ՌԴ-ն պատրաստվում է Սումիի մարզում հարձակման, 50 հազարից ավելի զորք է կուտակել․ ինչ սպասել․ անդրադարձ
Քաղաքականություն
29.05.2025 | 22:33
Մոսկվայի կողմից Ուկրաինայի հետ սահմանին, այսպես կոչված, «անվտանգության գոտի» ստեղծելու մտադրության մասին հայտարարության ֆոնին՝ ռուսական զորքերը շարունակում են ակտիվ գործողությունները Սումիի մարզի հյուսիսում: Օրերս տարածաշրջանային ռազմական վարչությունը հաստատել էր Ռուսաստանի կողմից չորս սահմանային բնակավայրերի՝ Նովենկոյեի, Բասովկայի, Վեսելովկայի և Ժուրավկայի օկուպացիան: Այս մասին ասվում է DW-ի անդրադարձում։
Ըստ ուկրաինական «DeepState» նախագծի՝ ռուսական զորքերը չեն հրաժարվում առաջխաղացման իրենց փորձերից, նրանք փորձում են հենակետեր հաստատել Բելովոդիում, Լոկնյայում և առաջ շարժվել դեպի Յունակովկա:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մայիսի 27-ին երեկոյան մամուլի հետ զրույցում հաստատել է, որ Ռուսաստանը պատրաստվում է հարձակում Սումիի մարզի վրա։ Նրա խոսքով՝ այդ նպատակով Կուրսկի մարզում կենտրոնացվել են «ամենաուժեղ և ամենամեծ ստորաբաժանումները», զորքերի կուտակումը շարունակվում է Ռուսաստանի սահմանային գոտում։ Սումիի ուղղությամբ նրանց թիվն արդեն գերազանցում է 50 հազարը, սակայն, ըստ նրա, Ուկրաինայի խորքում 10 կմ խորության վրա «անվտանգության գոտի ստեղծելու» համար ռուսները բավարար հնարավորություններ չունեն։
Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդին կից ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնի ղեկավար Անդրեյ Կովալենկոն նույնպես կասկածի տակ է դնում ռուսակա կողմի իրական հարձակողական կարողությունները։ Նրա խոսքով՝ ռուսական քարոզչությունն ավանդաբար «ուռճացնում է դրանք»։
«Իհարկե, սահմանային գոտում մարտերը ծանր և դժվար են թշնամու ուժերի զգալի թվի պատճառով, բայց նրանց կարողությունները շատ հեռու են այն բանից, ինչի մասին բարձրաձայնում են ռուս ռազմական թղթակիցները»,- գրել է Կովալենկոն իր ալիքում։
Ռազմական փորձագետ, New geopolitics research network կազմակերպության տնօրեն Միխայիլ Սամուսը DW-ի հետ զրույցում նույնպես խոսել է «անվտանգության գոտու» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին հայտարարությունից առաջացած չափազանցված սպառնալիքից։ Նրա խոսքով՝ սա նոր բան չէ, քանի որ Մոսկվան նախկինում էլ է հայտարարել նման մտադրությունների մասին, ինչը Ռուսաստանի տեղեկատվական-հոգեբանական գործողության շարունակությունն է։
«Այնտեղ անվտանգության գոտիներ չկան և չեն լինի։ Ռուսներն անընդհատ փորձում են հարձակվել Ուկրաինայի տարածքի վրա։ Ուղիղ մեկ տարի առաջ նրանք փորձեցին հարձակվել Խարկովի մարզի վրա, մտան Վոլչանսկի շրջանում 6-7 կմ խորության վրա, և մեկ տարի անց մենք տեսնում ենք, որ այդպես էլ ամեն ինչ ավարտվեց»,- նշել է Սամուսը։
Փորձագետը ներկայիս իրադարձություններն անվանել է «հակառակ ուղղություններով աշխատանք», քանի որ Ուկրաինայի պաշտպանության ուժերը միաժամանակ մտնում են Ռուսաստանի Դաշնության Բելգորոդի և Կուրսկի մարզերի տարածք։
«Ե՛վ Ուկրաինայի զինված ուժերը, և՛ Ռուսաստանի ԶՈՒ-ն փորձում են սահմանային գոտում զբաղեցնել առավել շահավետ դիրքեր, որտեղից հնարավոր կլինի իրականացնել կրակային և օպերատիվ վերահսկողություն, այդ թվում՝ հետագա գործողություններ իրականացնելու համար, այսինքն՝ գրավել հրամանատարական բարձունքներ, օգտագործելով աշխարհագրական առանձնահատկությունները՝ իրադարձությունների հետագա զարգացմանն առավել արդյունավետ նախապատրաստվելու համար»,- կարծում է Սամուսը։
Նրա գնահատականներով՝ հիմա Ռուսաստանի Դաշնությունը սահմանին բավարար ուժեր չունի Ուկրաինայի խորքը մտնելու համար, իսկ Սումիի սահմանային շրջանի մի մասի օկուպացիան դեռևս Մոսկվային մարտավարական առավելություն չի տալիս։
«Նրանք կփորձեն շարժվել առավելություն ունեցող հրամանատարական բարձունքների ուղղությամբ։ Ուկրաինական բանակը հասկանում է սա և կհակազդի»,- համոզված է փորձագետը։
DeepState UA նախագծի համահիմնադիր Ռուսլան Միկուլայի խոսքով՝ Ռուսաստանի ներկայիս տարածքային նվաճումները Սումիի մարզում «մեծ հաջողություն» չեն՝ հաշվի առնելով նրանց խմբավորման թվաքանակը։ Միևնույն ժամանակ, չնայած Ուկրաինայի պաշտպանության ուժերն «արդեն սովորել են պայքարել գերազանց թշնամու դեմ», ռուսական զորքերի Սումիի մարզի խորքում հետագա առաջխաղացման ռիսկը մնում է, ասում է վերլուծաբանը։ Նրա գնահատմամբ՝ ռուսների հիմնական նպատակը Յունակովկա գյուղն է, որը նրանց համար ռազմավարական նշանակություն ունի։
«Դա մեծ բնակավայր է, որտեղ կան բազմաթիվ տներ և նկուղներ, ինչը հնարավորություն է տալիս կուտակել անձնակազմ։ Ինչո՞ւ նրանք այդքան երկար ժամանակ Նովենկոյեում էին, բայց ոչինչ չէին կարողանում անել։ Որովհետև ամբողջ Նովենկոյեում կա միայն երկու նկուղ, մնացածը փորված դիրքեր են, որտեղ կուտակվելը շատ դժվար է»,- ասել է Միկուլան։
Ըստ նրա տվյալների՝ ռուսական զորքերը հարձակվում են Վլադիմիրովկայից մինչև Լոկնա գծի երկայնքով՝ սահմանակից Յունակովկային։
«Ցավոք, Բելովոդին և Լոկնյան արդեն փաստացի թշնամու վերահսկողության տակ են»,- ասել է փորձագետը՝ հավելելով, որ նախագծի վերլուծաբաններն արդեն գրանցել են Յունակովկայից ընդամենը 230 մետր հեռավորության վրա ռուս զինվորականների խմբի պարտությունը։
Միկուլան նշել է, որ ուժեր կուտակելու հնարավորությունից բացի՝ այս բնակավայրի գրավումը Ռուսաստանի համար կբացի անտառային տարածք տանող ճանապարհը։
«Եթե նրանք մտնեն անտառ, դա շատ խնդիրներ կստեղծի։ Այնտեղ թագավորը նա է, ով ավելի շատ հետևակ ունի, և նրանք մեծ առավելություն ունեն»,- կարծում է վերլուծաբանը։
Նրա գնահատմամբ՝ Յունակովկայի օկուպացիան նոր ռիսկեր կստեղծի քաղաքացիական բնակչության համար, քանի որ Սումիից հեռավորության կրճատումը հնարավոր կդարձնի ռուսական FPV անօդաչու թռչող սարքերի հարձակումները։
«Սումիից հյուսիս գտնվող շրջակա գյուղերում փողային հրետանին կհասնի առավելագույնին։ Իսկ Սումիում մենք կտեսնենք Խերսոնում, Նիկոպոլիում, Կոնստանտինովկայում ստեղծված իրավիճակը, երբ նրանք պարզապես կխփեն ավտոբուսներ և սովորական բեռնատարներ այդ անօդաչու թռչող սարքերով։ Հետևաբար, թշնամու առաջխաղացումը Յունակովկայում մենք չենք կարող թույլ տալ»,- հայտարարել է Միկուլան։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի