Ինչպես են հրկիզել ավագանու ընդդիմադիր անդամի մեքենան․ Ստեփանյանի պնդմամբ՝ քաղաքական հաշվեհարդար է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.04.2026 | 19:14
Մեր վարչապետի թեկնածուն Վաղարշակ Հարությունյանն է. Ռեֆորմիստներ կուսակցության նախագահ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 19:01
Մանուկ Ադամյանը որոնվում է որպես անհայտ կորած
23.04.2026 | 19:00
Սա նախընտրական հրադադար է Ադրբեջանի հետ․ Փաշինյանին խնայում են մինչև ընտրության ավարտը․ Լևոն Զուրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 18:48
Եթե իշխանափոխության համոզմունք չունենայինք, ռեսուրս ու էներգիա չէինք ծախսի. Հակոբ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 18:37
Թրամփն ԱՄՆ ռազմածովային ուժերին հրահանգել է կրակ բացել Հորմուզի նեղուցն ականապատող իրանական նավերի վրա
23.04.2026 | 18:27
Վերջնական․ ովքեր են հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրել
23.04.2026 | 18:20
Իրանի աքսորյալ թագաժառանգ Ռեզա Փահլավիի վրա Բեռլինում կարմիր հեղուկ են ցողել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 18:10
Աղազարյանի կուսակցությունը չի մասնակցի ընտրություններին // Վթար ավտոբուսի մասնակցությամբ․ ԼՈՒՐԵՐ
23.04.2026 | 18:09
Ծանրամարտի ԵԱ. Անդրանիկ Կարապետյանը` բրոնզե մեդալակիր, Ռաֆիկ Հարությունյանը 7-րդն է
23.04.2026 | 17:59
Վրաստանը հեռացվել է OGP-ից՝ ժողովրդավարության հետընթացի պատճառով
23.04.2026 | 17:51
ՌԴ-ն եվրոպական երկրներին մեղադրել է, իբր, «Կալինինգրադի գրավմանը նախապատրաստվելու մեջ»
23.04.2026 | 17:42
Վճռաբեկ դատարանը բեկանել է Փաշինյանի և ընտանիքի հասցեին բռնության կոչեր հնչեցնելու գործով ուսուցչի արդարացման դատական ակտը
23.04.2026 | 17:41
«Բարսելոնան» հաստատել է, որ Յամալը բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը
23.04.2026 | 17:36
Մայր Աթոռը դատապարտել է Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու ոչնչացումը և ահազանգել նոր սպառնալիքների մասին
23.04.2026 | 17:34
Չգիտեմ` ընդդիմադիր ասելով ինչ նկատի ունեք. Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ժամը 04։00-ի սահմաններում հրկիզել են Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի մեքենան, որը կայանված է եղել տան հարևանությամբ։    

«Պայթյունից ենք արթնացել, էն կարգի ուժեղ էր, որ դիմացի հարևաններն էլ արթնացան, կրակը 2-3 մետր բարձրանում էր, ինչքան կարողացանք՝ ջրով հանգցրինք»,- պատմում է Ստեփանյանը։

Կոտրել են մեքենայի կողային ապակին, բենզին են լցրել ու այդպես փորձել այրել․ ավագանու ընդդիմադիր անդամը պատմում է, որ սա արդեն ոստիկանության ժամանումից հետո է պարզ դարձել։ 

«Ոստիկանության հետ դուռը բացեցինք, արձանագրվեց, որ կար փայտ, որի ծայրին փաթաթած էր բենզինով շոր»,- պատմում է նա։

Բենզինի հետքերն ու սուր հոտը նկարահանման պահին դեռ մնում էին։ Թեև մեքենան  հիմնականում Ստեփանյանի կինն է վարել, երեխաներին դպրոց և մանկապարտեզ տարել, Գևորգ Ստեփանյանն ասում է՝ իրեն էլ են հաճախակի տեսել այս մեքենայի ղեկին և գիտեին, որ իրեն է պատկանում։ Շուրջ 11 մլն դրամ արժեքով մեքենան 2023-ին էին գնել, բայց, նրա խոսքով, նյութական վնասն այս դեպքում այդքան էլ էական չէ։

«Սա իմ տան դիմաց է, ականատես են եղել իմ անչափահաս երեխաները, ես դրա պատասխանը տալու եմ»,- ընդգծում է Ստեփանյանը։

Նա պնդմամբ՝ այս ամենի հետևում քաղաքային իշխանություններն են կանգնած։ Այս դեպքին նախորդել է ավագանու ընդդիմադիր անդամի՝ իշխանություններին ուղղված կոշտ քննադատությունը, որ Շենգավիթ վարչական շրջանի փողոցները նորոգելու համար գումար են հատկացրել, բայց աշխատանքներ չեն իրականացվել։ Այդ մասին մեկ տարի առաջ նաև ավագանու նիստի ժամանակ է բարձրաձայնել։

Տարածքում տեսախցիկներ կան, ոստիկանությունն արդեն առգրավել է դրանց տեսագրությունները, տարել են նաև մեքենայի տեսաձայնագրող սարքի պարունակությունը։ 

Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ գույք ոչնչացնելու կամ վնասելու հոդվածով, որը կատարվել է՝ կապված անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ, և առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել: Այս հանցանքը պատժվում է երեքից վեց տարի ժամկետով ազատազրկմամբ:

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը տեղի ունեցածը կապում է  Գևորգ Ստեփանյանի հանրային, քաղաքական և նրա կարգավիճակից բխող գործունեության հետ։

«Սա «Մայր Հայաստանի» դեմ իրականացվող քրեաքաղաքական հարձակում է, որն առաջին անգամը չէ, և դրսևորվել է տարբեր ձևերով՝ ավագանու անդամի մանդատից ապօրինաբար զրկումից մինչև շինծու քրեական մեղադրանքի առաջադրում, ապօրինի հետապնդումից մինչև ավտոմեքենայի հրկիզում: Այս ամենը հետևանք է ամենաթողության, «բեսպրեդելի» և օրվա իշխանությունների կողմից խրախուսվող հանցագործության: «Մայր Հայաստան» խմբակցությունը, խստորեն դատապարտելով Գևորգ Ստեփանյանի ընտանիքի դեմ իրականացված քստմնելի հանցագործությունը, իրավապահներից պահանջում է շուտափույթ բացահայտել գործը»,- ասված է հայտարարության մեջ։

ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը ֆեյսբուքում դատապարտել է տեղի ունեցածը՝ ընդգծելով, որ շահագրգռված են, որպեսզի մեղավորները բացահայտվեն և օրենքով սահմանված կարգով ենթարկվեն խստագույն պատասխանատվության։

«Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Արամ Թորոսյանը ևս գրել է, որ խստորեն դատապարտում են Գևորգ Ստեփանյանի և նրա ընտանիքի դեմ կատարվածը։

«Հանրային ձայն» խմբակցությունն իր անվերապահ աջակցությունն է հայտնել Գևորգ Ստեփանյանին և նրա ընտանիքին, միաժամանակ, Երևանի ավագանու բոլոր անդամներին կոչ է անում մի կողմ դնել տարաձայնությունները, համախմբվել և պայքարել Գևորգ Ստեփանյանի կնոջ ավտոմեքենայի հրկիզման գործի վերաբերյալ հասարակական վերահսկողություն սահմանելու համար։ «Հանրային ձայն» կուսակցությունն առաջարկում է ավագանու առաջիկա նիստում ներկայացնել տեղի ունեցածը դատապարտող նախագիծ և ընդունել հայտարարություն։

Ավագանու հինգ խմբակցություններից հայտարարություն չի տարածել միայն «Հանրապետություն»-ը։

 Հիշեցնենք՝ նախորդ տարի էլ փորձել էին հրկիզել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ավտոմեքենան, որը դարձյալ տան դիմաց էր կայանված եղել։ Իոաննիսյանն այսօր գրել է, որ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի մեքենայի առերևույթ հրկիզման դեպքի բացահայտման համար ոստիկանությունը պետք է ջանք ու եռանդ չխնայի։  Մեկ տարի անց չեն բացահայտվել Իոաննիսյանի մեքենան հրկիզելու փորձ կատարողը կամ կատարողները․ այդ քրեական գործով անգամ մեղադրյալ չկա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան