Ինչո՞ւ Փաշինյանը, ի պատասխան Բոլթանի, չկրկնեց Մոսկվայում հնչեցրած` միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքը. Վիգեն Սարգսյան

Լուրեր

14.12.2024 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 14-ի դրությամբ
14.12.2024 | 11:09
Դստերը ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառած մոր վերաբերյալ քրեական գործը դատախազն ուղարկել է դատարան
14.12.2024 | 11:00
Վրաստանում նախագահական ընտրություններ են․ ընդդիմությունը հավաքվել է ԱԺ-ի մոտ
14.12.2024 | 10:35
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
14.12.2024 | 10:16
Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար
13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
13.12.2024 | 23:16
Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին
13.12.2024 | 22:59
ԵՄ-ն «օդային կամուրջ» է գործարկել՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն հասցնելու համար
13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.12.2024 | 22:26
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն այցով Թուրքիայում է
13.12.2024 | 22:10
«Արա, աչքերդ չկլորցնե՛ս».ծեծ և բիրտ ուժ՝ մսավաճառների նկատմամբ. Արփինե Սարգսյանի պաշտոնավարման «բացումը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 22:00
ԱՄՆ-ի կարմիր գիծը՝ Ադրբեջանի հարձակումն է ՀՀ-ի վրա, չի հանդուրժվի, կապ չունի՝ Թրամփն է նախագահ, թե Բայդենը․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 21:43
Ադրբեջանում քննարկում են զինծառայության ժամկետը 1 տարի դարձնելու հարցը
13.12.2024 | 21:28
Հայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը. ԱԳՆ գլխավոր քարտուղար
13.12.2024 | 21:14
ԿԺԴՀ զինվորներն արդեն կռվում են Կուրսկի մարզում և 2 ժամում գյուղ են գրավել․ ռուս ռազմական թղթակիցներ
Բոլորը

ՀՀԿ անդամ, նախկին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար  Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականությանը: «Դուք հիմա հետևողականորեն ավիրում եք այն, ինչ ստեղծվել է տասնամյակներով»,- Փաշինյանին դիմելով ասում է Սարգսյանը:

Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականության առաջին չափելի արդյունքները մտահոգում են

Ինչպես ասում են՝ ճտերն աշնանն են հաշվում: Իհարկե, վեց ամիսը, այն էլ «հետհեղափոխական» շրջանում, մի մեծ ժամկետ չէ: Դեռ կարելի է մատնացույց անել «հներին» և «նրանց դավադրությունները», դեռ կարելի է հասարակությունից զեղչեր խնդրել` հղում անելով «թիմի անփորձությանը», կարելի է նույնիսկ խմբովին և ավանսով «հանձնել յուրայիններին», ինչպես վարչապետ չընտրվելու համար արտաբերած իր ելույթում արեց Փաշինյանը՝ համենայն դեպս, առանց անուն նշելու, որպեսզի նրանցից որևէ մեկի հերթական անհեթեթ քայլի դեպքում պաշտպանվի սեփական, շատ սիրված «ես»-ը: Սակայն երևի թե բոլորին է ծանոթ այն զգացումը, երբ առաջին մի քանի րոպեից հետո ակնհայտ է դառնում, որ դիտվող ֆիլմն այլևս հետաքրքիր դառնալ չի կարող: Ցավոք, հենց այդպիսի՝ լավագույն դեպքում ձանձրալի և ավելի շուտ տհաճ ֆիլմի է նմանվում «նոր Հայաստանի» արտաքին քաղաքականությունը:

Այս տողերը գրում եմ Փաշինյանի ամերիկյան ֆիասկոյի ֆոնին, որ բյուրեղացավ ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Բոլթոնի Հայաստան այցի ընթացքում: Առաջին անգամ հայ-ամերիկյան պաշտոնական երկխոսության նպատակը ոչ թե փոխադարձ շահերի և մոտեցումների ճշգրտումն էր, այլ մեկ կողմի շահերի մասին մյուսին իրազեկելը: Տպավորություն ստեղծվեց, որ Բոլթոնը ոչ թե ԱՄՆ-ի նախագահի, այլ ՀՀ վարչապետի խորհրդականն է, ով եկել է հուշելու, թե ինչը պետք է անել և ինչը` ոչ: Միայն հասկանալի չէր, թե ինչու վարչապետը ի պատասխան դրան չկրկնեց Մոսկվայում հնչեցրած` միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքը:

Եվ այսպես, Բոլթոնի այցը հիմնական եզրահանգումներով.

– Հայաստանը պետք է ազատվի իր «պատմական կաղապարներից»: Թո՞ւրքիա: Կարծում եմ` այո:

– Վարչապետին առաջիկա ընտրություններում պետք է բարձր քվե, որպեսզի կարողանա Ղարաբաղի հարցում ոչ բարենպաստ հանգուցալուծումների գնալ: Բոլթոնը փաստորեն կրկնեց ոչ միայն Ադրբեջանի պնդումն առ այն, որ Հայաստանի շրջափակման մեջ մեղավոր է հենց ինքը՝ Հայաստանը, այլև ուղղակիորեն արդարացրեց Թուրքիայի կողմից Հայաստանի սահմանը փակ պահելը և դրա հիմնավորումը՝ Ղարաբաղի հարցում Թուրքիայի կողմից Ադրբեջանին օգնելու քաղաքականությունը:

– Հայաստանն ԱՄՆ-ից նոր օգնություն և նույնիսկ ուղիղ ներդրումներ չպետք է սպասի: Լավագույն դեպքում` ԱՄՆ-ի հայազգի քաղաքացիների մասնավոր ներդրումներ կարող են լինել:

– Հայաստանը պետք է վերջապես ինքնուրույն և անկախ դառնա: Չեմ կարծում, թե Բոլթոնը նկատի ունի ԱՄՆ-ի հետ հարաբերությունները: Ակնհայտ է, որ ակնարկը վերաբերում է Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանին:

– ԱՄՆ-ն չի հերքում, որ զենք է վաճառել և կարող է շարունակել վաճառել Ադրբեջանին: Հայաստանը, ցանկության դեպքում, կարող է անցում կատարել ռուսական զենքից ամերիկյանի. թե որքա՞ն կնստի այդ ինքնիշխան որոշումը Հայաստանի պետական բյուջեի և հարկատուների վրա, բացարձակ կարևոր չէ ԱՄՆ-ի պետական շահերի տեսանկյունից:

– Իրանի հարցում Հայաստանն այլընտրանք չունի, քան լիարժեքորեն ամերիկյան պատժամիջոցները կիրառելը: Իրանի հարևան և բարեկամ երկրի` Հայաստանի տարածքից հայտարարություն արվեց առ այն, որ Իրանի շուրջ օղակը սեղմվելու է: Հայաստանի շահերի հանդեպ շատ նրբանկատ և գործընկերային վերաբերմունք է, անշուշտ:

Դիվանագիտության մեջ չափազանց կարևոր է ոչ միայն ասածի բովանդակությունը, այլև տեղի և ժամանակի պարագան: Մինչ օրս Հայաստանի գործընկերները զգայուն են եղել Հայաստանի տարածքում և հայ պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ Հայաստանի հարևաններին և բարեկամներին վերաբերող հայտարարություններ անելիս: Ո՞վ կամ ի՞նչն է արձակել նրանց ձեռքերը «նոր Հայաստանում»: Հուսամ՝ ոչ «սև հակահեղափոխականները», ոչ էլ «հպարտ ժողովուրդը»:

Չգիտեմ, թե էլ ինչ է խոսվել փակ դռների հետևում, բայց եթե սա բաց մասն է, ապա մնացյալը կարելի է վստահորեն կռահել: Եվ սարսափել: Նրանից, թե ինչպես վեց ամսվա ընթացքում հավասարակշռված արտաքին քաղաքականություն ունեցող պետությունից, որին հարգում, վստահում և որի դիրքորոշումները հաշվի էին առնում, վերածվեցինք մի երկրի, որտեղ և որի մասին խոսելիս արտասահմանյան դիվանագետներն ու պաշտոնյաները չեն էլ փորձում մի պահ կանգ առնել և մտածել Հայաստանի շահերի մասին:

Չեմ կարծում, որ Բոլթոնի այս ձևակերպումները որևէ կապ ունեն բանակցությունների ընթացքի հետ: Սովորաբար այդ հայտարարությունները պատրաստվում են մինչև հանդիպումը և անգամ մինչև այցի մեկնարկը: Հետևաբար, այս մոտեցումներն արտացոլում են Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությանն ու դրանից բխող նոր արտաքին քաղաքականությանն ի պատասխան ԱՄՆ ձևավորած դիրքորոշումները:

Շուրջ 15 տարի ներգրավված լինելով Հայաստանի բարձրագույն ղեկավարության բոլոր միջազգային հանդիպումներում, չեմ հիշում գեթ մեկ դեպք, որ ամերիկացի գործընկերները հարցականի տակ դնեին Հայաստան-Ռուսաստան ռազմավարական դաշնակցությունը: Փոխարենը հիշում եմ փոխնախագահ Բայդենի հատուկ հեռախոսազանգը` հայտնելու նախագահ Սարգսյանին, որ ԱՄՆ-ն ըմբռնումով է մոտենում Հայաստանի` Եվրասիական միությանը միանալու ինքնավար որոշմանը:

Ի՞նչն է հիմք տվել Բոլթոնին մտածելու, որ կարելի է Հայաստանում խոսել «զիջումներ բաց սահմանի դիմաց» բանաձևով: Հուսամ՝ ոչ տիկին Աննա Հակոբյանի խաղաղասեր ելույթները Արցախի` հերոսների արյունով գծված և հայ զինվորի կողմից պահվող սահմանին: Փամփուշտները չի կարելի զարդերի վերածել: Դա բացարձակ անընդունելի սիմվոլիզմ է: Փամփուշտն ու զենքը պետք են սահմանը, պետությունը, անկախությունն և անվտանգությունը պահպանելու համար: Նույնիսկ ամենաանվտանգ և խաղաղ երկրում: Հատկապես մեր տարածաշրջանում: Մեր անվտանգության մարտահրավերները ոչ սկսվում, ոչ էլ ավարտվում են Արցախով:

Ի դեպ, ամերիկյան և ռուսական զենքի համեմատության մասին: Այս ոլորտին անծանոթներին հիշեցնեմ, որ ռուսական զենքը, որն, ի դեպ, միջազգային փորձագետները չեն ստորադասում ամերիկյանին, Հայաստանը որպես ՀԱՊԿ անդամ երկիր գոնե մինչ այսօր գնել է Ռուսաստանի ներքին գներով, հիմնականում` մատչելի վարկային ծրագրերով կամ ստացել աջակցության տեսքով, ունի դրա պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկական բազա և մասնագետներ: Սպառազինության պլանավորման, պահպանման, վերանորոգման, համալրվածության ապահովման և կիրառման, անձնակազմի ուսուցման տեսակետից նախընտրելի է ձեռք բերել միատեսակ, նույն երկրում արտադրված զինտեխնիկա: Եվ ոչ պակաս հրատապ հարց` ո՞րը պետք է լինի Ռուսաստանի՝ Հայաստանին անվճար կամ մատչելի զենք տրամադրելու շարժառիթը, եթե այլ տեղից Հայաստանն այն ձեռք է բերում շուկայական գներով:

