Կոալիցիոն կառավարման եվրոպական մոդելը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.12.2025 | 23:32
ԱԱ․ Բաչկովը հաղթել է ժամկետից շուտ, Մաշակարյանը և Հովհաննիսյանը ևս շարժվում են առաջ
05.12.2025 | 23:30
BP-ն հրաժարվում է Բաքու-Սուփսա և Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարերի օպերատորի իրավունքից
05.12.2025 | 23:16
Հայաստանը նախապատրաստվում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի հյուրընկալմանը․ քննարկվել են կազմակերպչական աշխատանքները
05.12.2025 | 23:14
Կայացել է ԱԱ-2026-ի վիճակահանությունը, Դոնալդ Թրամփը մրցանակ է ստացել ՖԻՖԱ-ից
05.12.2025 | 23:01
Եվրոպական հանձնաժողովը 120 միլիոն եվրոյով տուգանել է Իլոն Մասկի X-ին
05.12.2025 | 22:47
Ռուսաստանի ԿԲ-ն վերացրել է իր և «բարեկամ» երկրների քաղաքացիների համար միջազգային դրամական փոխանցումների սահմանափակումները
05.12.2025 | 22:31
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.12.2025 | 22:18
Netflix-ը հայտնել է 82,7 միլիարդ դոլարով Warner Bros․-ը գնելու մասին
05.12.2025 | 22:05
Առողջության համապարփակ ապահովագրության հիմնադրամ կստեղծվի․ տնօրենի անունը հայտնի է
05.12.2025 | 21:50
Անկարայում ԱՄՆ դեսպանը Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի հարաբերություններից է խոսել
05.12.2025 | 21:37
Մյասնիկյան պողոտայում մեքենա է այրվել
05.12.2025 | 21:26
Բաքվում հորդառատ անձրևները հեղեղումներ են առաջացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 21:14
Առողջության համընդհանուր ապահովագրություն․ նախագահը քննարկել է ոլորտի խնդիրներն ու լուծումները
05.12.2025 | 21:00
Ով ասում է՝ վարչապետը ճիշտ արեց, թող պատրաստ լինի՝ ԱԱԾ-ն գա իր տուն և հանձնարարություններ տա․ Լևոն Բարսեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 20:45
Կեղծ ԱԱԾ-ականներ, AI-ով գեներացված ձայն․ կիբերզեղծարարները հասել են պաշտոնյաներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երբ քաղաքական հակառակորդները սկսում են միասին կառավարել. ինչպես և ինչու է սա ստացվում Եվրոպայում

Մոտ ութ ամսից Հայաստանում ընտրություններ կլինեն՝ խորհրդարան կընտրենք: Ազգային ժողովի այս ընտրությունները կանցնեն վերջին մի քանիսի պես՝ երաշխավորված կայուն մեծամասնության մեխանիզմով:

Սա նշանակում է՝ եթե որևէ կուսակցություն չստանա ձայների 50 տոկոսից ավելին, և մյուսներն էլ կոալիցիա չկազմեն, ապա առավելագույն ձայն հավաքած ուժը, ի վերջո, կստանա այնքան լրացուցիչ մանդատ, որ խորհրդարանում ունենա մեծամասնություն ու միայնակ ձևավորի կառավարություն:

Սերժ Սարգսյանի Հանրապետականի օրոք ներդրված այս սկզբունքը Հայաստանում  քննարկվել-քննադատվել, բայց չի փոխվել. 2017-ի ԱԺ ընտրություններում ՀՀԿ-ն, 2018-ին և 2021-ին՝ ՔՊ-ն այնքան քվե հավաքեցին, որ ստացան նաև պատգամավորական տեղերի կեսից ավելին, այսինքն՝ բանը չհասավ կայուն մեծամասնության սկզբունքի գործարկմանը:

2025-ի սեպտեմբերին Սահմանադրական փոփոխությունների խորհուրդը, որոշեց հրաժարվել ընտրական համակարգի այն դրույթից, որով եթե խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում չի ձևավորվում կայուն մեծամասնություն, իսկ քաղաքական ուժերը կոալիցիա կազմելու շուրջ համաձայնության չեն գալիս, անցկացվում է երկրորդ փուլ՝ ամենաշատ քվե ստացած երկու ուժերի մասնակցությամբ: Առաջարկվում է երկրորդ փուլի փոխարեն անցկացնել նոր ընտրություններ:

2026-ի ընտրություններին այս փոփոխությունները չեն վերաբերի: Վարչապետ Փաշինյանն արդեն հայտարարել է՝ նոր Սահմանադրությունը հանրաքվեի կդրվի ԱԺ հերթական ընտրություններից հետո:

2026-ին ավելի թեժ պայքար է կանխատեսվում, տեսականորեն, կարող է լինել մի իրավիճակ, որ ընտրողների քվեների 25-30 տոկոսը հավաքած ուժը դառնա մեծամասնություն ու միայնակ ձևավորի կառավարություն։

Հասարակական կազմակերպություները սրան դեմ են, հակաժողովրդավարական մոդել են անվանում։ Իսկ ի՞նչ են առաջարկում ժողովրդավարությամբ հայտնի «Հին աշխարհում»:

Շվեդիա. մշակութային և քաղաքական առանձնահատկությունները

Եվրոպական բազմաթիվ երկրներում ընդունված է կոալիցիոն կառավարություններ ձևավորել. քաղաքական հակառակորդները փոխզիջումների են գնում ու կոալիցիոն համաձայնագիր ստորագրում:

Շվեդիայում մոտ երկու տասնամյակ որպես լրագրող աշխատած, ընտրություններին ու հետընտրական գործնթացներին հետևած Յոհաննա Յոհանսոնը պատմում է, թե ինչը կարող է միավորել քաղաքական հակառակորդներին իր երկրում: Նրա խոսքով՝ կոալիցիաների ձևավորումը Շվեդիայում ոչ միայն քաղաքական, այլ նաև մշակութային կոնտեքստ ունի: Ամեն ընտրությունից հետո լրագրողներն ամիսներով սպասում են դրան, հետևում յուրաքանչյուր հայտարարության ու ականատես լինում կոալիցիոն անսպասելի գործընկերությունների:

«Եթե երբեք չեք ապրել կոալիցիոն կառավարությունների համակարգում, հնարավոր է չպատկերացնեք՝ ինչպես են մրցակիցները դառնում գործընկերներ։ Բայց 1960-ականներից հետո Շվեդիայում ոչ մի կուսակցություն խորհրդարանում մեծամասնություն չի ունեցել․ քաղաքական առաջնորդները գիտեն, որ եթե ուզում են կառավարել, պետք է բանակցեն։ Նրանց մոտիվացիան մասամբ քաղաքական է, մասամբ՝ մշակութային։

Քաղաքական առումով սա պարզ թվաբանություն է․ Ռիքսդագում (Շվեդիայի խորհրդարանում) կա 349 մանդատ, և ոչ մի կուսակցություն մոտ չէ 175-ի մանդատ ունենալուն։ Կուսակցությունները պետք է «նստեն» նախկին հակառակորդների հետ կամ ընդդիմադիրների աթոռը զբաղեցնեն», – ասում է Յոհանսոնը՝ ընդգծելով նաև՝ մշակութային առումով շվեդները սովոր են բանակցելու և փոխզիջումների:

Բայց նույնիսկ փոխզիջումների սովոր շվեդների համար հետընտրական 2018-ը երկրին կառավարություն բերեց միայն 2019-ին. կուսակցությունների միջև բանակցությունները ամիսներ տևեցին: Ընտրություններից հետո ավանդական ձախ և աջ բլոկներում գրեթե հավասարություն էր, իսկ կուսակցությունները չէին ցանկանում համագործակցել «Շվեդ դեմոկրատների» հետ (նրանց՝ ծայրահեղ դիրքորոշումների, ներգաղթի և ինքնության քաղաքականության հանդեպ կոշտ հայտարարությունների պատճառով)։

«Այդ փակուղին հանգեցրեց ճգնաժամի։ Ավելի քան չորս ամիս Շվեդիան ուներ միայն ժամանակավոր կառավարություն։ Խորհրդարանի շենքում վերջ չունեցող մամուլի ասուլիսներ էին, ընդհանուր առմամբ, ավելի քան 180-ը։ Ամեն անգամ կուսակցությունների ներկայացուցիչները դուրս էին գալիս բանակցություններից ու հայտարարում՝ քննարկումները շարունակվում են կամ հակասությունները մնում են։ Լրագրողները նորից ու նորից տեղադրում էին տեսախցիկները նույն վայրերում, լսում նույն արտահայտությունները՝ հասկանալով, որ երկիրը դեռ սպասում է»։

Վերջապես 2019 թվականի հունվարին, 134 օր անց, Ստեֆան Լյովենը վերընտրվեց վարչապետ։ Սոցիալ-դեմոկրատները համաձայնության եկան Կենտրոնական կուսակցության և Լիբերալների հետ, որոնք ավանդաբար պատկանում էին աջակողմյան Ալյանսին։

«Դա բացառիկ պահ էր․ վաղեմի հակառակորդները միացան՝ միայն թե հեռու պահեն ծայրահեղ աջերին իշխանությունից»,- հիշում է Յոհանսոնը։

Տասնամյակներով կոալիցիոն կառավարման փորձ ունեցող Շվեդիայում գործում է նաև մեկ այլ կարգ՝ «հանդուրժողականություն կառավարության հանդեպ»: Ի՞նչ է սա նշանակում։

Կուսակցությունը կամ կուսակցությունների խումբն ընտրություններից հետո լեզու չի գտնում կոալիցա կազմողների հետ ու կառավարություն չի մտնում, բայց չի էլ խոչընդոտում կառավարության ձևավորմանն ու անվստահություն չի հայտնում: Այլ կերպ ասած՝ հանդուրժում է կառավարությանը՝ հանուն քաղաքական կայունության: Այսպես ձևավորվում է փոքրամասնության կառավարություն: Այս պարագայում «հանդուրժող» կուսակցությունները, եթե պատկերավոր ասենք, պասիվ համաձայնություն են տալիս, զուտ, որպեսզի կառավարություն ձևավորվի:

Յոհանսոնը հիշում է. «2014-ի ընտրություններից հետո կնքվեց Դեկտեմբերի համաձայնագիրը (Decemberöverenskommelsen)՝ խոշոր Սոցիալ-դեմոկրատների և Moderata -ի միջև (ինչպես նաև մի քանի փոքր կուսակցությունների)։ Ըստ դրա՝ նույնիսկ եթե կառավարությունը փոքրամասնություն լինի, ընդդիմությունը խոստանում է՝ չի խոչընդոտի բյուջեի ընդունմանը՝ «Շվեդ դեմոկրատների» օգնությամբ։

Գործնականում դա ապահովագրություն էր․ այն երաշխավորում էր՝ որ բլոկն էլ կձևավորեր կառավարություն և կկարողանար անցկացնել բյուջեն: Համաձայնագիրը վիճահարույց էր․ այն նմանեցնում էին հաստատված կուսակցությունների կարտելի, որը հետ էր մղում թե՛ ընտրողներին, թե՛ աճող ընդդիմադիր ուժին։ Այս համաձայնությունը փլուզվեց երկու տարում, բայց նաև ցույց տվեց, թե որքան հեռու էին պատրաստ գնալ մրցակիցները՝ կայունությունը պահպանելու համար»:

2014-ին ձեռք բերված այս համաձայնությունը հնարավորություն տվեց, որ երկիրը նորից չմտնի ընտրական գործընթացների մեջ: 2014 -2022թթ-ին Շվեդիայում հենց այսպես՝ նեգատիվ պառլամենտարիզմով է կառավարություն ձևավորվել: Բայց նույնիսկ խորհրդարանական կայունություն ունեցող Շվեդիայում 2021-ին պատմության մեջ առաջին անգամ Ռիքսդագը քվեարկեց ու անվստահություն հայտնեց վարչապետին:

2022-ին առաջին անգամ կոալիցիոն գործընկերություն հաստատվեց չորս աջակողմյան կուսակցությունների միջև։ Այն կոչվեց Tidö-ի համաձայնություն, քանզի բանակցում էին նույնանուն դղյակում։ Հիշելով սա, Յոհանսոնն ասում է՝ քաղաքականության մեջ «երեկվա հակառակորդն այսօր կարող է կոալիցիոն գործընկեր լինել»:

Լրագրողը նշում է՝ չնայած կոալիցիոն կառավարությունների ձևավորման մշակույթին՝ շվեդներն այստեղ նաև մարտահրավեր են տեսնում. ընտրողները երբեմն բողոքում են, որ բոլոր կուսակցությունները նույնն են: Երբեմն փոխզիջումները մշուշում են կուսակցությունների գաղափարական տարբերությունները։

Նիդերլանդներում նախընտրում են փոխզիջումային տրամաբանությունը

Այս երկիրը միշտ կոալիցիաներ են կառավարել, ու երբեք չի եղել միակուսակցական կառավարություն, որովհետև այստեղ անցողիկ շեմը խիստ ցածր է՝ ընդամենը 0.67 տոկոս ձայն ստացած կուսակցությունը մանդատ է ստանում։ Արդյունքում, խորհրդարան են անցնում բազմաթիվ կուսակցություններ։  Դեռ չի եղել դեպք, որ որևէ մեկը այս պայմաններում ստանա բացարձակ մեծամասնություն, համենայն դեպս՝ Երկրորդ աշխարհամարտից այս կողմ։ Հակառակը, հաճախ 10-15 կուսակցություն են անցնում խորհրդարան, ու կոալիցիոն կառավարության ձևավորումը դառնում է անխուսափելի։

Դրա համար նրանք հատուկ մշակած կարգ ունեն․ ընտրություններից հետո պառլամենտի խոսնակը նշանակում է, այսպես կոչված, իրազեկիչ կամ սուրհանդակ, որը բանակցում է կուսակցությունների հետ, մեկից մյուսին տեղեկություն փոխանցում, շոշափում նրանց տրամադրությունները հնարավոր կոալիցիաների հարցում։

Խոսքը միայն կառավարությունում պորտֆել՝ նախարարի կամ մարզպետի պաշտոն ստանալու մասին չէ։ Ավելի շատ քննարկվում է, թե արդյոք այս կուսակցությունները պատրաստ են սեղանին դնել իրենց քաղաքական ծրագրերն ու գաղափարները և համաձայնության գալ դրանք միավորելու, մեկ միասնական ծրագիր կազմելու շուրջ։

Այսպես, կառավարությունը ղեկավարվում է ոչ թե մեկ կուսակցության կամ անձի կամքով, այլ գործողությունների փոխզիջումային ծրագրով։

Երբ արդեն հնարավոր գործընկերները համաձայնություն են կնքում, առաջ է գալիս, այսպես կոչված, ֆորմատորը՝ սովորաբար ապագա վարչապետը։ Նա վերջնական տեսքի է բերում կոալիցիոն համաձայնագիրը և կաբինետի ձևավորումը։ Ընդ որում, պարտադիր չէ, որ վարչապետ դառնա այն ուժի ներկայացուցիչը, որն ընտրություններում ամենաշատ ձայնն է հավաքել:

Իշխանության գալու համար բանակցություններն ու երկխոսությունը կարող են շաբաթներ ու ամիսներ տևել: Նիդերլանդներում կոալիցիոն կառավարությունը միջինում ընտրություններից հետո 72 օրում է ձևավորվում, բայց երբեմն այս ժամանակն էլ բավարար չի լինում:

Ռեկորդային երկար բանակցություններ են եղել 1977-ին, 2017-ին ու 2021-ին․ կառավարություն կազմվել է ավելի քան 280 օր տևած բանակցություններից հետո:

Քննադատներն ասում են՝ սա ազդում է որոշումների կայացման արագության վրա, ուրիշները պնդում՝ երկարատև այս քննարկումներն ու փոխզիջումներն են, որ դարձնում ու պահում են երկիրը ժողովրդավար:

Բանակցելու կարողությունը որպես իշխանության ճանապարհ. Գերմանիայի օրինակը

Նիդերլանդների հարևան՝ Գերմանիան ևս կոալիցիոն կառավարման ավանդույթներով է հայտնի. 1949-ից ի վեր դաշնային այս հանրապետությունը միայն մեկ անգամ է ղեկավարվել մեկ կուսակցության կողմից: Տարիների ընթացքում կուսակցությունները ձևավորել են կոալիցիոն կայունություն ապահովելու մեխանիզմներ: Առաջին մեծ կոալիցիոն կառավարությունը դեռ 1966-ին է ձևավորվել:

Ի՞նչ են անում գերմանացիները. ընտրություններից անմիջապես հետո կուսակցությունները ներքին քննարկումներ են սկսում, նախնական բանակցություններ վարում՝ ապագա դաշնակիցներ գտնելու համար։ Սովորաբար ամենաշատ ձայն ստացած կուսակցությունն է առաջարկներ անում հնարավոր գործընկերներին։

Եթե այս «հետախուզական» բանակցությունները բարեհաջող են անցնում, կողմերը մտնում են բանակցությունների փուլ: Գերմանիայում նույնպես բանակցությունների  պաշտոնական փուլը կարող է շաբաթներ տևել: Արդյունքում ստեղծվում է Koalitionsausschuss՝ կոալիցիոն համաձայնագիր, որը ներառում է կոնկրետ ծրագրեր և ժամկետներ, մի խոսքով՝ մի հաստափոր փաստաթուղթ, որն ուղենիշ է դառնում կառավարության համար ու ապահովում կոալիցիայի կայունությունը։ Երբ բոլորը ստորագրում են այս փաստաթուղթը, խորհրդարանն ընտրում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության հաջորդ կանցլերին։

Թեև գերմանացիները հայտնի են իրենց կանոնիկ կարգապահությամբ, նույնիսկ նրանք չեն կարողանում 100 տոկոսանոց քաղաքական հաշվարկներ ու կանխատեսումներ անել։

Այնպես որ, Koalitionsausschuss-ը, իհարկե, կարևոր ուղեցույց է, բայց այդ էջերից դուրս գործընթացներն էլ են ազդում կոալիցիոն կառավարության քաղաքականության վրա, ինչպես օրինակ՝ Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի վրա փոխեց եվրոպական առաջատարների, այդ թվում նաև Գերմանիայի արտաքին քաղաքական  առաջնահերթությունները:

Անահիտ Հակոբյան

Սույն հոդվածը հրապարակվել է «Պարզաբանելով ժողովրդավարությունը․ իրազեկման նախաձեռնություն» ծրագրի շրջանակում՝ Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության ֆինանսավորմամբ։