերջին, իսկ Երկրորդ աշխարհամարտից հետո դարձել է երկրի տնտեսական առաջընթացի գլխավոր շարժիչ ուժերից մեկը։ Այս համակարգի հիմքում ընկած է պարզ, բայց արդյունավետ տրամաբանություն․ սովորողը կրթություն է ստանում միաժամանակ երկու միջավայրում՝ ուսումնական հաստատությունում և իրական աշխատանքային միջավայրում։ Երկակի փորձառությունը երիտասարդներին թույլ է տալիս ոչ միայն տեսական գիտելիք ստանալ, այլև անմիջապես գործի դնել այն՝ շփվելով աշխատաշուկայի իրական պահանջների հետ։
Շվեյցարացի գործատուները պատրաստ են վստահել և պատասխանատվություն դնել երիտասարդների վրա, քանի որ համակարգը հիմնված է փոխադարձ հանձնառության և երկարաժամկետ մտածողության վրա։ Ուսանողները սովորաբար դրսևորում են բարձր մոտիվացիա և կարգապահություն՝ իրենց աշխատանքով նպաստելով ընկերության տնտեսական գործունեությանը։
Պրոֆեսորի խոսքով՝ «Երեք տարվա ուսումնավարժության ընթացքում աշակերտները աշխատում են նույն ընկերությունում և դպրոց հաճախում են շաբաթական ընդամենը մեկ օր։ Սա նշանակում է, որ եթե մասնագիտական ուսուցիչը լավ աշխատանք է կատարել, երրորդ տարում ընկերությունը ստանում է լիարժեք աշխատակից՝ դեռ վճարելով ուսանողական աշխատավարձ։ Այդպես ներդրումները ամբողջությամբ փոխհատուցվում են, և շատ ընկերություններ նույնիսկ շահույթ են ունենում»։
Շվեյցարական մոդելն իրականում շահավետ է երկու կողմի համար․ գործատուն ստանում է պատրաստի մասնագետ, իսկ աշակերտը՝ իրական փորձ, ինքնավստահություն և աշխատանքային հմտություններ։ Ոչ պակաս կարևոր է նաև այն, որ Շվեյցարիայում ուսանողների գերակշիռ մասը՝ ավելի քան 90 տոկոսը, մինչ 25 տարեկանը ձեռք է բերում միջին մասնագիտական որակավորում։ Այս ցուցանիշը Եվրոպայում ամենաբարձրերից է, ինչը վկայում է, որ երիտասարդները հիմնականում շարունակում են կրթությունը պարտադիր դպրոցի ավարտից հետո և ստանում են ապագա աշխատանքի համար անհրաժեշտ որակավորում։
Բացի երիտասարդներից, մեծահասակների շարունակական ուսուցման մասնակցությունը Շվեյցարիայում կազմում է 32.9 տոկոս, գրեթե երեք անգամ գերազանցելով ԵՄ միջին 10.8 տոկոսը։ Այստեղ սովորելը դիտվում է ոչ թե կյանքի մեկ փուլ, այլ շարունակական գործընթաց․ մեծահասակների գրեթե մեկ երրորդը պարբերաբար մասնակցում է վերապատրաստումների՝ ապահովելու մրցունակությունը փոփոխվող աշխատաշուկայում։
Շվեյցարիայի դուալ կրթությունը ոչ միայն կրթական մոդել է, այլև մտածելակերպ: Եվ հենց այդ մտածելակերպն է դարձել երկրի տնտեսական կայունության և մրցունակության ամենահուսալի հիմքը։
Աշխատաշուկա․ կրթության ու ինտեգրման շվեդական ճանապարհը
Շվեդիան այն քիչ երկրներից է, որտեղ կրթությունը դիտվում է ոչ միայն որպես իրավունքի, այլև որպես հնարավորության համակարգ։ Այստեղ պետությունը կրթությունն ու զբաղվածությունը համարում է մեկ ամբողջություն․ սովորելը նշանակում է զարգանալ, իսկ զարգանալը՝ աշխատել։ Եվ հենց այս սկզբունքն է ձևավորում միջավայրը, որտեղ նորեկները կարողանում են աստիճանաբար մտնել աշխատաշուկա՝ զուգահեռ սովորելով լեզուն ու մասնագիտությունը։
Արփինե Հարությունյանը արդեն երեք տարի է, ինչ ապրում է Ստոկհոլմում։ Նա պատմում է, որ աշխատանքի որոնման առաջին փորձերը հեշտ չեն եղել․ «Ես փորձել եմ դասավանդել ֆրանսերեն մեծահասակներին, բայց շատ կազմակերպություններ նախընտրում են շվեդերենին տիրապետող մասնագետների։ Հետո պետությունը հնարավորություն տվեց մասնակցել շվեդերեն լեզվի ծրագրին։ Դասերն անվճար էին, և եթե ուզում ես աշխատանք գտնել, գրեթե պարտադիր է մասնակցել դրանց», – պատմում է նա։
Շվեդիայում գործող «Շվեդերեն ներգաղթյալների համար» ծրագիրը (Swedish for Immigrants, SFI) պետական մակարդակով իրականացվող նախաձեռնություն է, որի նպատակը նորեկներին շվեդերեն սովորեցնելն ու նրանց օգնելն է հասկանալու երկրի մշակույթն ու հասարակական կառուցվածքը։ Դասերն անցկացվում են մունիցիպալ մակարդակով՝ սկսած ամենաանհրաժեշտ շփման լեզվից մինչև մասնագիտական բառապաշար։

Դեռևս 1902 թվականին Շվեդիայում հիմնադրվել է երկրի առաջին աշխատանքի գրասենյակը՝ Հելսինգբորգ քաղաքում։ Դա դարձավ այն ուղիղ նախատիպը, որից հետագայում ձևավորվեց երկրի պետական զբաղվածության ծառայությունը (Arbetsförmedlingen)՝ աշխատաշուկայի կառավարման և զբաղվածության քաղաքականության հիմնական գործակալությունը։
Տասնամյակների ընթացքում այս կառույցը վերածվել է համազգային համակարգի, որը ոչ միայն միջնորդում է ստանձնել աշխատողների և գործատուների միջև, այլև մշակում է վերապատրաստման, կրթական և թվային ինտեգրման լայնածավալ ծրագրեր։ 2022-ին ավարտվեց ամենամեծ բարեփոխումը՝ ծառայությունը դարձավ ամբողջությամբ թվայնացված և կենտրոնացած հմտությունների զարգացումն աջակցելու վրա։
Սակայն լեզվի ուսուցումը միայն առաջին քայլն է։ Շվեդական համակարգը կառուցված է այնպես, որ մարդը կարող է միաժամանակ սովորել և աշխատել։ Այդ նպատակով գործում են նաև մեծահասակների կրթական ծրագրեր՝ Komvux (municipal adult education) և Yrkesvux (vocational adult education)։ Դրանք հնարավորություն են տալիս լեզվի դասերն ավարտելուց հետո անմիջապես անցնել գործնական ուսուցման՝ առողջապահությունից մինչև ՏՏ և վարչական ոլորտներ։
Արփինեն ասում է, որ Շվեդիայում աշխատանք գտնելը դժվար է, և դա ոչ միայն լեզվի խնդրի պատճառով․ «Գործատուները դժվարությամբ են վստահում նորեկներին։ Աշխատանքի դիմելիս գրեթե պարտադիր է ունենալ երկու երաշխավոր՝ նախկին ղեկավարներից կամ աշխատավայրերից, որոնց զանգում ու հարցնում են քո մասին», -հավելում է նա։ Շվեդական աշխատաշուկայում վստահությունը նույնքան կարևոր է, որքան մասնագիտական հմտությունները։ Այդ պատճառով նորեկների ինտեգրման գործընթացը ոչ միայն լեզվի, այլև սոցիալական կապերի ստեղծման հարց է դառնում։
Չնայած դժվարություններին՝ համակարգը հնարավորություն է տալիս զարգանալ ու նոր ուղի սկսել նաև մեծահասակ տարիքում։ Շվեդիայում շատերը երկրորդ մասնագիտություն են ձեռք բերում կյանքի ավելի ուշ շրջանում։ Հաճախ գործատուներն են ֆինանսավորում աշխատողների շարունակական կրթությունը՝ անկախ ոլորտից․ տարվա ընթացքում վերջինս կարող է մասնակցել մի քանի դասընթացի։
Դրանք պարտադիր չէ, որ լինեն խիստ մասնագիտական․ կարող են լինել հաղորդակցման կամ ինքնազարգացման դասեր․ կարևորն անընդհատ զարգանալն է։ Պետական աջակցությունը հիմնականում նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր բարձրագույն կրթություն չունեն․ այդ խմբին առաջարկվում են հատուկ ծրագրեր, պրակտիկաներ և աշխատանքային ուղղորդումներ։ Իսկ բարձրագույն կրթություն ունեցողներին պետությունը տրամադրում է անվճար մասնագիտական խորհրդատվություն, որը միշտ չէ, որ ուղղակիորեն բերում է աշխատանքի։
Շվեդական մոդելը հիշեցնում է, որ արդյունավետ զբաղվածության քաղաքականությունը սկսվում է ոչ թե աշխատանքի հայտարարությունից, այլ լեզվի առաջին բառից։ Այստեղ սովորելը նշանակում է նոր էջ բացել կյանքում՝ սեփական ուժերով կառուցելով վստահության և զարգացման ճանապարհ։
Երբ կրթությունը ստեղծում է երկրորդ հնարավորություն․ Լյուքսեմբուրգի մոդելը
Լյուքսեմբուրգը փոքր երկիր է՝ մեծ հնարավորություններով։ Այստեղ կրթությունը ոչ միայն առաջին քայլն է դեպի մասնագիտություն, այլև հնարավորություն նորից սկսել նրանց համար, ովքեր ժամանակավորապես դուրս են մնացել համակարգից։ 20-ամյա Վիկտոր Գաբրիել Լիզերը ծնվել ու մեծացել է Լյուքսեմբուրգում։ Այսօր նա սովորում է Լյուքսեմբուրգի Ազգային մեծահասակների դպրոցում (École nationale des adultes, ENAD), որտեղ ուսումը համատեղվում է աշխատանքի հետ։ Երեք օր նա աշխատում է, երկու օր՝ դասի գնում։ Ավարտելուց հետո կստանա որակավորում, որը թույլ կտա անմիջապես մտնել աշխատաշուկա։

Վիկտորը պատմում է, որ համավարակի տարիներին նա դադարեցրել էր ուսումը և երեք տարի դուրս էր մնացել կրթական համակարգից։ Բայց հենց այդ ժամանակ էլ նա տեղեկացավ Երիտասարդության ազգային ծառայության ( Service National de la Jeunesse-SNJ) մասին, որն աջակցում է կրթությունից դուրս մնացած երիտասարդների ինտեգրմանը և զբաղվածությանը։
SNJ-ի միջոցով Վիկտորը ինը ամիս մասնակցել է մշակութային նախագծերի՝ աշխատելով թատրոնում։ «Այդ փորձը փոխեց իմ վերաբերմունքը ուսման ու պատասխանատվության նկատմամբ. իրական աշխատանքը հաճախ դառնում է լավագույն դասարանը», – ասում է նա։ Այնուհետև երիտասարդը վերադարձավ դպրոց, և հիմա նա ոչ միայն շարունակում է ուսումը, այլև ընտրվել է աշակերտական խորհրդի նախագահ։

Լյուքսեմբուրգում երկրորդ հնարավորություն ստանալը վերաբերում է նաև ֆինանսական աջակցությանը։ Մեծահասակ ուսանողները, եթե սոցիալական դժվարություններ ունեն կամ միայնակ են ապրում, կարող են ստանալ մինչև 1000 եվրո ամսական պետական օգնություն ուսմանը զուգահեռ։ Երիտասարդների ինտեգրման հարցում կարևոր դեր ունի նաև «Երիտասարդների երաշխիք» ( Garantie Jeunes) ծրագիրը, որը նախատեսված է մինչև 25 տարեկան այն անձանց համար, ովքեր կորցրել են աշխատանքը։ Ծրագիրը նաև առաջարկում է վերապատրաստման դասընթացներ, պրակտիկաներ և նոր մասնագիտություն ձեռք բերելու հնարավորություններ։
«Միայն ափսոսում եմ, որ շատերը պարզապես տեղյակ չեն իրենց հասանելի հնարավորությունների մասին։ Երբեմն մարդիկ չեն օգտվում ծրագրերից, որովհետև ուղղակի չեն լսել դրանց մասին», – նշում է նա։
Վիկտորի կարծիքով՝ այս ամենը ցույց է տալիս, որ կրթական համակարգի արդյունավետությունը չի չափվում միայն առաջին փորձով։ Լյուքսեմբուրգի մոդելը ապացուցում է, որ կրթությունը կարող է դառնալ երկրորդ հնարավորություն նրանց համար, ովքեր ժամանակավորապես դուրս են մնացել, բայց պատրաստ են վերադառնալ։ «Կրթությունը պարտադիր չէ, որ առաջին փորձով ստացվի։ Կարևորն այն է, որ մարդը հնարավորություն ունենա նորից փորձելու», – ասում է նա ժպիտով։
Իսպանիայի ուղին դեպի կայուն աշխատանք
Իսպանիայում, եթե քաղաքացին նախկինում աշխատել է և կորցրել է աշխատանքը, պետությունը մոտ մեկ տարի ֆինանսական օգնություն է տրամադրում։ Բացի այդ, գործում են լրացուցիչ սոցիալական ծրագրեր՝ երեխաներ ունեցող կամ երիտասարդ աշխատողների համար։ Սակայն աջակցությունը միայն գումարով չի սահմանափակվում․ պետությունը ներդնում է նաև անվճար կրթական և վերապատրաստման ծրագրեր, որոնց միջոցով մարդիկ կարողանում են նոր հմտություններ ձեռք բերել կամ թարմացնել արդեն եղածը։

«Պետության աջակցությամբ անվճար մասնակցել եմ դասընթացների, որոնցից մի քանիսը նոր տեխնոլոգիաների վերաբերյալ էին, մյուսները՝ ադմինիստրատիվ հմտությունների։ Դրանք օգնեցին ինձ սովորել նոր բաներ և ավելի պատրաստված մտնել աշխատաշուկա։ Կան նաև լեզվի դասընթացներ, որոնք շատերին հնարավորություն են տալիս աշխատանք գտնել», – պատմում է իսպանուհի Իսաբել Մայա Մեխիասը։
Նա մի քանի տարի աշխատում էր տրանսպորտային ընկերությունում՝ որպես տվյալների մուտքագրող, սակայն այդ հաստիքը կրճատվեց։ Այժմ աշխատում է իրենց՝ Էլչեի քաղաքապետարանում՝ որպես պետական ծառայող։ Իսպանիայում սակայն պետական համակարգում հաստիք զբաղեցնելը հեշտ չէ․ անհրաժեշտ է հանձնել մրցույթ-քննություններ, որոնց բարդությունն ու տևողությունը տարբերվում են՝ կախված պաշտոնից։
Իսպանիայում հաճախ երիտասարդները մի քանի տարի չեն աշխատում՝ ամբողջությամբ նվիրվելով նման քննություններին պատրաստվելուն։ Այդ ընթացքում պետությունը որոշ աջակցություն է ցուցաբերում մինչև 26 տարեկան երիտասարդներին՝ տրամադրելով ուսման և ապրուստի համար անհրաժեշտ նպաստներ։
Չնայած գործազրկության համեմատաբար բարձր ցուցանիշին (ընդհանուր մոտ 11.5 տոկոս, երիտասարդների շրջանում՝ շուրջ 22), Իսպանիան վերջին տարիներին կարողացել է մեղմել դրա հետևանքները՝ ակտիվ կրթական և վերապատրաստման ծրագրերի միջոցով։ Մեծահասակների շարունակական ուսուցման մասնակցության մակարդակը այստեղ 13.6 տոկոս է, որն ավելի բարձր է, քան ԵՄ միջինը (10.8%)։
Իսպանիայի փորձը ցույց է տալիս, որ երբ պետությունը ոչ միայն պահանջում է, այլև աջակցում է քաղաքացիներին՝ տրամադրելով ուսուցման, ֆինանսական աջակցության և վերապատրաստման հնարավորություններ, արդյունքում՝ մարդիկ կարողանում են նորից վերադառնալ աշխատաշուկա։ Իսաբելի պատմությունը դրա վառ օրինակն է․ սովորել, կորցնել աշխատանքը, նորից սկսել ու շարունակել առաջ՝ վստահ լինելով, որ պետությունը կողքին է։
Չեխիայի բանաձևը գործազրկության դեմ
Չեխիան ԵՄ-ի ամենակայուն տնտեսություններից է, և դրա հիմքում կրթության ու աշխատանքի սերտ կապն է։ Այստեղ սովորելը չի ավարտվում դպրոցում․ ուսուցումն ու գործնական փորձը դիտվում են որպես զուգահեռ ճանապարհ դեպի կայուն աշխատանք և մասնագիտական ինքնուրույնություն։
Չեխիայում աշխատանքի և վերապատրաստման գլխավոր կառույցը Úřad práce ČR-ն է՝ աշխատանքի պետական գործակալությունը: Այն ոչ միայն օգնում է գործ փնտրողներին, այլև իրականացնում է վերաորակավորման և վերապատրաստման ծրագրեր, որոնք հաճախ համաֆինանսավորվում են ԵՄ կողմից։

«Եթե մասնակցում ես վերապատրաստումների, պետությունը քեզ նաև անվճար տրամադրում է համապատասխան գործիքներ աշխատելու համար, բայց եթե չես աշխատում, պարտավոր ես փոխհատուցել։ Սա խրախուսում է մարդկանց իրենց տեղը գտնել նոր ոլորտներում»,- պատմում է 37-ամյա Պետրա Ստեյսկալովան, ով անգլերեն է դասավանդում Ունիչով (Uničov) քաղաքի հյուրասիրության և տուրիզմի ուղղվածությամբ ավագ դպրոցում (SOŠ a VOŠ Uničov)։
Այս դասընթացները հասանելի են հիմնականում գրանցված գործազուրկներին և ամբողջությամբ ֆինանսավորվում են պետության կողմից։ Բացի այդ, Úřad práce ČR-ն առաջարկում է թվային գրագիտության դասեր՝ թե ինչպես օգտագործել էլ. փոստը, կազմել CV և աշխատանք փնտրել առցանց հարթակներում։
«Այսօր համակարգչային հմտությունները պարտադիր են նույնիսկ ամենապարզ աշխատանքի համար։ Պետական գործակալությունն այդ պատճառով է նման դասընթացներ առաջարկում` մարդկանց նախապատրաստելով թվային միջավայրին»,- ավելացնում է անգլերենի ուսուցչուհին։
Պետությունը խրախուսում է նաև այն գործատուներին, ովքեր աշխատանքի են ընդունում հաշմանդամություն ունեցող կամ սոցիալական նպաստ ստացող անձանց՝ տրամադրելով հարկային արտոնություններ և դրամական աջակցություն։
Չեխիայում աշխատանքի հնարավորությունների որոնման համար գործում են մի քանի հարթակներ՝ պետական www.uradprace.cz կայքը, ինչպես նաև մասնավոր www.jobs.cz և www.prace.cz պորտալները, որոնք համարվում են հիմնական աղբյուրները թե՛ աշխատանքի, թե՛ վերապատրաստման հնարավորությունների որոնման համար։ «Չկա մեկ կայք, որտեղ լինեն բոլոր թափուր աշխատատեղերը, բայց այս երեքը հիմնականն են։ Դրանց միջոցով մարդիկ հեշտությամբ գտնում են աշխատանք՝ նույնիսկ փոքր քաղաքներում», – բացատրում է Պետրան։
Բացի պետական ծրագրերից, Չեխիան ակտիվորեն համագործակցում է ԵՄ կրթական նախաձեռնությունների հետ․ ուսանողները պարբերաբար մասնակցում են Erasmus+ ծրագրերին՝ ստանալով միջազգային փորձառություն։ «Մեր ուսանողները եղել են տարբեր երկրներում՝ Հայաստան, Իսլանդիա, Ֆրանսիա։ Այնտեղ պրակտիկա են անցնում հյուրանոցներում ու ռեստորաններում։ Ոմանք նույնիսկ մնում են աշխատելու իրենց նոր ոլորտում։ Այդ փորձը փոխում է նրանց մտածելակերպը», – պատմում է նա։
Չեխիայի ցուցանիշները պատկերում են համատեղ ջանքերի արդյունքը․ երկրում գործազրկության ընդհանուր մակարդակը մոտ 3 տոկոս է, իսկ երիտասարդների գործազրկությունը՝ մոտ 8, եվրոպական ամենացածր ցուցանիշներից։ Մեծահասակների շուրջ 10.5 տոկոսը մասնակցում է շարունակական ուսուցմանը՝ մոտենալով եվրոպական միջինին։ Սա վկայում է, որ նույնիսկ կայուն աշխատաշուկայով երկրում պետական համակարգը չի դադարում խթանել մարդկանց կարողությունների զարգացումը ողջ կյանքի ընթացքում։
Հայաստան․ նոր հնարավորությունների ձևավորման փորձ
Հայաստանում կրթության և աշխատանքի կապը դեռ ձևավորման փուլում է։ Չնայած վերջին տարիներին կատարված քայլերին՝ գործնական արդյունքները դեռ սահմանափակ են։ Պատճառն այն է, որ մասնագիտական կողմնորոշումը սովորաբար սկսվում է չափազանց ուշ․ ի տարբերություն եվրոպական երկրների, որտեղ այն սկսվում է վաղ տարիքից և սովորողները ծանոթանում են տարբեր ոլորտների իրական աշխատանքային միջավայրին։ Շատ ծնողներ դեռևս համալսարանական կրթությունն են դիտում որպես միակ հաջողության ուղի, մինչդեռ միջին մասնագիտական ուսուցումը հաճախ կարող է ապահովել ավելի արագ և կայուն աշխատանքի հնարավորություն։
Պետական մակարդակով իրականացվող ծրագրերը փորձում են փոխել այս պատկերացումը։ Կրթության և զբաղվածության ոլորտները համակարգվում են Աշխատանքի և սոցիալական հարցերի ու ԿԳՄՍ նախարարություների համագործակցությամբ։ Պետական զբաղվածության գործակալությունը տրամադրում է վերապատրաստման հնարավորություններ և կրթաթոշակներ՝ մասնակցին աջակցելով նոր հմտություններ ձեռք բերելու հարցում։

Գործատուներին նույնպես խրախուսում են աշխատանքի ընդունել պրակտիկա անցած շրջանավարտներին՝ տրամադրելով հարկային արտոնություններ և ֆինանսական աջակցություն։ Բացի այդ, գյուղատնտեսական որոշ քոլեջներում ուսանողներին տրամադրվում են պետական կրթաթոշակներ՝ շահագրգռելու ընտրել տարիներ շարունակ անտեսված համարվող մասնագիտությունները, նաև խթանելու մասնագիտական ուսուցման հանդեպ վերաբերմունքն աստիճանաբար փոխելուն։
Հայաստանում վերջին տարիներին զարգանում է նաև դուալ կրթության մոդելը, որը հիմնված է «սովորելիս աշխատելու» մոտեցման վրա։ Այն ներդրվել է «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագիրի շրջանակում, որը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման համագործակցությունը (ADC), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, HEKS/EPER ՀԿ-ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ն:
Այս մոդելով ուսանողները շաբաթվա մի մասը սովորում են քոլեջում, իսկ մյուսը՝ գործատուի մոտ։ Վերջինս մասնակցում է ոչ միայն պրակտիկային, այլև ուսումնական ծրագրի մշակմանը՝ ապահովելով, որ կրթությունը համապատասխան լինի շուկայի պահանջներին։ Այս ծրագրի շնորհիվ մի շարք կարողությունների զարգացման դասընթացներ, փորձի փոխանակումեր և վերապատրաստումներ են կազմակերպվել ինչպես ուսանողների, այնպես էլ դասախոսների և գործատուների համար։
Դուալ համակարգի ներդրումը վերափոխում է կրթության որակը՝ նպաստելով երիտասարդների զբաղվածության մակարդակի բարձրացմանը և գյուղատնտեսական ոլորտի արդիականացմանը:
Այս թվերը ցույց են տալիս, որ փոփոխությունը միայն ծրագրերի ներդրմամբ չի կատարվի. այն պետք է սկսվի մտածելակերպի փոփոխությամբ։ Երիտասարդներին և նրանց ծնողներին պետք է ցույց տալ, որ աշխատելը նույնքան կարևոր է, որքան սովորելը, և որ մասնագիտություն ձեռք բերելը կարող է դառնալ հաջողության ամենապարզ, բայց կայուն ուղին։
Անահիտ Բաղդասարյան
Սույն հոդվածը հրապարակվել է «Պարզաբանելով ժողովրդավարությունը․ իրազեկման նախաձեռնություն» ծրագրի շրջանակում՝ Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության ֆինանսավորմամբ։