Կասկած չունեմ, որ Բոլթոնը շատ լավ գիտակցում է այս ամենը: Նրա ասածը ոչ թե Հայաստանին ամերիկյան զենք գնելու առաջարկ էր, ինչպես շտապեցին այն ներկայացնել որոշ վերլուծաբաններ, այլ Ադրբեջանին այդ զենքը վաճառելու արդարացում: Իսկ որ ամերիկյան զինտեխնիկայի օգտագործման մեծ փորձ, այդպիսի տեխնիկայի և պահեստամասերի հսկայական պաշարներ ունեցող Թուրքիան կօգնի Ադրբեջանին վերոհիշյալ բոլոր հարցերում, կարելի է չկասկածել: Ի դեպ, հետաքրքիր է, Ադրբեջանին Բոլթոնը կոչ անելո՞ւ է «վերջապես ինքնուրույնանալ»` ակնարկելով Թուրքիայի հետ ունեցած ռազմավարական դաշնակցությունը:

Իրանին սպառնացող պատժամիջոցներն առաջինը չեն ԱՄՆ-Իրան հարաբերությունների մեջ: Հայաստանը միշտ կարողացել է գտնել այն ոսկե միջինը, որը թույլ է տվել պահպանել միջազգային իրավունքի պահանջները, բայց միևնույն ժամանակ Իրանի հետ գերկարևոր համատեղ ծրագրեր իրականացնել: Ամերիկյան գործընկերները միշտ ըմբռնումով են մոտեցել մեր կենսական շահերին: Երբեք չեն սպառնացել մեզ «բարդ իրանական սահմանով»: Այցի հայտարարություններից մենք և, փաստորեն, ոչ միայն մենք իմացանք, որ առաջիկայում Հայաստանը կարող է ներքաշվել նաև հակաիրանական քաղաքականության մեջ, որը վտանգ է ոչ միայն Հայաստանի այլև ողջ տարածաշրջանի համար: Սա կարևոր լրացում է օրեր առաջ վարչապետի արած հայտարարությանը` Սյունիքով անցնող նարկոտրաֆիկի ողնաշարը կոտրելու մասին: Ի դեպ, հայտարարության, որի ղարաբաղյան թեմայի շուրջ ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից օգտագործվելու էֆեկտին ականատես կլինենք հաշված շաբաթների ընթացքում:

Ամերիկյան վարչակազմերը հաճախ ժլատ են եղել Հայոց ցեղասպանության պատշաճ գնահատման հարցում: Բայց միշտ կաշկանդվել են դրանից: Երբեմն կոչ են արել Հայաստանին շարունակել հարաբերությունները վերականգնելու ջանքերը, որոնց համար բազմիցս շատ բարձր են գնահատել Հայաստանի ղեկավարության քաղաքական կամքը: Բայց Թուրքիային սեփական պատմությանն առերեսվելու կոչի փոխարեն, ինչպես դա արեց Անկարայում նախագահ Օբաման, Հայաստանին կոչ անել «ազատվել պատմության կաղապարներից», կարծում եմ՝ խիստ նոր և անցանկալի մոտեցում է ամերիկյան քաղաքականության մեջ: Վստահ եմ, որ Ամերիկայի հայ համայնքը և լոբբիստական կառույցները կարձագանքեն դրան:

Ո՞րն էր խորհրդական Բոլթոնի Հայաստան այցի` մեր երկրի շահերից բխող հիմնական ուղերձը: Հարցրե՛ք վարչապետ Փաշինյանին: Ես չկարողացա նման բան նշմարել գոնե այցի հանրայնացված հատվածում:

Կարելի կլիներ մի քիչ ավելի մեղմ արձագանքել այս այցի խնդիրներին, եթե չլինեին միջազգային այլ կուրյոզներ, ինչպիսիք են ռուսական մամուլում Ռուսաստանի երկու խոշորագույն ընկերությունները` Գազպրոմն ու Ռուսական երկաթուղին կոռուպցիայի մեջ մերկապարանոց մեղադրելը, ամերիկյան և եվրոպական ներդրումային նախագծերի սառեցումն ու տապալումը, եվրոպական մի երկրից զգալի չափի գերշահավետ վարկի առաջարկի մերժումը (ի դեպ, ըստ որոշ վերլուծաբանների անանունության հիմքով հայտնած կարծիքի վերջին երկուսի արդյունքում ՀՀ պետական բյուջեին հասցված ուղղակի վնասն արդեն իսկ մի քանի անգամ գերազանցում է նույնիսկ օդում կախված և դեռևս բյուջե չմուտքագրված «աղմկահարույց կոռուպցիոն բացահայտումների» ողջ գումարին և այդ թիվը շարունակում է աճել), ԵՄ հետ կնքված շրջանակային համաձայնագրով նախատեսված գործողությունների լիակատար կաթվածահար վիճակը, Գերմանիայի կանցլերի հետ գերմանական ընկերության կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստի քննարկումից խուսափելը, Սիրիա մասնագետներ ուղարկելու դժվար իրականանալի և խնդրահարույց պարտավորությունը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի «դե ֆակտո» կորստի կամ ՀՀ քաղաքացի հանդիսացող գլխավոր քարտուղարի գործունեության արդյունավետության արհեստական կտրուկ նվազեցման անխուսափելի հեռանկարը, ՀԱՊԿ նիստի տեղափոխումը Երևանից Մոսկվա: Եվ այս ցանկը կարելի է շարունակել: Իհարկե, կշեռքի մյուս նժարին կարելի է դնել դեռևս «հին Հայաստանի» օրոք նախաձեռնած և նախապաստրաստած Ֆրանկոֆոնիայի հաջողված գագաթաժողովը, բայց Հայաստանի արտաքին քաղաքականության տեսանկյունից այն անվերապահորեն ստորադաս է Հայաստան-ԱՄՆ, Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-ԵՄ, Հայաստան-Իրան հարաբերություններում նշմարվող բազմաթիվ խնդիրներին:

Ի դեպ, պարո՛ն Փաշինյան, հանկարծ այս ամենի մեղքը չգցեք արտաքին քաղաքականության ոլորտի համար պատասխանատու արհեստավարժների վրա: Նրանք ոչ հեղափոխական են, ոչ էլ հակահեղափոխական, պարզապես շարունակում են իրենց ծառայությունը Հայրենիքին: Լուրջ հարցերում որոշումներ կայացնելիս ճիշտ է նրանց ականջալուր լինել, ոչ թե Ձեր գլխավորությամբ փողոցները փակուղի դարձրած, դժվար քանդելի բարիկադներ կառուցած ու կառուցող, հասարակությունը սևի ու սպիտակի բաժանող և կարիերային կտրուկ թռիչքից գլխապտույտ ապրող արկածախնդիրներին: Այս ոլորտում թույլ տված սխալները դժվար վերականգնվող են և կարող են ճակատագրական դառնալ:

Արտաքին քաղաքականության հիմնական պատասխանատուն Դուք եք: Այս ուղղությամբ Դուք հիմա հետևողականորեն ավիրում եք այն, ինչ ստեղծվել է տասնամյակներով: Եթե իրավիճակը հրատապ չշտկեք, գործընթացն ինքնուրույն և հմուտ չառաջնորդեք, արհեստավարժների հնարավորությունները շարունակելու են սեղմվել, ինչպես վերջին վեց ամիսների ընթացքում: Իհարկե, լավ է, որ Դուք փորձում եք հասու լինել ժողովրդին, բայց չէ՞ որ Ձեր նախարարները, դեսպանները, խորհրդականները ևս ժողովուրդ են: Մեկ-մեկ էլ նրանց ընդունեք և լսեք»,- գրել է Վիգեն Սարգսյանը: