Ամերիկացի առաջին Հռոմը պապը, որը քննադատում է ԱՄՆ փոխնախագահ Վենսին․ ինչ է հայտնի կաթոլիկ եկեղեցու նոր առաջնորդի մասին
Քաղաքականություն
09.05.2025 | 16:12
Նոր Հռոմի պապը՝ 69-ամյա Ռոբերտ Պրևոն, որը վերցրել է Լևոն (Լեո) XIV անունը, դարձել է Միացյալ Նահանգներից (և ընդհանրապես Հյուսիսային Ամերիկայից) առաջին պապը։ Նա երկար տարիներ ապրել է Պերուում և ունի այդ երկրի քաղաքացիություն։ BBC-ն իր անդրադարձում մանրամասներ է ներկայացնում նոր Հռոմի պապի մասին։
«Նա ակնհայտ թեկնածուներից չէր, բայց ճանաչում է բոլորին, 30 տարի անցկացրել է միսիոներական առաքելություններում, խոսում է մի քանի լեզուներով: Պերուում անցկացրած տարիները նրան դարձնում են բոլոր ամերիկացի կարդինալներից ամենաքիչ «ամերիկացին»: Բայց նա հասկանում է Ամերիկան և կարողանում է խոսել նրա ժողովրդի հետ, և դա կարևոր է Թրամփի դարաշրջանում»,- այսպես է նկարագրել նոր Պապին բրիտանական Telegraph թերթի Վատիկանի աղբյուրը։
Կաթոլիկ collegeofcardinalsreport.com կայքը նրա հայացքները համարում է նախորդ Հռոմի պապի՝ Ֆրանցիսկոսի հայացքներին մոտ։
Պրևոն ծնվել է Չիկագոյում, բայց հոգևորականի կարիերայի մեծ մասն անցկացրել է Պերուում, սկզբում՝ որպես միսիոներ, ապա՝ որպես արքեպիսկոպոս։ 2015 թվականին նա ստացել է Պերուի քաղաքացիություն և ղեկավարել Չիկլայո քաղաքի թեմը մինչև 2023 թվականը, երբ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը նրան նշանակել է եպիսկոպոսների դիկաստերիայի ղեկավար։ Այս մարմինը պատասխանատու է ամբողջ աշխարհում եկեղեցական ավագ պաշտոնների թեկնածուների դիտարկման համար։
Հռոմում նշանակվելուց կարճ ժամանակ անց Vatican News-ին տված հարցազրույցում ապագա Պապն ասել է. «Ես դեռևս ինձ միսիոներ եմ համարում: Իմ կոչումը, ինչպես յուրաքանչյուր քրիստոնյայի, միսիոներ լինելն է, Ավետարանը հանրահռչակել աշխարհի յուրաքանչյուր անկյունում»:
Նույն հարցազրույցում նա ընդգծել է, որ եպիսկոպոսը պետք է լինի, առաջին հերթին, հովիվ, մոտ իր հոտին, այլ ոչ թե կառավարիչ, և կարևոր է չմեկուսանալ պալատում, այլ բաց լինել մարդկանց հետ շփման համար։
Բաց լինելու սկզբունքին հետևում էր նաև Ֆրանցիսկոս պապը, որի մասին նոր Հռոմի պապ Լևոն XIV-ը հիշատակել է ընտրվելուց հետո ունեցած ելույթում։
«Եկեք հիշենք Հռոմը օրհնող Ֆրանցիսկոս պապի թույլ ձայնը»,- կոչ է արել նա։
Վերջինս երկու անգամ ընտրվել է նաև պրիոր գեներալ, Ավգուստինյան միաբանության՝ Սուրբ Ավգուստինոսի կողմից հիմնադրված 13-րդ դարի կրոնական համայնքի գերագույն ղեկավար։ Ղեկավարել է Լատինական Ամերիկայի Պապական հանձնաժողովը, որը տարածաշրջան է, որտեղ այժմ բնակվում է աշխարհի ամենամեծ թվով կաթոլիկներ։
Հռոմում Պրևոն մասնակցել է Ֆրանցիսկոսի պապի ամենակարևոր բարեփոխումներից մեկին՝ երեք կանանց ընդգրկմանը այն կոլեգիայում, որը քվեարկում է Պապի հաստատմանը առաջադրված եպիսկոպոսների թեկնածությունների վերաբերյալ։
Ընտրություններից առաջ կարծիք կար, որ նրա՝ համեմատաբար երիտասարդ լինելը կարող է նրա դեմ աշխատել. կարդինալները կարող են դժկամությամբ ընտրել այնպիսի Պապի, որի գահակալությունը կարող է տևել երկու տասնամյակ կամ ավելի։
Ինչո՞ւ է քննադատում Վենսի և Սպիտակ տան քաղաքականությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է պատմության մեջ առաջին ամերիկացի Պապին՝ հավելելով, որ դա մեծ պատիվ է Ամերիկայի համար։ Այնուամենայնիվ, համաշխարհային լրատվամիջոցներն ուշադրություն են հրավիրում այն հանգամանքին, որ իր սոցիալական ցանցերում Պրևոն քննադատել է ամերիկյան նոր վարչակազմի քաղաքականությունը առնվազն մեկ հարցի՝ միգրանտների նկատմամբ վերաբերմունքի համար։
2018 թվականին (Թրամփի առաջին ժամկետի ընթացքում) նրա կողմից վերահրապարակված գրառումներից մեկում ասվում էր. «Չկա որևէ քրիստոնեական, ամերիկյան կամ բարոյապես արդարացված բան այն քաղաքականության մեջ, որը երեխաներին խլում է իրենց ծնողներից և նրանց վանդակների մեջ է դնում: Սա արվում է մեր անունից, և ամոթը բոլորիս վրա է ընկնում»:
Մեկ այլ գրառման մեջ, որով կիսվել է Պրևոն, հնչում է հռետորական հարց՝ արդյո՞ք ԱՄՆ վարչակազմը տեսնում է անօրինական ներգաղթյալների նկատմամբ իր քաղաքականության պատճառած տառապանքները։
Այս տարվա փետրվարին նա վիճաբանել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ, որն ասել էր. «Կա քրիստոնեական ըմբռնում. նախ՝ դու սիրում ես քո ընտանիքը, հետո՝ քո հարևանին, հետո՝ քո համայնքը, հետո՝ քո հայրենակիցներին, և միայն դրանից հետո՝ մնացած աշխարհը։ Շատերը ծայրահեղ ձախակողմյանների շարքերում այս ամենն ամբողջովին գլխիվայր շրջել են»։
Ապագա Պապը National Catholic Reporter-ում հրապարակել է հետևյալ վերնագրով սյունակը. «Ջեյ Դի Վենսը սխալվում է. Հիսուսը չի խնդրում մեզ գնահատել մեր սերը»։
Ինչ է հայտնի նրա ծնողների և կարիերայի մասին
Ապագա Պապը ծնվել է 1955 թվականի սեպտեմբերի 14-ին Չիկագոյում։ Նրա հայրը՝ Լուի Մարիուս Պրևոն, Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան էր՝ ֆրանսիական և իտալական ծագումով, իսկ մայրը՝ Միլդրեդ Մարտինեսը, իսպանական ծագում ուներ։
Լրատվամիջոցը գրում է, որ ռուսալեզու լրատվամիջոցներում նոր Պապի ազգանունը տրվել է ֆրանսերեն արտասանությամբ՝ Պրևո։ Սակայն Վատիկանի պաշտոնական կայքը, իր ռուսերեն հաղորդագրության մեջ, պապին անվանում է Ռոբերտ Պրևոստ (այսինքն՝ վերջում գրելով «ս» և «տ» տառերը): Նոր պապի ազգանունը գրվում է «Prevost», այն ֆրանսիական ծագում ունի և ֆրանսախոս միջավայրերում այդպես էլ արտասանվում է։ Սակայն կարդինալը ծնվել է Միացյալ Նահանգներում, որտեղ ոչ անգլերեն ազգանունները հաճախ արտասանվում են այնպես, ինչպես գրվում են։
Ապագա պապը միջնակարգ կրթությունը ստացել է Ավգուստինյան միաբանության փոքր սեմինարիայում 1973 թվականին: 1977 թվականին Վիլանովայի մասնավոր կաթոլիկ համալսարանում մաթեմատիկայի բակալավրի աստիճան ստանալուց հետո նա միացել է Ավգուստինյան միաբանությանը: 1982 թվականի հունիսի 19-ին ձեռնադրվել է քահանա։
Նա աստվածաբանության մագիստրոսի աստիճան է ստացել Չիկագոյի Կաթոլիկ Աստվածաբանական միությունից, իսկ կանոնական իրավունքի լիցենզիա և դոկտորի աստիճան՝ Հռոմի Սուրբ Թովմաս Աքվինացու Պապական համալսարանից։
Ինչպես նշում է National Catholic Reporter-ը, կանոնական իրավունքի կրթությունը կարող է հանգստացնել կաթոլիկ եկեղեցու ավանդույթներին սպառնացող հնարավոր սպառնալիքների մասին մտահոգված սկեպտիկներին։
Պրևոն միացել է Պերուում գտնվող Ավգուստինյան առաքելությանը 1985 թվականին և այդ ժամանակից ի վեր սերտորեն կապված է այդ երկրի հետ։
Նոր Պապը մի քանի լեզու գիտի․ նա խոսում է անգլերեն, իսպաներեն, իտալերեն, ֆրանսերեն և պորտուգալերեն, կարդում է լատիներեն և գերմաներեն։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի