ՀՀ-ն դիտարկում է Հնդկաստանի Սու-30 MKI կործանիչները՝ Ադրբեջանի օդային հզորության աճին դիմակայելու համար․ The Eurasian Times
Քաղաքականություն
07.08.2025 | 21:44
Վերջերս Հնդկաստան-Պակիստան պատերազմում տեղի են ունեցել չինական ծագման ամենաժամանակակից ինքնաթիռների մասնակցությամբ մարտեր ռուսական և ֆրանսիական կործանիչների դեմ։ Մինչդեռ բոլորի վերնագրերը գրավել է լայնորեն գովազդված J-10C-ի և Rafale-ի բախումը, ոչ պակաս հետաքրքիր էր նաև JF-17 Thunder-ի և Su-30MKI-ի միջև մրցակցությունը, որը ռուսական Su-30-ի հնդկական տարբերակն է։ Այս մասին ասվում է The Eurasian Times անդրադարձում։
Այժմ, կարծես թե, երկու կործանիչները կարող են միմյանց դեմ դուրս գալ մեկ այլ անկայուն աշխարհաքաղաքական լարվածության կենտրոնում, այս անգամ՝ Կովկասում։
Պակիստանը վերջերս 4,6 միլիարդ դոլարի պաշտպանական պայմանագիր է կնքել Ադրբեջանի հետ՝ 40 JF-17 Thunder կործանիչ մատակարարելու համար՝ 2 միլիարդ դոլարի ներդրումային փաթեթի հետ միասին։ Սկզբում Ադրբեջանը Պակիստանից պատվիրել էր 16 JF-17, սակայն նոր պայմանագիրն այդ գնումն ընդլայնում է մինչև 40 ինքնաթիռ։ JF-17 Thunder-ը միաշարժիչ բազմաֆունկցիոնալ մարտական ինքնաթիռ է, որը համատեղ մշակվել է Պակիստանի և Չինաստանի կողմից։Այն մշակվել է Պակիստանի ավիացիոն համալիրի (PAC) և Չինաստանի Չենգդուի ավիաշինական կորպորացիայի (CAC) կողմից։
40 ինքնաթիռների մատակարարումները, ինչպես սպասվում է, կիրականացվեն փուլերով առաջիկա տարիների ընթացքում, ներառյալ՝ ադրբեջանցի օդաչուների և տեխնիկների վերապատրաստման ծրագրերը։
Ադրբեջանին 40 JF-17 Thunder կործանիչների մատակարարումը զգալիորեն կբարձրացնի նրա ռազմաօդային ուժերի կարողությունները։
Լրատվամիջոցը գրում է, որ 2020 թվականից ի վեր Ադրբեջանն ու Հայաստանը մղել են երեք կարճատև պատերազմ։ Առաջինը՝ 2020 թվականի սեպտեմբերին, ապա՝ 2022 թվականի սեպտեմբերին և, վերջապես, 2023 թվականի սեպտեմբերին, որի արդյունքում Բաքուն ընդլայնել է իր վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։
Նշվում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին փխրուն խաղաղություն է հաստատվել։ Այնուամենայնիվ, իրավիճակը մնում է լարված, և երկու երկրներն էլ ներգրավված են սպառազինությունների մրցավազքի մեջ։ Հայաստանը չի կարող անտեսել Ադրբեջանի ռազմաօդային ուժերի արագ արդիականացումը։ Հատկապես, հաշվի առնելով, որ Հայաստանի ռազմաօդային ուժերն արդեն իսկ ծանր վիճակում են։ Հայաստանն իր զինանոցում շատ սահմանափակ կործանիչներ ունի։ Հայկական ռազմաօդային ուժերի մեծ մասը բաղկացած է 10-15 Սու-25 կործանիչներից։ Այս Սու-25-ներից մի քանիսը, հնարավոր է, կորել են 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմում։
Հին Սու-25-ներից բացի՝ Հայաստանն ունի միայն չորս Սու-30ՍՄ, որոնք Երևանը գնել է Ռուսաստանից 2019 թվականին։ Սակայն Ռուսաստանը դեռևս չի մատակարարել Հայաստանին այս կործանիչների համար անհրաժեշտ զենքի փաթեթը, ինչը կրկին նշանակում է, որ դրանք մարտունակ չեն։
Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ լայնածավալ պատերազմում ներգրավվելուց ի վեր Մոսկվայի առաջնահերթությունները լիովին փոխվել են, և քիչ հավանական է, որ Ռուսաստանը կկարողանա Հայաստանին զենք մատակարարել Սու-30ՍՄ կործանիչների համար կամ արդիականացնել դրանք։
2024 թվականի հոկտեմբերի վերջին Հայաստանը բանակցություններ է սկսել հնդկական Hindustan Aeronautics Limited (HAL) ընկերության հետ 8-12 Su-30MKI տարբերակների վերաբերյալ, ինչը, հնարավոր է, չեղարկի Ռուսաստանի կողմից կասեցված պատվերը։ Սակայն որևէ պաշտոնական հայտարարություն չի արվել։
Հնդկաստանի HAL-ն արտադրում է Su-30MKI կործանիչներ՝ Sukhoi-ի լիցենզիայով։
Նշվում է, որ Հնդկաստանից Su-30MKI-ներ գնելը խելամիտ ընտրություն է Հայաստանի համար՝ մի շարք պատճառներով։ Նախ՝ Հնդկաստանը Հայաստանի համար հուսալի անվտանգության գործընկեր է։ 2020 թվականի Ադրբեջանի հետ պատերազմից ի վեր երկու երկրները, որոնք ամենաշատն են օգնել Երևանին, Հնդկաստանն ու Ֆրանսիան են։ Իհարկե, Rafale-ի գնումը կարող է լինել մեկ այլ տարբերակ, բայց դրա գրեթե 100 միլիոն դոլարի բարձր գինը կարող է խոչընդոտ լինել։
«Չնայած սպասվում է, որ Երևանը կուսումնասիրի իր օդային հզորությունը զարգացնելու բազմաթիվ տարբերակներ, նա, հավանաբար, կկենտրոնանա Հնդկաստանում արտադրված Su-30MKI-ներ ձեռք բերելու վրա, որոնք շատ ավելի մատչելի են, քան ֆրանսիական Rafale-ները»,- Forbes-ին տված հարցազրույցում ասել է RANE ռիսկերի հետախուզական ընկերության վերլուծության տնօրեն Սեմ Լիխտենշտեյնը։
Հայաստանը մեծացնում է Հնդկաստանից զենքի ձեռքբերումը՝ կատարելով հնդկական արտադրության զենքի համակարգերի, այդ թվում՝ Akash-1S հակաօդային պաշտպանության համակարգի զգալի գնումներ՝ 2020 թվականին ստորագրված 2 միլիարդ դոլարի պաշտպանական գործընկերության շրջանակում։ 2022 թվականին Հայաստանը Հնդկաստանի հետ կնքեց 72 միլիոն դոլարի 15 Akash-1S հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման պայմանագիր։ Հայաստանը նաև պատվիրել է Pinaka հրթիռային կայանքների (MBRL) առնվազն չորս միավոր։ Երևանը նաև պատվիրել է 84 միավոր առաջադեմ հրետանային համակարգեր (ATAGS), Zen հակաօդային համակարգեր, Swathi զենքի տեղորոշման ռադարներ, Konkurs հակատանկային կառավարվող հրթիռներ (ATGM) և մի շարք այլ զենքի համակարգեր։
SIPRI-ի տվյալներով՝ 2022-2024 թվականներին Հնդկաստանը մատակարարել է Հայաստան ներմուծված զենքի գրեթե 43%-ը։ Ըստ հրապարակման՝ ակնհայտ է, որ այս կարևորագույն ժամանակներում Հնդկաստանը դարձել է Հայաստանի ամենահուսալի պաշտպանական գործընկերներից մեկը։
Երկրորդ՝ Հնդկաստանը ոչ միայն շահագործում է աշխարհի ամենամեծ Սու-30 ինքնաթիռներից մեկը, այլև Նյու Դելին դրանք արտադրում է ներքին լիցենզիայով։ Ավելին, Հնդկաստանը կարող է նաև Հայաստանին ապահովել այս կործանիչների սպասարկման և վերանորոգման հարմարություններով։ Բայց ամենակարևորը, Հնդկաստանը կարող է նաև Հայաստանին ապահովել զենքի փաթեթով և արդիականացումներով այն չորս Սու-30SM-ների համար, որոնք արդեն գնել է Ռուսաստանից։
«Հնդկաստանը, հավանաբար, նույնպես կհետաքրքրվի այս համակարգերի մատակարարմամբ՝ Ադրբեջանի կողմից Պակիստանից՝ իր ավանդական մրցակցից կործանիչներ գնելուն հակազդելու համար։ Բացի Ադրբեջանի օդային հզորությանը համապատասխանող նոր կործանիչներ փնտրելուց՝ սպասվում է, որ Հայաստանը նաև կամրապնդի իր օդային պաշտպանության կարողությունները Հնդկաստանից, Իրանից և, հնարավոր է, այլ երկրներից ստացված համակարգերով»,- ասել է Լիխտենշտեյնը։
Սու-30MKI-ն ունի ավելի մեծ հզորություն (ընդհանուր 27,557 կգ/ժամ քարշող ուժ) և մանևրելու հնարավորություն՝ JF-17-ի միաշարժիչ RD-93 շարժիչի (8,300 կգ/ժամ քարշող ուժ) հետ համեմատ։
Su-30MKI-ի առավելագույն 38,800 կգ թռիչքային քաշը թույլ է տալիս տեղափոխել ավելի ծանր բեռ (մինչև 8,000 կգ, ներառյալ առաջադեմ զենքերը, ինչպիսիք են BrahMos հրթիռները)՝ JF-17-ի 13,500 կգ սահմանաչափի և 4,600 կգ բեռի հետ համեմատ։
Լրատվամիջոցն ընդգծում է, որ Հայաստանի համար, որտեղ տարածաշրջանային զարգացող սպառնալիքները փոխում են պաշտպանության առաջնահերթությունները, Su-30MKI-ն ավելին է, քան պարզապես մարտական ինքնաթիռ։ Այն մարմնավորում է ռազմավարական գործընկերություն, որը հիմնված է համատեղ տեխնոլոգիական կատարելագործման, մատակարարման շղթայի անխափան համակարգման և ավելի լայն աշխարհաքաղաքական վերադասավորման վրա։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի